Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մարզերում մահերը սկսել են գերազանցել ծնունդներին

Նոյեմբեր 02,2018 19:53

Արտակ Մարկոսյան

Պ.գ.թ., ժողովրդագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Մինչ Հայաստանի քաղաքական կյանքը փոթորկվում է և բոլորը պատրաստվում են գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, երկրի ժողովրդագրական գործընթացներում շարունակվում են բացասական երևույթները:

2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 3.500  մարդով, և հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 969,2 հազար մարդ: Ընդ որում, տվյալ ժամանակահատվածում միգրացիայի ցուցանիշը բացասական է եղել 10.500 մարդով, և բնակչության թվաքանակի առավել նվազմանը նպաստել է 2018թ. հունվար-սեպտեմբերին ձևավորված բնական աճի 7.400 մարդ դրական ցուցանիշը:

Դեռևս շարունակվում է 2014թ.-ից ծնունդների նվազման գործընթացը, և 2018թ. առաջին 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում գրանցվել է 4,2 տոկոս անկում: Ծնունդները բացարձակ ցուցանիշով կրճատվել են 1.173-ով: Թեև հաշվետու ժամանակաշրջանում բնական աճի ցուցանիշն աճ է արձանագրել 1,9 տոկոսով, սակայն դա տեղի է ունեցել մահացածների 6,4 տոկոս նվազման շնորհիվ:

Ծնունդների թվի նվազմանը զուգահեռ շարունակվում է ամուսնությունների թվի նվազումը, որը 2018թ. 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 3,2 տոկոսով:

Սակայն ամենամտահոգիչը պետք է համարել այն, որ ՀՀ 2 մարզում՝ Լոռիում և Տավուշում, արձանագրվում են բնակչության դեպոպուլյացիայի միտումներ՝ այսինքն մահերը սկսել են գերազանցել ծնունդներին: Մասնավորապես Լոռիում մահերը գերազանցել են ծնունդներին 165, իսկ Տավուշում՝ 46 մարդով: Այդ մարզերը ռազմավարական կարևոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար, քանի որ սահմանամերձ  Տավուշը, օրինակ, անմիջականորեն սահմանակցում է Ադրբեջանին:

Հանրապետության տարաբնակեցման նորմերի խախտման հետևանքով ՀՀ-ում ծնվող նորածինների 40 տոկոսը բաժին է հասնում մայրաքաղաք Երևանին, իսկ բնական աճի ցուցանիշով այն ավելի բարձր է՝ 58 տոկոս: Բնական աճի այդ հարաբերակցության տարբերությունը բացատրվում է մարզերում մահացության բարձր ցուցանիշներով:

Ինչ վերաբերում է սահմանատուների ցուցանիշներին, ապա 2018թ. առաջին 9 ամիսներին այն բացասական է եղել 15.695 մարդով, չնայած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշը բարելավվել է  71 տոկոսով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930