Եղվարդի Նատի թաղամասում գտնվող «Ռիվալ» չրերի արտադրության ընկերությունից Aravot.am-ին ահազանգեցին, որ չնայած շինարարությունը դադարեցնելու վարչական ակտին՝ «Արմօյլ» նավթամթերքի արտադրամասը շարունակում է կառուցվել:
Հիշեցնենք, որ դեռեւս 2017թ.-ից այս գործարանի կառուցման շուրջ աղմուկ էր բարձրացել. Նատիի բնակիչները եւ հարակից սննդամթերքի արտադրության աշխատակիցները պարբերաբար բողոքի ցույցեր էին անում՝ ահազանգելով, որ գործարանի արտադրությունը վտանգավոր է իրենց կյանքի եւ կենցաղի համար:
Դեռեւս դեկտեմբերի 17-ին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի որոշմամբ՝ «Արմօյլ»-ը պարտավորեցվել էր դադարեցնել աշխատանքները, մինչեւ որ կներկայացվի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) դրական եզրակացությունը:
«Նավթամթերքի վերամշակման գործարանի շինարարությունը ոչ մի օր չի դադարել, մինչդեռ Տեսչական մարմինն այն կասեցնելու որոշում էր կայացրել: Գործարանում նոր մասնաշենք են սարքում, սարքավորումներ տեղադրում: Մինչ օրս եղել են պատկան մարմինների մի շարք որոշումներ, որոնք, չգիտես ինչու, ազդեցություն չեն ունենում շինարարության վրա: Դիմել ենք բոլոր գերատեսչություններին, նաեւ՝ ոստիկանությանը: Ամեն անգամ գործը հասնում է քննչական մարմին եւ «սառում», իսկ ապօրինի շինարարությունը շարունակվում է մեր հարեւանությամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ռիվալ» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ելիզավետա Ասատրյանը:

Ելիզավետա Ասատրյանն ընդգծեց՝ աշխատակիցները եւ Նատիի բնակիչները դեռ հույս ունեն, որ պետությունը չի թույլատրի ապօրինի շինարարության շարունակումը. «Ներդրումների եւ աշխատատեղերի գովազդային արշավի հաշվին փորձում են ցույց տալ, թե լավ բան են անում, բայց գործարանի հարակից տարածքում՝ 30 մետր հեռավորության վրա, 200 բնակիչ է ապրում, կան մոտ ութ սննդի արտադրություններ: Բնակիչներն էլ պարբերաբար լրատվամիջոցներով խնդրի մասին բարձրաձայնում են, բայց հարցին լուծում չկա: Աշխարհում նման գործարանները կառուցվում են բնակավայրերից հեռու, անապատային տարածքներում, իսկ մեր մոտ չգիտես ինչու՝ բնակավայրի կողքին»:Gitutyunneri-akademia-ckan-1
Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ Բնապահպանության նախարարությունը գործարանի՝ ՇՄԱԳ փորձաքննության գնահատման փաստաթղթերը երկու անգամ վերադարձրել է՝ լրակազմման:bn- namaki patasxan
«Գործարանը նաեւ տեխնիկական անվտանգության փորձաքննություն չի իրականացրել: Պատկերացնո՞ւմ եք՝ հանկարծ հրդեհ լինի…»,-եզրափակեց Ելիզավետա Ասատրյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Aravot.am-ը պատրաստ է լսել նաեւ «Արմօյլ»-ի տնօրինության մեկնաբանությունը


















































