Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. Բաքուն ու Երևանը բանակցում են փակ դռների ետևում. Lenta.ru

Փետրվար 14,2019 19:30

Հայաստանն ու Ադրբեջանը գաղտնի բանակցություններ են սկսել Լեռնային Ղարաբաղի ճակատագրի շուրջ: Այդ հակամարտության կարգավորման գործընթացը երկար տարիներ տեղում դոփում էր, իսկ 2016թ. բանը հասավ ռազմական գործողությունների վերսկսմանը: Բայց այսօր փոխհրաձգություններին փոխարինելու է եկել համեմատական անդորր, իսկ ագրեսիվ հայտարարությունները փոխարինվել են փափուկ հռետորաբանությամբ: Հնարավոր է, կողմերից մեկի մոտ համոզիչ փաստարկներ են հայտնվել, կամ ինչ-որ մեկը որոշել է զիջումների գնալ, իսկ գուցե կողմերն ի վերջո հասունացել են այնքան, որ վերջապես վերացնեն այդ հակամարտությունը, քանի դեռ Կովկասում հերթական պատերազմը չի բռնկել, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն է վերլուծում Lenta.ru գործակալությունը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հարավային Կովկասի առանցքային խնդիրներից մեկն է և Հայաստանի ու Ռուսաստանի, ինչպես նաև Ադրբեջանի ու Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների կարևորագույն բաղադրիչը: Այն նաև փակ սահմանների հիմնական պատճառն է, հսկայական հոդված երկու երկրների բյուջեների ծախսերում, և որ ամենատխուրն է, այստեղ շարունակում են մարդիկ զոհվել:

Ձգձգվող գործողությունների այդ ռումբը քիչ էր մնում պայթեր 2016թ. ապրիլին. այդ ժամանակ հակամարտության ոչ երկարատև սրումը հանգեցրեց հարյուրավոր զինվորների և քաղաքացիների մահվան: Ղարաբաղում քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ այդ հրաբուխը դեռ միայն քնած է: Եվ ոչ ոք չի ցանկանում, որպեսզի այն արթնանա: Ու թվում է՝ մտածելու բան չկա. պետք է պայմանավորվել և այդ խնդիրը մեկընդմիշտ լուծել: Բայց այնպես, որ և՛ գայլերը կուշտ լինեն, և՛ ոչխարները ողջ: Ու հենց այստեղ էլ սկսվում են խնդիրները:

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը չկարողացան կիսել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի 12 հազար քառակուսի կմ տարածքը և սկսեցին պատերազմ, շարունակում է հոդվածագիրը: Այն շարունակվեց երեք տարի, խլեց տասնյակ հազարավոր զինվորների ու խաղաղ բնակիչների կյանք և ավարտվեց 1994թ. այնպես, որ անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղն այդպես էլ մնաց անորոշ կարգավիճակով: Կողմերը նստեցին բանակցությունների սեղանի շուրջ, որոնք շարունակվում են մինչ այժմ, բայց դա ոչ մի բանի չհանգեցրեց. Ղարաբաղը ոչ մեկի կողմից չի ճանաչվել, բայց դե ֆակտո Հայաստանի մաս է, ինչի հետ Ադրբեջանը արմատապես համաձայն չէ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) մի քանի անգամ առաջարկել են հակամարտության կարգավորման տարբերակներ: Բայց դրանցից ոչ մեկ ձեռնտու չի եղել կողմերին. բանավոր համաձայնում էին, իսկ հետո շարունակում կրակել:

Այդպես շարունակվում էր մինչև 2018թ. գարուն, երբ անհասկանալի պատճառներով կրակոցների ինտենսիվությունը կտրուկ նվազեց, իսկ հետո փոխհրաձգություններն ընդհանրապես դադարեցին: Ըստ հայ հետազոտողների՝ 2018թ. վերջին 130 օրվա ընթացքում Ղարաբաղում կամ հայ-ադրբեջանական սահմանին ոչ մի զինվոր չի զոհվել թշնամու գնդակից, և այդ անդորրը շարունակում է մինչ օրս:

Այդ ֆոնին մեղմացել է նաև կողմերի հռետորաբանությունը: Դժվար է հիշել մի ժամանակ, երբ Բաքուն ու Երևանը փոխանակվում էին այլ բանով, քան մեղադրանքներով ու սպառնալիքներով: Սակայն Հայաստանում իշխանափոխությունից և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական ծանոթությունից հետո Բաքվի հայտարարությունների տոնն ու բովանդակությունը էական փոփոխությունների են ենթարկել: Փաշինյան-Ալիև հանդիպումները տեղի էին ունենում ոչ պաշտոնական, իսկ ահա երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումներն ընթանում էին ընթացակարգերին լիարժեք համահունչ:

