Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալ դատարանում` սփյուռքահային «քցելու» գործով

Մարտ 07,2019 21:21

ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր շարունակվում էր կանադահայ բարերար Արփի Մերասի իրավահաջորդների հայցի քննությունն ընդդեմ «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանի:

Այս գործով, հիշեցնենք, բարերարի որդիները մեղադրում են իրավապաշտպանին`իրենց ունեցվածքը յուրացնելու մեջ: Իր երբեմնի մտերիմին նման մեղադրանք առաջադրել էր Արփի Մերասը: Նրա մահից հետո, որդին`Սարո Մերասը, ճանաչվեց իրավահաջորդ: Վիճարկելով իրավապաշտպանին արդարացնելու առաջին ատյանի դատարանի որոշումը, տուժողի իրավահաջորդները պահանջում են նաեւ, որ Մարինա Պողոսյանը վերադարձնի իրենց սեփականություն բնակարանի եւ բնակարանում առկա գույքի վաճառքից առաջացած գումարը եւ յոթ տարի ազատազրկման ենթարկվի: Խոսքը 140 հազար ԱՄՆ դոլարի մասին է:

Այսօրվա նիստում տուժողի շահերի պաշտպանը շարունակում էր ներկայացնել հայցի հիմքը: Եզրափակիչ մասում, երբ պաշտպան Հրանտ Անանյանը տարակուսանք հայտնեց, որ լինելով Մարինա Պողոսյանի ընտանիքի մտերիմը եւ տարիներ շարունակ աջակցելով նրա ընտանիքին, ինչպե՞ս է Մարինան կարողացել այդպես վարվել Արփի Մերասի հետ, Մարինա Պողոսյանի նյարդերը տեղի տվեցին: Նա բորբոքվեց, սկսեց բղավել, վիրավորել տուժողի շահերի պաշտպանին:

Մանրամասները`տեսանյութում

Պաշտպան Հրանտ Անանյանը համաձայն չէ առաջին ատյանի դատարանի`գործով մի շարք ապացույցներ անթույլատրելի ապացույց ճանաչելու հետ: Նա պնդում է, որ իր նման որոշման հիմքում դատավորը հիմնավորումներ չի ներկայացրել եւ ձեւական բացատրություններ է տվել:

Նիստը կշարունակվի մարտի 22-ին: Հաջորդ նիստում վերաքննիչ դատարանը կլսի պաշտպանության կողմին:

Մեղադրող կողմն Aravot.am-ին է տրամադրել առաջին ատյանի դատարանի կողմից անթույլատրելի ապացույց ճանաչված տեսագրություններ. դրանցում, իր տան վաճառքից հետո Երեւան ժամանած Արփի Մերասը փորձում է Մարինա Պողոսյանից բացատրություններ ստանալ, թե ինչո՞ւ է վերջինս, առանց իր գիտության, վաճառել իր բնակարանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031