Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում, Անի և Արթիկ համայնքներում տեսաձայնագրող սարքեր են տեղադրվել՝ բնակարանային գողության դեմ պայքարի համատեքստում

Մարտ 19,2019 21:21

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ինչպես արդեն տեղեկացվել է, այս տարվա փետրվարի վերջին ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել է հանրապետության տարածքում բնակարանային գողությունների դեպքերի աճի և այս հանցագործության բացահայտման արդյունավետության նվազման անհանգստացնող միտումների, դրանց պատճառների խնդիրը: ՀՀ գլխավոր դատախազի կողմից դատախազության տարածքային ստորաբաժանումներին տրվել էին այս հանցատեսակի կանխարգելմանը, ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ այս համատեքստում ամենասերտ գործակցությունը ծավալելուն և նման հանցագործության դեպքերով քննությունների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կոնկրետ հանձնարարություններ:

Ի կատարումն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությունների՝ դատախազության տարածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից այս ընթացքում նախաձեռնվում են լոկալ խորհրդակցություններ՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, նախաքննական մարմինների, քաղաքային և գյուղական ՏԻՄ-երի ղեկավարների ներգրավմամբ: Դրանց ընթացքում, ըստ դատախազության նախաձեռնությամբ իրականացվող բնակարանային գողությունների համար առավել խոցելի, ռիսկային գոտիների քարտեզագրման, որոշվում են դրված խնդիրը համատեղ ուժերով լուծելուն միտված գործողությունների պլանները, նախանշվում ակնկալվող միջնաժամկետ արդյունքները: Այդ աշխատանքները ներառում են համապատասխան գույքագրում և անհրաժեշտ ռեսուրսների հաշվարկում իրականացնելուց հետո քայլ առ քայլ բազմաբնակարան շենքերում էլեկտրոնային փականներով դռներ տեղադրելը, շենքերի, առանձնատների հարակից տարածքները լուսավորությամբ ապահովելը, բազմաբնակարան շենքերի մուտքերում, ինչպես նաև բնակավայրերի ճանապարհների ելքային և մուտքային հատվածներում, հանգուցային կետերում տեսանկարահանող սարքեր տեղակայելը: Բացի այդ, խնդիր է դրվում ուժեղացնել պարեկային ծառայությունների աշխատանքը հաճախակի բնակարանային գողերի թիրախ դարձող շրջաններում, արձանագրված դեպքերով քննությունների շրջանակներում իրականացնել օպերատիվ-հետախուզական, անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու, հանցագործների, նրանց հետ գործակցող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Հանցագործության կանխարգելման գործընթացն արդեն սկսում է գործնական դրսևորումներ ունենալ: Մասնավորապես, ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ ՀՀ Շիրակի մարզպետարանում այս ամսվա սկզբին կազմակերպված խորհրդակցությունից հետո ոստիկանության Շիրակի մարզային վարչության, համապատասխան համայնքապետարանների համագործակցության արդյունքում Արթիկ և Անի համայնքների տարածքում տեղադրվել են երկուական, իսկ Գյումրիի կենտրոնական հրապարակում՝ հինգ տեսախցիկներ:

Նման տեխնիկական սարքեր արդեն տեղադրվել են նաև Լոռու մարզի բնակավայրերում՝ Լոռու մարզի դատախազության ավելի վաղ նախաձեռնության արդյունքում: Նմանատիպ միջոցառումներ իրականացվելու են նաև հանրապետության այլ բնակավայրերում, որոնց արդյունքների մասին հանրությանը պարբերաբար կտրվի տեղեկատվություն:

Բնակարանային գողությունների դեմ պայքարի խնդիրը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ուշադրության կենտրոնում: Նրան պարբերաբար զեկուցվում է իրականացված աշխատանքների մասին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031