Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ են»

Ապրիլ 04,2019 14:45 Share

Այսօր կառավարության նիստում, երբ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարը Լոռիում ճանապարհաշինության մասին որոշման նախագիծն էր զեկուցում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց ճանապարհաշինությունից: Մասնավորապես, նա դժգոհություն հայտնեց նախկինում վերանորոգած կամ կառուցած ճանապարհների որակից։ Փաշինյանն ասաց, որ կան ճանապարհների ամբողջական կտորներ, որոնք նորոգել են հայտարարված մրցույթներում հաղթող կազմակերպությունները, բայց դրանք անորակ աշխատանքներ են:

Փաշինյանը հայտարարեց, որ դրանք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնք ժամանակին կասկածելի ճանապարհով ընկերություններ են սեփականացրել, իրենց հին սովորույթի համաձայն մտածում են, թե այս նոր իրավիճակում շարունակելու են անորակ ճանապարհ կառուցել եւ դա անցնելու է գնա: Խոսքը վերբերում է Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհահատվածին. դրա շինարարությունը պետք է ավարտվեր անցած տարի, բայց քանի որ, ըստ վարչապետի՝ դա բացարձակ անորակ էր, աշխատանքները չեն ընդունվել: Նախարարությունը տվյալ ընկերությանը պարտավորեցրել է, որ նոր աշխատանքներ սկսեն: Սրան արձագանքեց Փաշինյանը, որ ժամանակ, ռեսուրս է կորում, դեռ ձմռանից մարդիկ դժգոհում են, որ այդ ճանապարհը քանդվում է: Վարչապետի խոսքերով՝ այսպիսի տեղեկատվությունը արդեն վարկաբեկիչ է բոլորի համար. «Չնայած ասում են՝ պայմանագրային պարտավորություն է, քրեական հետապնդում իրականացնելու հնարավորություն չկա, բայց այդ մարդիկ պետք է պատժվեն: Դրանք իսկապես սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ են: Բավարար չի, որ նրանք նորից նույն աշխատանքը կատարեն: Նրանք պետք է զգան մեր արձագանքը, մեր հակահարվածը պետք է զգան»:

Վարչապետը դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ասաց՝ ի՞նչ հնարավորություն կա նրանց պարտավորեցնելու, քանի որ այդպիսի գործընթացով ճանապարհաշինության աշխատանքները կարող են ձգվել 5 տարի: Գլխավոր դատախազն ասաց, որ պետք է ուսումնասիրել, թե պայմանագիրն ինչ կարգավորումներ է նախատեսում, մասնավորապես՝ տույժ ու տուգանքներ, և դատական ընթացակարգով պետք է դրանք ապահովել, իսկ քրեական գործի հասնելու համար պետք է պայմանագիրն ու թերությունների բովանդակությունն ու ծավալն ուսումնասիրեն, պարզելու՝ այնտեղ հանցակազմ պարունակող արարքներ կա՞ն:

Վարչապետը համոզված է, որ իր տպավորությամբ՝ այդ մարդիկ ի սկզբանե իմացել են, թե ինչ են կառուցում և դիտավորյալ անորակ շինարարություն են իրականացրել: Տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Բագրատ Բադալյանը նշեց, որ ընթացքում հետևել են աշխատանքների որակին և կապալառուին տեղեկացրել են, որ վերին շերտի որակը չի համապատասխանում, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել փոփոխել, ու աշխատանքը չի ընդունվել: Ըստ փոխնախարարի, այժմ ժամկետ է սահմանվել հունիսը, և եթե կապալառուն իր միջոցների հաշվին շտկի թերությունները, աշխատանքը կընդունվի, հակառակ պարագայում տույժ ու տուգանք կհաշվարկվի, աշխատանքները կխզվեն, կապալառուն կհայտնվի սև ցուցակում և նոր մրցույթ կհայտարարվի: Բադալյանը հավաստիացրեց, որ պետությունը ֆինանսական վնասներ չի կրի:

Վարչապետը հայտարարեց, որ բոլոր ճանապարհաշինական աշխատանքներն իր ուշադրության կենտրոնում են, իսկ անորակ աշխատանքները պետք է բացառվեն, որի համար ոլորտի պատասխանատուներն անձնական պատասխանատվություն են կրում: Նա չհամաձայնեց, որ պետությունը ֆինանսական կորուստ չի կրել, քանի որ դեռ անցած տարի այդ ճանապարհը պետք է բերվեր պատշաճ վիճակի: Վարչապետը հայտնեց, որ Վրաստանի տուրիզմի հայ ներկայացուցիչները դժգոհում են ու չեն կարողանում Հայաստան տուրիստ բերել, որովհետև ճանապարհը սարսափելի վիճակում է, իսկ քանի որ այդ ճանապարհը մինչև հիմա նույն վիճակում է, ՀՀ-ն շարունակում է շատ լուրջ ֆինանսական վնասներ կրել, ապա ավելացրեց. «Անկեղծ ասած՝ իմ ցանկությունը կլինի, որ այդ վնասը հասցրած մարդիկ կրեն կոնկրետ քրեական պատասխանատվություն և հայտնվեն բանտում: Շատ ուղիղ եմ ասում: Որովհետև էս երևույթները մեզ համար անհանդուրժելի են»:

Փաշինյանը տեղեկացրեց, որ ծրագրում են այս տարի ռեկորդային թվով ճանապարհներ կառուցել և պետք է բացառել անորակ աշխատանքը. «Ճանապարհը ՀՀ-ում երկար տարիներ եղել է փող ուտելու թիվ մեկ տեղը: Եվ ոմանց ախորժակը, երևում է, չի փակվել, և մենք պետք է իրենց ախորժակը շատ կտրուկ փակենք»:

Վարչապետի կարծիքով՝ պետք են օրենսդրական փոփոխություններ, բայց տրանսպորտի և կապի նախարարությունն այն կառույցը չէ, որ պետք է իրավական գնահատականներ տա, պետք է դատախազությունը զբաղվի դրանով, քանի որ «ներողությունով հարցը չի լուծվում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930