Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի պատասխանը` Նիկոլ Փաշինյանին. «Ուժեղ մարդը միշտ համեստ է, չափի մեջ է»

Սեպտեմբեր 21,2018 21:21

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավն այսօր ավարտեց Հյուսիսային պողոտայում: Ամփոփիչ միջոցառմանը մասնակցում էր նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Մինչ Գագիկ Ծառուկյանը կժամաներ, ԲՀԿ-ի ակտիվիստները «սեւի եւ սպիտակի» ֆլեշմոբ իրականացրեցին: Դա պատասխան էր իշխող կուսակցության բաժանումների եւ «հայտարարություն» այն մասին, որ ԲՀԿ-ն սպիտակ ուժ է:

Լրագրողների հետ զրույցում, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ չի հավատում «Գելափ ինթերնեյշնլի» այսօր հրապարակած հարցումներին, որոնց համաձայն ԲՀԿ-ն 12 տոկոս ձայն ունի. «Դուք գիտեք, որ այդ արդյունքները բոլորը նկարովի է, արդյունքների մասին հարցրեք ժողովրդին»:

Լրագրողները հետաքրքրվեցին ԲՀԿ-Ռոբերտ Քոչարյան հնարավոր համագործակցության մասին: «Դուք տեսե՞լ եք համագործակցություն: Անընդհատ ուզում եք խառնեք ժողովրդին: Ասում են, եթե Նառային, ԲՀԿ-ին ընտրեցիք, ուրեմն`Ռոբերտ Քոչարյանին… բայց Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ կապ ունի: Ռոբերտ Քոչարյանը հիմա տունն իրա համար հանգիստ նստած է: Գնացիք, բերեցիք, խառնեցիք` հիմա էլ միացնում եք մեզ: Ոչ մի կապ չունի, չի էլ ունենալու: Ես ասել եմ`ժողովուրդ ձեզնից է կախված`կընտրեք, կցանկանաք`կմտնի… «Բարգավաճի» հետ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի: Նա առանձին հայտ է տվել, ասել է, որ ինքը ինչ ձեւաչափով…ինքը ձեզ կասի: Չի կարելի առիթավորվել, մարդուն անընդհատ…»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Հարցին`«սեւ ու սպիտակի» ֆլեշմոբը պատասխա՞ն էր Նիկոլ Փաշինյանի գծած ջրբաժանների: «Բայց խի՞ Նիկոլ Փաշինյանի.. ես ասում եմ`ով ուզում ա լինի, իմ համար միեւնույն է, չի կարելի ազգը մասնատել: Ես հայտարարում եմ, որ թույլ չեմ տա»,-եղավ Գագիկ Ծառուկյանի պատասխանը:

ԲՀԿ-ի կողմից բաժանվող ընտրակաշառքների մասին հարցին էլ, ԲՀԿ նախագահը հակադարձեց. «Ով որ ասում ա`գլուխը պատին է տալիս: Դե որ օրենքը գործում է, թող կալանավորեն: Իրանք ուղարկում են, իրանք էլ ասում են: ԲՀԿ-ի քարոզչությունից սաղ էլ վախեցած են, որովհետեւ գործից ենք խոսում, քաղաքացուց ենք խոսում»:

Մինչ այդ, հանրահավաքում ունեցած իր ելույթում Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ քարոզարշավի առաջին օրը, Նուբարաշենում ինքը հորդորեց հանգիստ տանել քարոզարշավը, մեկը մյուսի վրա ցեխ չշպրտել: «Մենք հանգիստ տարանք, բայց մեր թիմի վրա ցեխ շպրտեցին տարբեր ուղղություններով: Մենք պատասխանը տվել ենք, ցանկացածին կարող ենք պատասխանը տալ, բայց ուժեղ մարդը միշտ համեստ է, չափի մեջ է: Միայն թույլն է, որ ասելու բան չունի, կարող է միայն ցեխ շպրտել: Չի կարելի երեւանցիներին բաժանել խմբերի: Հաջողությունը միասնության մեջ է: Մեկը մեկին վիրավորելով`երկուսն էլ տուժում են, մենք դա թույլ չենք տալու: Ազգը պետք է միավորել ընդհանուր գաղափարի շուրջ»:

Գագիկ Ծառուկյանը նաեւ ասաց. «Հաղթելուց հետո ոչ մի քաղաքապետ չի կարող վաղը աշխատանք սկսի`ասելու են, բյուջեում փող չկա: Բայց մենք աջակցելու ենք եւ անմիջապես սկսելու ենք աշխատանքները, մինչեւ հաջորդ տարվա բյուջեն հավաքվի»:

Այնուհետ խոսեց ԲՀԿ-ի սոցիալական բնակարանաշինության ծրագրից, փոքր ու միջին բիզնեսի զարգացման իրենց պատկերացումներից խոսեց: Ասաց`սուպերմարկետներին տարածք տալու փոխարեն, քաղաքապետարանը թող մանր ու միջին գործարարներին տեղ տա, շինարարական մրցույթները թող արդար կազմակերպեն եւ կառուցապատում իրականացնեն մանր ու միջին հիմնարկները:

Նաեւ նկատեց`հեղափոխությունից հետո մարդիկ ուզում են, որ լավ բան լինի, ինքն էլ ցանկանում է այնպես անել, որ մարդկանց աչքերում ժպիտ լինի, բայց կան «խանգարողներ, բզբզողներ» որ թույլ չեն տալիս. «Ծառուկյանը պաշտոնի համար գլուխ չի ջարդում: Հավատում եք, վստահում եք`ձեր ձայնը տվեք ինձ, չեք հավատում, չեք վստահում`էլի ձեր ցավը տանեմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930