Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելության անդամներին

Դեկտեմբեր 08,2018 23:44

Դեկտեմբերի 8-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետևելու նպատակով Երևան ժամանած Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակությանը՝ Եվրախորհրդարանի փոխնախագահ Հեիդի Հաուտալայի գլխավորությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով, որ ժողովրդի կողմից կառավարությանը տրված լայն մանդատի գերակա ուղղություններն էին արդարադատության, օրենքի գերակայության ամրապնդումը, սոցիալ-տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների երաշխավորումը: Որպես կարևոր հնագրվան՝ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն առանձնացրեց ժողովրդի կամքն արտահայտող և միջազգային չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Հյուրերի խնդրանքով՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, որոնց հիմքում ընկած է շարունակականության սկզբունքը՝ ուղղված Հայաստանի ազգային շահի պաշտպանությանը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակության անդամները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։ ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացման համատեքստում կարևորվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի:

Զոհրաբ Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31