Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Խորհրդի անդամները կասկածում են ռեկտորի դոկտորությանը եւ լեգիտիմությանը

Հոկտեմբեր 30,2018 15:48

2016 թ. հուլիսին կայացավ Հայաստանի պետական տնտե­սա­գի­տական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի ընտրությունը, որը որոշ պնդումների համաձայն, անցել է խախտումներով։ Մինչ օրս իրավիճակը համալսարանում կոնֆլիկտային է:

ՀՊՏՀ խորհրդի այն ժամանակվա նախագահը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր, որի հովանավորությունն էլ վայելում էր բուհի ռեկտորի միակ հավակնորդ Կորյուն Աթոյանը: Ինչպես նախատեսում է ՀՊՏՀ «Ռեկտորի ընտրության ընթացակարգի» 6-րդ կետը, «Խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ քարտուղարը, ԿԳ նախարարությունից ստացական-գրությամբ ընդունում և խոր­հրդի նիստից առնվազն հինգ օր առաջ խորհրդի անդամներին է ուղարկում ռեկ­տորի պաշտոնի յուրաքանչյուր հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի պատճեն­ները»: Սա ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պահանջ է, որով ընտրվում են ՀՀ պետական բուհերի բոլոր ռեկտորները։

Այդ պահանջի համաձայն՝ բուհի խորհրդի նախագահը կամ գիտքարտուղարը պարտավոր են պատվիրված փոստային ծրարով փոստով խորհրդի բոլոր անդամներին քվեարկությունից առնվազն հինգ օր առաջ ուղարկել ռեկտորի թեկնածուների ներկայացրած բոլոր փաստաթղթերի պատճենները։

Aravot.am-ի տեղեկություններով՝ ո՜չ հիշյալ նիստից առաջ եւ ո՜չ էլ նույնիսկ խորհրդի նիստի օրը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնի միակ հավակնորդ Կորյուն Աթոյանի փաստաթղթերի պատճենները սահմանված կարգով չեն ուղարկվել խորհրդի անդամներին։ Ավելին՝ խախտվել է նաև ռեկտորի ընտրության կանոնակարգի 16-րդ կետի պահանջը, որի համաձայն՝ ռեկտորի ընտրության հարցի քննարկումը խորհրդի նախագահը (կամ քարտուղարը) սկսում է պաշտոնի հավակնորդների բոլոր փաստաթղթերի (նյութերի) ներկայացմամբ։

Այնուամենայնիվ, 28 ձայնով (խորհրդի անդամների թիվը 32 է) ռեկտոր ընտրվեց Կորյուն Աթոյանը։

Խորհրդի այն ժամանակվա անդամները (կամ՝ գոնե մի մասը), մտածելով, որ ռեկտոր Աթոյանը վերընտրվում է, արդեն խորհրդի նախորդ կազմի կողմից նրա փաստաթղթերը հիմնովին ուսումնասիրված եւ ստուգված են, նիստի ընթացքում նրա փաստաթղթերը ստանալու պահանջ չդրեցին: Քվեարկությունից հետո ՀՊՏՀ կառավարման խորհրդի անդամներից մի քանիսը, սակայն, ցանկացել էր տեսնել ռեկտորի թեկնածուի փաստաթղթերը, սակայն խորհրդի քարտուղար Նաիրա Դարբինյանը հրաժարվել էր տրամադրել, եւ բուհի խորհրդի որոշ անդամներ ստիպված ինքնուրույն էին ուսումնասիրել Կորյուն Աթոյանի փաստաթղթերը ու դրանց հիմքերը։

Ինչպես նրանք փոխանցեցին Aravot.am-ին, պարզվել էր՝՝ ռեկտորի դոկտորական ատենախոսությունը իր պաշտպանության տարվանից (1996թ.) 22 տարի առկա չէր Ռուսաստանի Դաշնության պետական գրադարանում, ավելի ուշ ՌԴ Պետական գրադարանի կայքէջում ավելացվել է նշում, որ ատենախոսությունը հեղինակի օրինակն է, այլ ոչ՝ «Պարտադիր օրինակը»:

Հավելենք, որ ՀՊՏՀ խորհրդի նախկին մի քանի անդամների կողմից սկսվել է ՀՀ իրավապահ մարմիններին ուղղված դիմումի ստորագրահավաք՝ իրենց կողմից բացահայտված փաստերի առնչությամբ` ընտրության արդյունքը անվավեր ճանաչելու, այս պատմության մեջ մեղավորների գործողություններին իրավական գնահատական տալու և պատասխանատվության ենթարկելու համար:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի նախկին դեկան, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Միխայիլ Թավադյանը Aravot.am-ին ասաց, որ որպես խորհրդի անդամ փաստաթղթային փաթեթը չի ստացել. «Մենք ստացել ենք միայն Կորյուն Աթոյանի կենսագրականը եւ օրակարգը, այդքան բան»:

ՀՊՏՀ «Դրամավարկային քաղաքականություն եւ տնտեսական աճ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Աշոտ Մաթեւոսյանը եւս Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ինքը նույնպես ոչինչ չի ստացել. «Ես փաստաթղթերի պատճենը չեմ տեսել, չի էլ ուղարկվել: Քանի որ ռեկտորը երկրորդ անգամ էր վերընտրվում, ուղղակի էթիկայից ելնելով՝ մենք կարծել ենք, որ այդ ամենը, ըստ օրենքի եղել է: Մեզ միայն օրակարգն է ուղարկվել»:

Խորհրդի քարտուղար Նաիրա Դարբինյանը մեզ վստահեցրեց, որ բոլորին սահմանված կարգով ուղարկվել է փաթեթը: Իսկ այն պնդմանը, որ իրենից պահանջվել է ու ինքը չի տրամադրել, տիկին Դարբինյանը պատասխանեց . «Ոչ մի փաստաթղթային խնդիր չկար, բոլոր փաստաթղթերը բոլորին ուղարկվել է նիստից առաջ»:

ՀՊՏՀ ներկայիս պրոռեկտոր, խորհրդի նախկին անդամ Պարույր Քալանթարյանն ասաց, որ ինքը խորհրդի անդամ չէ եւ մեր հարցի հասցեատերը ինքը չէ. «Դա հարցրեք կառավարման խորհրդի քարտուղարին: Ես այնքան շատ գործ ունեմ, որ նման բաների հետեւից չեմ ընկնում»:

«Թող իրավապահ մարմինները պարզեն՝ օրինական է ընթացել, թե ոչ: Ոչ միայն փաստաթղթերը պետք է ուղարկվեին, այլեւ հատ-հատ նիստի ընթացքում խորհրդի նախագահը պարտավոր էր դա ներկայացնել խորհրդի անդամներին, ինչը չի եղել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար Ատոմ Մարգարյանը: Հավելեց, որ մինչ օրս չի տեսել այդ փաստաթղթերը, պահանջել է եւ չի ստացել:

Քանի որ պարոն Աթոյանը երկու օր շարունակ մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում, իրեն ուղղված հարցերը գրավոր ուղարկեցինք բուհի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Գեւորգյանին: Նա խոստացավ համապատասխան մեկնաբանություն տրամադրել աշխատանքային օրվա ընթացքում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031