Այսպես, դեկտեմբերի սկզբին Միլանում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ. «Կարծում եմ, որ վերջին հանդիպմանը մենք հայ գործընկերոջ հետ երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ հասանք փոխըմբռնման»: Հայաստանի ԱԳՆ-ն ի պատասխան գովեց Մամեդյարովին «ոչ թշնամական հանդուրժողականություն պահպանելու համար»:

Սիրալիրության այս փոխանակումն իր շարունակությունը ստացավ հունվարին. Փարիզում Մնացականյանի հետ ավելի քան 4 ժամ տևած բանակցություններից հետո Մամեդյարովը հանդիպումն անվանեց «շատ դրական», իսկ Հայաստանի ԱԳՆ-ից հայտնեցին «օգտակար ու կառուցողական երկխոսության մասին»:

Այն մասին, թե ինչ է տեղի ունենում բանակցությունների սեղանի շուրջ, կարելի է միայն գուշակել, գրում է հոդվածի հեղինակը: Սակայն պարզից էլ պարզ է, որ փակ դռների հետևում քննարկվում է ինչ-որ նոր բան, մի բան, որը հետաքրքրել է երկու կողմերին էլ և ներուժ ունի մոտեցնելու հակամարտության կարգավորման օրը: Ամենակարևոր եզրակացությունն այսպիսին է. ակնհայտ է, որ «մադրիդյան սկզբունքները» դուրս են հանվել օրակարգից, կամ դրանց վրա լրջորեն աշխատել են:

Նոր սկզբունքները, կարծես թե, մշակվել են ոչ թե միջնորդները, այլ անմիջապես հակամարտության կողմերը: Դրա մասին ակնարկ արեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով իր բանակցություններն ադրբեջանական կողմի հետ: «Մեր հանդիպումները Փարիզում և Դավոսում եղել են միանգամայն էական: Այդ հանդիպումների հիման վրա մենք սկսում ենք քննարկումներ միջնորդների հետ»,- ասել է նախարարը: Այլ կերպ ասած, Երևանն ու Բաքուն նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցրել. սա բանակցային գործընթացում նշանակալից պահ է:

Դրա մասին է վկայում նաև մեկ այլ հանգամանք. անցյալ տարվա հոկտեմբերին Դուշանբեում Ալիևի հետ հանդիպումից հետո Փաշինյանը հայտնեց, որ ինքը Բաքվի հետ կապ ունի: «Ադրբեջանի իշխանությունների հետ ձևավորվել է օպերատիվ կապ: Անհրաժեշտության դեպքում տեղեկատվությունն Ադրբեջանի նախագահին կհասնի կես ժամվա ընթացքում»,- ասել է Հայաստանի առաջնորդը՝ նշելով, որ այդ կապը երկկողմ է: Նախկինում նման կապ չի եղել, իսկ Երևանը Բաքվի հետ շփվում էր միայն ԵԱՀԿ խմբի միջոցով: Թերևս Հայաստանն ու Ադրբեջանն ի վերջո հանգել են նրան, որ միջնորդներին պետք է հեռացնել և ամեն ինչ վերցնել իրենց ձեռքը:

Բայց այդ հայտարարությունները պատասխան չեն տալիս գլխավոր հարցին. ի՞նչ է քննարկվել փակ դռների ետևում: Հաշվի առնելով՝ որքան կարևոր է Ղարաբաղի հարցը Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիների համար, դրա լուծման տարբերակները սահմանափակ են: Անգամ փոխզիջումների գաղափարն ինքնին (որը ցանկացած բանակցային գործընթացի հիմնարար սկզբունքն է) երկու երկրներում կոշտ արձագանք է առաջացնում: Օրինակ, բոլորովին վերջերս Հայաստանում հայտնի քաղաքական գործիչ Լևոն Զուրաբյանը հարցազրույց էր տվել ադրբեջանական լրատվական գործակալություններից մեկին, որում խոսել էր փոխզիջումների անհրաժեշտության մասին: Դրա համար խորհրդարանի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Զուրաբյանին անվանեց «անհայրենիք» և հայտարարեց, որ նրա նմաններին պատրաստ է փոխանակել Դաշտային Արցախի հետ:

Բաքվում չեն հոգնում կրկնել, որ Ղարաբաղի անկախությունը սկզբունքորեն անընդունելի է, և բանակցություններն ընթանում են միայն այն բանի շուրջ՝ թե ինչպես պետք է «վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Իսկ Երևանը երբեք չի գնա նրան, որ Ղարաբաղը կամ դրա շուրջ ստեղծված անվտանգության գոտին ներառվի Ադրբեջանի կազմում, և Հայաստանի ցանկացած իշխանություն, որն այդ մասին կխոսի, կգոյատևի 24 ժամ:

