Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն բարեփոխումների իրական նախաձեռնողը Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան է

Դեկտեմբեր 08,2018 19:30

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը բազմիցս անդրադառնում են Հայաստանում հակակոռուպցիոն պայքարին ուղղված իրենց նախընտրական ծրագրերին, նախատեսվող քայլերին, եղան նաև հայտարարություններ, որոնցով քաղաքական ուժի ներկայացուցիչն արդեն իսկ կատարված հակակոռուպցիոն օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությունը վերագրեցին այլ անձանց:

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հակակոռուպցիոն օրենսդրական մի շարք բարեփոխումներ են կատարվել և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ներկայացնում է, թե ինչպես են դրանք կյանքի կոչվել:

Քառօրյա պատերազմից հետո, երբ հակակոռուպցիոն իրական պայքարի պահանջը լրջորեն դրվեց հասարակության կողմից,  Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիան կոալիցիան կառավարությանը ներկայացրեցin կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհային քարտեզ՝ բաղկացած 6 քայլից:

Այդ քայլերն են ապօրինի հարստացման քրեականացումը, կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմնի ստեղծումը, ազդարարների իրավունքների պաշտպանությունը, իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը, վարչական կոռուպցիայի դեմ պայքարի հակակոռուպցիոն կենտրոնների վերագործարկումը և բիզնես ոլորտում կոռուպցիոն ռիսկեր նվազեցումը։

Ճանապարհային քարտեզում նշված կետերը թեև ընդունելի են եղել նախորդ կառավարության կողմից, սակայն ոչ բոլորն են իրականացվել: Այսպիսով, քրեականացվել է ապօրինի հարստացումը, ներդրվել է ազդարարների ինստիտուտը, իրական սեփականատերերի բացահայտման ինտիտուտը ներդրվել է միայն պետական գնումների ոլորտում:

Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն անկախ մարմին ունենալուն, ապա Կոալիցիան կառավարությանը ներկայացրել է փորձագիտական կարծիք՝ տարբեր երկրներում գործող երկու տիպի՝ կանխարգելիչ (կրթական, կանխագելիչ ֆունկցիաներ) և ունիվերսալ մարմինների վերաբերյալ (կրթական, կանխարգելիչ և օպերատիվ-հետախուզական ֆունկցիաներ):

Թեև Կոալիցիան հակված էր ունիվերսալ մոդելին, սակայն սեղանին դրված երկու մոդելներից գործադիրն ընտրեց հակակոռուպցիոն կանխարգելիչ անկախ մարմնի մոդելը, որը, նախատեսվում էր, ձևավորված պետք է լիներ մինչև այս տարվա ապրիլ ամիսը, սակայն քաղաքական գործընթացների պատճառով դեռևս չի ստեղծվել:

Քանի որ ընտրապայքարին մասնակցող քաղաքական չորս ուժ (այդ թվում և ներկայիս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցությամբ ձևավորված «Իմ քայլը» դաշինքը) արդեն իսկ հայտարարել է հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին ունենալու մասին, ապա կարելի է ենթադրել, որ ԱԺ ընտրություններից հետո կձևավորվի հենց այս մոդելի մարմինը:

Նշենք, որ թե՛ մինչև թավշյա հեղափոխությունը, թե՛ դրանից հետո Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կառուցողական երկխոսություն է ունեցել կառավարության անդամների հետ՝ հանուն արդյունավետ հակակոռուպցիոն մեխանիզմների մշակման և կիրարկման վերաբերյալ:

Կոալիցիան կոչ է անում քաղաքական գործիչներին լինել բարեխիղճ և չանցնել բարեվարքության սահմանները և միևնույն ժամանակ գնահատում է ոլորտում բարեփոխումներ անելու քաղաքական կամք դրսևորած թե՛ նախկին,  թե՛ ներկայիս  պաշտոնատար բոլոր անձանց գործունեությունը:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը կից տեսանյութում մանրամասն ներկայացնում է, թե ինչպես են նախաձեռնվել և իրականացվել հակակոռուպցիոն օրենսդրական բարեփոխումները վերջին երեք տարիների ընթացքում:

Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիա. հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2014թ.-ի նոյեմբերի 28-ին, որին անդամակցում է շուրջ 97 ՔՀԿ-ներ` Երևանից և ՀՀ մարզերից: Կոալիցիան հիմնադրվել է Եվրոպական Միության աջակցությամբ իրականացված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31