Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց հիմա դաժե Նաիրա Զոհրաբյանի կենացն ենք խմում, որ ինքն ինձ այդ չորս պատից դուրս հանեց». բանտից ազատված դատապարտյալ

Փետրվար 08,2019 22:45

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում կայացրեց դատարանի դահլիճից ազատ արձակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Անդրանիկ Գևորգյանին:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը երկու օր առաջ այցելել էր«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ երկու դատապարտյալ հացադուլ էին հայտարարել: Նրանցից մեկը Անդրանիկ Գևորգյանն էր: Նա բողոքում էր իր առողջական խնդրից և նրանից, որ համաներումն իր վրա պիտի տարածվեր, սակայն չի տարածվել: Այդ ժամանակ Անդրանիկ Գևորգյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ վստահելով միայն Նաիրա Զոհրաբյանին, դադարեցնում է հացադուլը:

Aravot.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը սա աննախադեպ բան համարեց ու մանրամասնեց. «Փաստորեն դատարանն ընդունել է, որ իսկապես օրինաչափ է եղել դատապարտյալի պահանջը, որ համաներումն իր վրա պիտի տարածվեր և չի տարածվել և իմ միջնորդությունը հարգվել է»:

Զրուցեցինք նաև Անդրանիկ Գևորգյանի հետ: Նա զրույցն այսպես սկսեց. «Եթե Նաիրա Զոհրաբյանը չլիներ, ես նորից այնտեղ կլինեի: Հենց հիմա դաժե Նաիրա Զոհրաբյանի կենացն ենք խմում, որ ինքն ինձ այդ չորս պատից դուրս հանեց: Նաիրա Զոհրաբյանն այցելեց ինձ, ես հացադուլի մեջ եմ եղել, նույնիսկ «Իմ քայլը» դաշինքից եկել են ինձ մոտ, ասել են հացադուլից դուրս արի, բայց դուրս չեմ եկել, սակայն Նաիրա Զոհրաբյանի խնդրանքով ես դուրս եմ եկել հացադուլից: Վստահել եմ իրեն, որ ինքն իմ հարցին լուծում կտա և ինքն այնպես արեց, որ իմ հարցին լուծում տրվեց: Բայց որ այսպես հնարավոր էր արագ ու օպերատիվ այս հարցին լուծում տալ, սա ինձ համար հրաշք է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728