Բանակցություններում դրական տեղաշարժերը կարող են նշանակել, որ Ղարաբաղի անկախությունը, ինչպես և դրա ներառումը Ադրբեջանի կազմում, հանվել են օրակարգից: Բայց այդ պարագայում տեսականորեն մնում է միայն մեկ հնարավոր տարբերակ. տարածքների համատեղ կառավարում: Սահմանափակ համադաշնության կամ ընդհանուր էքսկլավի ոգով մի բան: Եթե ենթադրենք, որ փոխադարձ հռետորաբանության կտրուկ մեղմացումն ուղիղ համեմատական է բանակցային օրակարգի թարմացմանը, այդ տարբերակը թվում է միանգամայն հավանական, կարծում է հոդվածագիրը:

Այնուամենայնիվ, պետք չէ մոռանալ, որ դիվանագիտությունը միշտ երկու երես ունի, իսկ դա հղի է անսպասելի հետևանքներով: Մինչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում դրական թելեր են երևում, իրենք՝ կողմերը, չեն մոռանում, որ հակամարտության մեջ են: Իր ամանորյա ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չմոռացավ հիշել, որ Ադրբեջանը չնայած և «հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, բայց կշարունակի զարգացնել իր ռազմական հզորությունը»:

Վերջին իրադարձությունների ֆոնին դժվար է դատել՝ արդյոք այդ հայտարարությունները համապատասխանում են իրական ծրագրերին, թե տրամաբանական պոպուլիզմ է: Նիկոլ Փաշինյանը ի պատասխան հայտարարեց, որ եթե Ադրբեջանն իր ժողովրդին պատերազմի է պատրաստում, Հայաստանի պատասխանը կլինի համաչափ:

Ընդ որում, Հայաստանը որոշեց իրեն ապահովագրել ոչ միայն բարձրագոչ բառերով, այլև գործով. Երևանը բոլորովին վերջերս Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրեց 4 Սու-30ՍՄ կործանիչների ձեռքբերման մասին, տեխնիկան կմատակարարվի 2020թ.: Բացի այդ Երևանն իրացնում է 100 մլն-ի ռուսական վարկը, որով նախատեսվում է սպառազինության մատակարարում: 100 մլն դոլարը Հայաստանի 2019թ. բյուջեի երեք տոկոսն է, ընդ որում կործանիչների գործարքը առանձին հոդվածով է, գործարքի արժեքը հայտնի չէ:

Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի. այս սկզբունքը ոչ մեկ չի չեղարկել: Եթե դիվանագիտական թատերաբեմում խոսքն իսկապես էքսկլավի մասին է, հարցը հենվում է երկու բանի վրա. կկարողանա՞ն Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները հասնել լիարժեք փոխըմբռնման դետալներում, և արդյո՞ք երկու երկրների քաղաքացիները կընդունեն իրենց համար միանգամայն նոր այդ իրականությունը:

Ադրբեջանական «Թուրան» գործակալության լրագրողների՝ վերջերս կատարած այցը Հայաստան ավարտվեց իսկական սկանդալով. ԱԳՆ մամուլի խոսնակը ստիպված էր բացատրել՝ ինչ էին կորցրել Հայաստանում ադրբեջանցի լրագրողները: Բաքուն իր հերթին ստիպված էր բացատրություն տալ Ռուսաստանին՝ ինչու հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել երկիր և լավագույն դեպքում պարզապես արտաքսում են, իսկ վատագույն դեպքում՝ նրանց մոտ «թմրյանութ գտնում» և մի քանի տարով փակում ճաղերի ետևում:

Բայց չէ՞ որ խոսքը միայն Հայաստանի ու Ադրբեջանի մասին չէ. հակամարտությունն ունի երրորդ կողմ՝ Ղարաբաղը: 1994թ. Բիշքեկում ստորագրված հրադադարը ամրագրվել է երեք ստորագրություններով՝ Երևան, Բաքու և Ստեփանակերտ: Չնայած Ղարաբաղի ներկայացուցիչներն արդեն ավելի քան 20 տարի չեն մասնակցում հայ-ադրբեջանական հանդիպումներին, դրանից Ստեփանակերտը չի դադարում հակամարտության կողմ լինել, ինչը բազմիցս ընդգծվել է Փաշինյանի, և մերժվել՝ Ալիևի կողմից:

Մնում է սպասել դետալներին. դրանցից շատ բան է կախված: Լավատեսությունն առաջ է բերում բարձր ակնկալիքներ, իսկ դրանք իրենց հերթին կարող են հանգեցնել մեծ հիասթափության: Երբ խոսքը վերաբերում է հին ռազմական էթնոքաղաքական հակամարտությանը, խաղադրույքներն այստեղ չափազանց բարձր են: Հասկանալի է, որ վաղը հայերը չեն համաձայնի Ադրբեջանի պայմանների հետ, իսկ ադրբեջանցիները վճռականորեն ընդառաջ չեն գնա հայերին: Հակամարտության լուծումը թաքնված է փոխզիջումների հարթությունում և զիջելու պատրաստակամության մեջ: Կամ այդպես, կամ վաղ թե ուշ ղարաբաղյան անդորրը կպայթի նոր պատերազմով, եզրափակում է հոդվածագիրը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728