Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Թանկարժեք փողկապներ, օծանելիք, շապիկներ եւ Iphone 8. ի՞նչ գնումներ է իրեն թույլ տվել Նուբարաշենի հոգեբուժարանը

Դեկտեմբեր 07,2018 23:05

Վերջերս Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում(նախկինում՝ Նուբարաշենի հոգեբուժարան) 2017-2018թթ.-ին՝ արդեն նախկին տնօրեն, Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի օրոք, ուշագրավ փաստեր են արձանագրվել. մասնավորապես, նախկին տնօրենի օրոք կենտրոնը գնել է մոտ 1 միլիոն դրամի վերնաշապիկ, փոխկապ, հուշանվեր, հարդաջուր եւ այլ պարագաներ: Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Վարդանյանից, որը, որպես տնօրենի պաշտոնակատար աշխատում է նոյեմբերի մեկից, իսկ հուլիսից կենտրոնում աշխատել է որպես աշխատակազմի ղեկավար, Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչ գնումներ են կատարվել եւ ինչպես են փորձում իրավիճակը շտկել:

Կարեն Վարդանյանը տեղեկացրեց. «Գնվել են վեց պսակներ՝ 50, 35 եւ 40 հազար դրամ արժողությամբ: Իմ տվյալներով՝ այդ ժամանակահատվածում կենտրոնի աշխատակիցներ չեն մահացել, այսինքն՝ այդ պսակներն այլ տեղեր են տարվել: Նախկին տնօրեն Գագիկ Միրիջանյանի օրոք գնվել են նաեւ փողկապներ(1-ը՝ 164 000, 2-ը՝ ընդհանուր 85 000, 3-ը՝ ընդհանուր 96 000 դրամ արժողությամբ), հուշանվերներ՝ ընդհանուր 280 000 դրամի, օծաջուր եւ հարդարաջուր՝ ընդհանուր 105 000 դրամի, փողկապ+վերնաշապիկ՝ ընդհանուր 142 000 դրամի:

Գնվել են նաեւ 720 000 դրամի թատրոնի տոմսեր: Այդ գումարն այս պահին որպես պարտք է, եւ մենք հրաժարվել ենք այն վճարել, ինչպես նաեւ՝ փողկապներից մեկի պարտքը, որը 96 000 է: Բացի այդ, «Բիլայնի» հետ ծառայությունների դիմաց կնքվել է պայմանագիր՝ մոտ 2,5 միլիոն դրամի, որի շրջանակում կենտրոնին տրվել է 40 հեռախոս եւ «Այֆոն 8»: 40 բջջային հեռախոսները եւ սիմ-քարտերը չեն օգտագործվել, այլ օգտագործվել է միայն «Այֆոն 8»-ը: Ամեն ամիս հիմնարկը «Բիլայնին» վճարել է 155 000 դրամ, եւ պարզ չէ, թե՝ ինչի համար: Պայմանագիրը լուծարվել է»:

Հետաքրքրվեցինք՝ «Այֆոն 8»-ը տրվել է այդ ծառայությունից օգտվելու համա՞ր, Կարեն Վարդանյանը պատասխանեց՝ «այո»: Նա նշեց, որ թվարկված գնումները կենտրոնի համար չէին կարող նպատակային լինել. «Կենտրոնում շատ վնասներ են եղել, մի քանի դեպքի առթիվ քրեական գործեր են հարուցվել, որոնցից մեկը վերաբերում է հիմնարկից դեպի հարակից կահույքի արտադրամաս գնացող «լեվի» ջրագծին, որի հայտնաբերումը մեզանից շատ ժամանակ եւ ներուժ պահանջեց: Ներկայում հիմնարկն ունի ամսական մոտ մեկ միլիոն դրամի խնայողություն: Ոչ նպատակային այլ ծախսեր էլ են եղել, օրինակ՝ 59 միլիոն դրամի թխվածքաբլիթ: Այդ դեպքում էլ քրեական գործ է հարուցված»:

Կարեն Վարդանյանը տեղեկացրեց, որ հիմնարկը նախկին տնօրեն Գագիկ Միրիջանյանից պարտքեր է ժառանգել. «Գագիկ Միրիջանյանից ժառանգվել է 82 միլիոն դրամի մատակարարների պարտքեր, 30մլն դրամ պետական շահաբաժնի չվճարած պարտք(որը ձեւավորվել է սխալ կառավարման արդյունքում) և 2016-2017 և 2017-2018 թվականների աշխատակիցների չհատկացված արձակուրդներ։ Եղել են դեպքեր, երբ մարդն արձակուրդ է գնացել և նշել, որ տեղյակ է, որ չի վճարվելու այս պահին: Պարտքի ընդհանուր թիվը 112 միլիոն դրամ է եղել: Որքան էլ, որ աշխատեցինք պարտքերը փակելու ուղղությամբ, կենտրոնն, այնուամենայնիվ, այս պահին դեռեւս 60 միլիոն դրամի չափով պարտք ունի»: Պարոն Վարդանյանը նաեւ ասաց, որ անհարկի գնումների փաստերը պարզվել են իր կողմից. կան գնումների համապատասխան փաստաթղթերը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31