Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ով մենակ 10 հազար հատ պարկուճ է կեղծվել էս նույն փորձագիտական կենտրոնի կողմից, իմ գրպանից 18 հատ են հանում». «Մանախի» դատը

Դեկտեմբեր 17,2018 23:40

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, ինչպես տեղեկացրել ենք, Արթուր Այվազյանի՝ Մանախի եւ «Ելք» դաշինքի քարոզիչների միջեւ կոնֆլիկտի վերաբերյալ դատավարության ընթացքում  որպես վկա հարցաքննվել էր ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ Արմինե Աբաջյանը: Աբաջյանից հետո դատարանում ցուցմունք տվեց նույն վարչության փորձագետ Դավիթ Թովմասյանը:

Փորձագետ Աբաջյանը դատարանում ասել էր, որ երբ իրեղեն ապացույցները իրենց են բերել փորձաքննելու, փաթեթներից մեկը կողքից բաց է եղել: Դավիթ Թովմասյանը, ըստ էության, կրկնեց Աբաջյանի խոսքերը, ասելով, որ այդ փաթեթը կտրված է եղել իրենց վարչությունում՝ ստուգելու համար՝ թա՞ց է, թե՞ չոր. «Երբ թաց է լինում, ասում ենք, որ քննիչը կամ հետաքննիչը տանի չորացնի, բերի հագուստները: Եթե թաց է լինում, պոլիէթիլենային տոպրակի մեջ նեխման պրոցես է գնում ու այդ իրեղեն ապացույցները դառնում են անպիտան, այդ նպատակով ուղարկում ենք հետ, որ չորացնեն: Փաթեթը մենք վերցրել ենք չհրկիզվող պահարանի մեջից»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու չեն արձանագրել եզրակացության մեջ, որ փաթեթի ամբողջականությունը խախտված է եղել՝ Դավիթ Թովմասյանը պատասխանեց՝ «դրա կարիքը չկար արձանագրելու, որովհետեւ եթե մեր վարչություն մտներ՝ փաթեթի ամբողջականությունը խախտված՝ կարձանագրեինք, բայց, քանի որ մեր վարչության աշխատողն էր արել, պրակտիկան այնպիսին է, որ այդ դեպքում չենք արձանագրում… Մենք հագուստի վրա նայեցինք, տեսնեինք՝ կտրող, ծակող առարկայի հետքեր չկան, միանգամից փաթեթավորեցինք»:

Մանախը՝ Արթուր Այվազյանն ասաց. «Իմ համար սենսացիոն էր ձեր հայտարարությունը, որ տալիս եք քննիչին շորերը, որ տանի չորացնի: Էս գործը նորից վերաբացվելու է, միգուցե հետո պարզվի, որ էս հագուստն էլ է կարող է երկրորդ շրջան կատարել: Բա դուք, որ հետ եք ուղարկում շորերը չորացնելու, մտահոգություն չունե՞ք, որ քննիչը, որը կարող է չտիրապետի փորձագիտական ու մասնագիտական հմտություններին, միգուցե պլիտի վրա չորացնի ու վնասի այն կարեւոր հետքերը, որից կփոխվի ամբողջ քրեական գործի հետագա ճակատագիրը»:

Փորձագետը պատասխանեց, որ իրենց քննիչները նման բան չեն անի՝ «պլիտայի վրա» իրեղեն ապացույց հագուստները չեն չորացնի: Այվազյանի խոսքով՝ «Քանի դեռ այս գործը դեռ բացահայտված չի ու ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, ես պնդում եմ, որ այդ հանցանշանները ստեղծվել են: Միգուցե վաղը պարզվի: ՀՔԾ-ն գործը կարճել է՝ պատճառաբանելով, որ հանցակազմ չի գտնում, չի գտնում հանցագործություն կատարած անձ, բայց, ըստ էության, հանցագործություն կատարվել է եւ մեղադրանքը ինձ է առաջադրված: Ես հիմա պնդում եմ, որ հանցանշանները ստեղծվել է կա՛մ նախաքննական մարմնի կողմից, կա՛մ ստեղծվել է փորձագիտական կենտրոնում, առավել եւս այն դեպքում, երբ սենց բարձիթողի վիճակ է:

ՀՔԾ-ի քննությունից պարզ դարձավ, որ մի հատ երրորդ մարդ, որը առնչություն չուներ էս գործի հետ, փաթեթը բացել է ու փամփուշտները հայտնվել են: Այն դեպքում, երբ ես մի քանի անգամ անձնական խուզարկության, զննության եմ ենթարկվել, իմ մոտից ոչինչ չի հայտնաբերվել: Հիմա պարզվում է՝ ռազմամթերք է հայտնաբերվել: Իմ կասկածները հաստատվում են: Կոնկրետ այս փորձագիտական կենտրոնի կողմից հիմա հայտարարվում է, թե ինչ ապացույցներ են կեղծվել Մարտի 1-ի հետ կապված: Հիմա ինձ հետաքրքիր է՝ էդ հայտնաբերված փամփուշտների վրա կարող է լիներ մի մատնահետք, գոնե կհասկանայինք էդ դնողն ով է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ էդ փամփուշտները եղել են տարբեր:

Տպավորություն է, որ ով տունը ինչ փամփուշտ ունեցել է, շուտ բերել դրել է, որ մի ժամվա մեջ հանցանշան ստեղծի: Մի տարուց ավելի է՝ չեն գտել, թե պատրոնները ով է դրել: Ոչ նախաքննությամբ պարզվեց, ոչ քրգործով, ոչ էլ դատաքննությամբ է ուզում պարզվի, բա ես ո՞նց նայեմ սրան: Մարտի 1-ով մենակ 10 հազար հատ պարկուճ է կեղծվել էս նույն փորձագիտական կենտրոնի կողմից, իմ գրպանից 18 հատ են հանում, ես չհասկանա՞մ ոնց է դա եղել: ՀՔԾ-ն չի պարզում, նախաքննական մարմինը չի պարզել, դատախազության վեջը չի, դատարանն էլ ասում է՝ մի օր կբացահայտվի: Ես ժամանակ չունեմ, հո ցմահ չեմ ապրելու, հավերժական չե՞մ ապրում»:

Ինչպես տեղեկացրել ենք, հաջորդ դատական նիստին դատարան է հրավիրվելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Մանախին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Անդրանիկի փողոցում «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ «պահել է ապօրինի ձեռք բերած ատրճանակ՝ «անթաքույց արհամարհանք դրսեւորելով հասարակության նկատմամբ»: Ըստ մեղադրանքի, նա բռնությամբ զուգորդված խուլիգանություն է արել՝ Քր․ Օր-ի 258 հոդված, մաս երկրորդ, եւ ապօրինի զենք է կրել՝ 235 հոդված, մաս 1-ին։ Դեպքը տեղի էր ունեցել 2017-ի ԱԺ ընտրություններից երկու օր առաջ՝ մարտի 31-ին, կեսգիշերին մոտ։ «Ելքի» անդամներ Նիկոլ Փաշինյանը եւ Հայկ Սարգսյանը ոստիկանությանը հայտնել էին, որ Արթուր Այվազյանը հարձակվել է իրենց վրա քարոզչություն իրականացնելու ժամանակ, գողացել է իրենց դրոշները, ատրճանակ է պահել Հայկի վրա։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31