Լրահոս
Օրվա լրահոսը

Մակրոնը պետք է օգտագործի ձայնագրությունների արտահոսքը՝ մտահոգություն հայտնելու համար Հայաստանի դատական իշխանության անկախության վերաբերյալ. New Europe

Սեպտեմբեր 14,2018 17:24

Երբեմն դժվար է ապացուցել, որ երկրի քաղաքական առաջնորդները հանձնարարում են կալանավորել կամ հետապնդում իրականացնել, բայց Հայաստանի դեպքում այժմ ունենք ապացույց՝ երկու բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների սենսացիոն արտահոսքի տեսքով, New Europe պարբերականում գրում է Մայքլ Բյուրելը:

Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ հայտնվել է ներքին փոթորկի կենտրոնում այն բանից հետո, երբ YouTube-ում տեղադրվեց ձայնագրություն, որտեղ լսվում է՝ ինչպես են պաշտոնյաները քննարկում նրա կարգադրությունները՝ ապահովելու համար քաղաքական հակառակորդների կալանավորումը:

Զրույցներից մեկում լսվում է՝ ինչպես է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենն ասում՝ վարչապետն իրեն ասել է «փակել» նախկին պաշտպանության նախարարի տեղակալին: Մյուս կողմից անվտանգության ծառայության տնօրենը կարծես նշում է, որ ինքն ազդել է դատավորի վրա. «Դատավորը զանգել էր ինձ: Նա մի փոքր վախեցած էր: Ես նրան ասացի՝ դուխով. ուզես չուզես, կալանավորելու ես»:

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ձայնագրություններն ապացուցում են, որ «դատավորը ճնշման տակ է եղել և ընդունել է ապօրինի որոշում»: Նա ասել է, որ հայկական իշխանությունները իրականացնում են «քաղաքական վենդետա» դատարանների միջոցով, և մեղադրել է վարչապետին իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը «անձամբ համակարգելու» մեջ:

Վերլուծաբանը կարծում է, որ սա իրադարձությունների ցնցող շրջադարձ է: Երբ Փաշինյանը այս տարվա սկզբին եկավ իշխանության, մեծ հույսեր կային, որ նա կլինի նոր տեսակի առաջնորդ, ով երկիրը կդնի ավելի հուսալի ճանապարհի վրա, և որ նա կլինի առաջնորդ, ում հետ Արևմուտքը կկարողանա գործ ունենալ, գրում է հոդվածագիրը:

Փաշինյանն այս շաբաթ պատրաստվում է հանդիպել մեկ այլ եվրոպական առաջնորդի հետ, ում ընտրությունը նույնպես հույսեր էր արթնացրել իր երկրի ավելի լավ ապագայի նկատմամբ: Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետի հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ նախքան այս շաբաթվա ֆուրորը, բայց այն ժամանակավոր հնարավորություն է ապահովում նախագահի համար, ով իրեն դիրքավորել է որպես արևմտյան արժեքների առաջատար պաշտպան, հարցնելու Փաշինյանին՝ ինչպես են այդ արժեքները ներկայում պաշտպանվում Հայաստանում:

Մակրոնը պետք է օգտագործի ձայնագրությունների արտահոսքը՝ մտահոգություն հայտնելու համար Հայաստանի դատական իշխանության անկախության վերաբերյալ և հարցնելու վարչապետի դերակատարությունը՝ նախկին քաղաքական հակառակորդների նկատմամբ հետապնդումների հարցում: Նա կարող է հիշեցնել Փաշինյանին, որ Հայաստանը Եվրախորհրդի անդամ է և, հետևաբար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդարադատության առարկա:

Պետք է հույս ունենալ, որ Հայաստանի վարչապետը կհասկանա, որ Արևմուտքից ստացված աջակցությունը երաշխավորված չէ, այլ կախված է իր և իր կառավարության վարքագծից: Դա նշանակում է, որ եթե նա ցանկանում է պահպանել այդ աջակցությունը, այսուհետ Քոչարյանի նման գործերը պետք է վարվեն եվրոպական արժեքներին համապատասխան, կարծում է հոդվածագիրը:

Բյուրելը հույս է հայտնում, որ դա կազդի այնպիսի մասշտաբի առաջնորդի վրա, ինչպիսին է նախագահ Մակրոնը, վարչապետ Փաշինյանի հետ նստելու և դիտողություններ անելու համար: Անկասկած, մեծաթիվ հայկական սփյուռք ունեցող երկրի նախագահ Մակրոնը շատ դիվանագիտորեն որևէ բան հանրային կերպով չի ասի, բայց չի հապաղի մասնավոր քննարկումներում:

Մակրոնի կողմից արդյունավետ միջամտությունն այս շաբաթ՝ Հայաստանի խրթին ժամանակակից պատմության համար կարևոր շրջադարձային այս պահին, կարող է բավարար լինել՝ համոզելու Փաշինյանին, որ ժամանակն է այլ ուղի ընտրել Արևմուտքի աջակցությունը վերադարձնելու և իր պետության համար ավելի պայծառ ապագա ապահովելու համար, եզրափակում է վերլուծաբանը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930