Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստաօպերատորին հարկադրում են լքել Գյումրին

Ապրիլ 10,2019 21:33

Ապրիլի 8-ից «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերությունը վերջնականապես դադարեցրեց իր աշխատանքները։

Ինչպես հայտնի է՝ դեռևս փետրվարի 1-ին կառավարությունը որոշեց լուծարել՝ պատճառաբանելով, որ այս ԶԼՄ-ն իրականացնում է անալոգային հեռարձակում, այդ պատճառով չունի մեծ լսարան, մինչդեռ 2016 թվականի հոկտեմբերի 16-ից Հայաստանի Հանրապետությունում դադարեցվել է անալոգային հեռարձակումն ու անցում կատարվել թվային հեռարձակման։

«Շիրակ հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցներն, այդուհանդերձ, հույս ունեին, որ որևէ ներդրող կհայտնվի, կգնի լրատվամիջոցը, այսինքն` փակման մասին խոսք չի լինի։ Հատկապես որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարել էր, թե կա ներդրող, և լրատվամիջոցն առաջիկայում օտարման կարգով կհանձնվի այդ ներդրողին:

«Աշխատատեղերը կպահպանվեն առնվազն մի քանի տարի։ Մենք պայմանավորվել ենք ներդրողի հետ, որ հեռուստաընկերության աշխատակիցները չեն մնա առանց աշխատանքի»,-ասել էր վարչապետը:

Սակայն, ներդրողներ այդպես էլ չեղան, փոխարենը թվով մոտ 44 աշխատակիցներ մնացին գործազուրկ։

Հեռուստաընկերության պրոֆեսիոնալ օպերատորներից մեկը՝ Տիգրան Գասաբյանն Aravot.am-ին ասաց, որ ստիպված է լքել Գյումրին ու աշխատանք փնտրել մայրաքաղաքում, ընդ որում իր հետ չի կարողանա տանել ընտանիքի անդամներին։

«Ինձ հարկադրում են լքել Գյումրին, ես պիտի փորձեմ աշխատանք փնտրել Երևանում․ միակ տարբերակը մնում է մայրաքաղաք գնալը։ Շատ դժվար է Հայաստանում աշխատանք փնտրել, ինձ համար էլ շատ դժվար է, պիտի ընտանիքս թողնեմ, գնամ։ Բայց եթե ես որոշակի հույս ունեմ աշխատանք գտնելու, մեր աշխատակիցների մեջ կան մարդիկ, որոնք ընդհանրապես հույս չունեն։ Եթե անգամ շատ լավ առաջարկ լինի, ամեն մարդ չի կարողանա գնալ Երևանում աշխատելու, նրանց մեջ կան կանայք, տարեց մարդիկ․․․

Փաստորեն ոչ մի ներդրող էլ չեկավ, երևի թե իմաստ չունի հիմնարկը գնել, ստացվեց, որ աշխատողներն էլ մնացին օդի մեջ»,-ասաց հեռուստաօպերատորը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Տիգրան Գասաբյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գ.Հ. says:

    Հարգելի օպերատոր Տիգրանը լավ կլինի դիմի իր անմիջական ղեկավար Արթուր Ղանդիլյանին ու հարցնի,թե այդ որտեղից էր փոքրիկ Շիրակ ՀՌԸ-ում 44 աշխատակից գրանցել ու գումարները լափում էր:Երվբ մտնում էիր այդ հեռուստաընկերություն 5-6 հոգուց ավել մարդ չկա…Որտեղից այդ 44 հայտնվեցին…Գյումրիում բոլորը գիտեն,որ Ղանդիլյանի բարեկամների մի ամբողջ տրցակ գրանցված է եղել Շիրակ-ում ու պետական գումարներ է լափվել:Տիգրան ջան,բա որ ամիսներով խղճուկ 50 հազարներդ չէր տալիս հանցագործ տնօրենդ ինչու՞ էիր լռում…Լավ են արել փակել են Շիրակը….Քիչ են արել.դեռ քրեական գործեր պետք է հարուցեն ու բանտարկեն տնօրենիդ,որի գլխավոր խնդիրը պետական գումարների շորթումն էր:Հա,մեկ էլ չմոռանաս,թե սիրելի Շիրակ-դ ում գովազդով էր զբաղված՝ՀՀԿ-ի ու դրանց շիրակյան բանդայի:Չնայած,նախկին պատգամավոր Արման սահակյանն ամեն ինչ անում է իրա գող ու թալանչի սանիկի ավազակ հորը բանտից ազատելու համար:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930