Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության դեսպան» Փիթեր Ջեմը պատմում է իր տիտղոսի մասին

Ապրիլ 06,2019 12:00

Պետրոս Ջամբազյանի (Peter Jam) հետ անվերջ կարելի է զրուցել խաղաղության, մարդասիրության, բարության մասին։ Աշխարհում խաղաղություն տարածելու միտումն էլ դարձավ «peace ambassador» տիտղոսի ձեռքբերման պատճառ։ Ամեն ինչ ստացվեց շատ անսպասելի։ Երգը գրվեց 2009-ին, 2011-ին արդեն պատրաստ էր մի տեսահոլովակ, որը խաղաղություն ու ներշնչանք տարածելու միտում ուներ։

– Եր՞բ եւ ինչպե՞ս եք սկսել ձեր երաժշտական կարիերան:

– Երաժշտական կարիերաս սկսեցի երիտասարդ տարիքում։ Սկզբում երգում էի հայկական երգեր եւ ռոք։ Ես սիրում էի ստեղծագործել։ Արդեն 20 տարեկանում երգեր էի գրում եւ ունեի դպրոցական երաժշտական խումբ։ Այսպես սկսվեց ամեն ինչ։

– Լիբանանում ապրած տարիներից եւ ձեր մանկությունից ի՞նչն է ձեր մեջ տպավորվել։

– Ութսունականներին Լիբանանում քաղաքացիական պատերազմ էր։ Մինչեւ 12 տարեկան այս մթնոլորտի մեջ էի ապրում։ Ես հիշում եմ շենքերի նկուղներում էինք թաքնվում, հրթիռները ամեն կողմից գալիս էին մեզ վրա, այդ ամենը մտքումս է։ Այնպիսի իրավիճակ էր, որ նույնիսկ նույն կուսակցությունից, նույն կրոնից իրար դեմ էին դուրս գալիս, ցավոք սրտի, հայերի մեջ էլ կային այդպիսիք։ Ուրիշ բան չեմ կարող հիշել մանկությունիցս։ Իսկ ավելի ուշ՝ երիտասարդ տարիքում արդեն պատերազմը ավարտվեց, սկսեցի երաժշտության հետ առնչվել, սովորել։

– «Խաղաղության դեսպան» կոչմանն ինչպե՞ս արժանացաք։

– 2011 թվականին ես ճանապարհորդության դուրս եկա, իմ երգի համար Եվրոպայում տեսահոլովակ նկարելու։ Երգս խաղաղության մասին էր, կոչվում էր «Did you want»։ Ես այն ժամանակ ծնողներիս հետ էի ապրում, շատ հարուստ չէի եւ բավարար միջոցներ չունեի տեսահոլովակ նկարելու համար եւ հովանավոր էլ չկար, բայց ես մի նպատակ ունեի, այս երգս, որ հորինել էի 2009-ին, ուզում էի անպայման մի տեսահոլովակ նկարել եւ մարդկանց հասցնել իմ խոսքը։ Ուզում էի մի քանի քաղաք գնալ եւ մի վիդեո սարքել, այն ժամանակ հազիվ կարողացա մի փոքր տեսախցիկ գնել, հեռախոսներն այն ժամանակ չունեին այսքան մեծ հնարավորություններ, եւ միայն տոմսի գումար ունեի։ Բայց ստացվեց այնպես, որ եղա 18 երկրում՝ 40 քաղաքներում։ Շատ մարդիկ ինձ իրենց տուն հրավիրեցին։ Շատ ընկերներ, բարեկամներ ունեի այդ քաղաքներում, այնուհետեւ նաեւ օտար մարդիկ սկսեցին հրավիրել։ Շատ հետաքրքիր պատմություններ կան, ես չէի պլանավորել այդ ամենը։ Տարվա վերջում, երբ վերադարձա Լիբանան, ՄԱԿ-ի գրասենյակից ինձ զանգեցին՝ ասելով, որ ողջունում են իմ ջանքերը, որ օրինակ եմ ծառայում ուրիշներին, որ կամքի ուժ ունեմ։ Այնուհետեւ շատ այլ կազմակերպություններից զանգեցին ինձ, շնորհավորանքներ, տարբեր դիպլոմներ, հավաստագրեր ստացա։ 9-րդ դասարանից ես արվեստին եմ տրվել։ Խաղաղության դեսպանը իմ առաջին դիպլոմն էր, ես դրանից առաջ դիպլոմ չունեի։ Եթե ունես նպատակներ եւ հավատք, ապա դրանք կիրագործվեն, եւ պարտադիր չէ պայման դնել. դրանց իրագործումը կլինի անսպասելի։

– Ի՞նչ է իրենից ներկայացնում այս կոչումը, եւ ինչպե՞ս են մարդիկ արժանանում դրան։

– Հատուկ պայմաններ չկան։ Այն մարդիկ, ովքեր ներդնում են իրենց ուժը խաղաղություն կառուցելու գործում երաժշտությամբ, արվեստով կամ խոսքի ուժով, արժանանում են այդ կոչմանը։ Իմ կարծիքով՝ այս տիտղոսը մի արժեւորում է եւ քեզ համար նոր ճանապարհներ է բացում։

– Ինչպե՞ս եք ձեր կոչումը ծառայեցնում հայ համայնքներին։

– Ինձ համար Հայաստանն ամենակարեւորն է եւ շատ ծրագրեր ունեմ, տարբեր համայնքներում շատ ակտիվ եմ, ինձ համար շատ կարեւոր է կրթության կազմակերպումը իմ հայրենիքում եւ հայկական համայնքներում, ես այժմ գիրք եմ գրում նաեւ մշակույթի մասին։ Մեր մշակույթը հայկական համայնքներում հետամնաց է, երբ Լոս Անջելեսում էի ապրում, այնտեղ ոչ մի հայ հայերեն չէր խոսում, գրել-կարդալ չգիտեր հայերեն։ Ինձ համար կարեւոր է, որ մշակույթը պահպանվի, որ չհեռանանք մեր պատմությունից. մեր ժողովրդի նշանաբանը այս ամենի մեջ է։ Ինչպես ասում էր Վիլյամ Սարոյանը՝ երկու հայ, երբ միմյանց են հանդիպում, Հայաստան են հիմնում։ Եթե քո լեզվով ես խոսում եւ պահպանում մշակույթդ, դա արդեն մեծ բան է։

ԹԱՄԱՐԱ ԱՎԱԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

05.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930