Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրագրիս մեջ գրեցի՝ ինչ լավ է, որ այս բեմադրությունը չարեցի Երեւանում,  բացարձակ խայտառակություն է». Ռուբեն Բաբայան

Մայիս 04,2019 23:00

Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը փոքր տարիքում երազում էր դառնալ դերասան, երբ յոթ- ութ տարեկանում իր համար մագնիտոֆոն գնեցին, նա սկսեց ձայնագրել ինքն իրեն, իսկ երբ լսեց իր խոսքը, խորը հիասթափություն ապրեց,  հասկացավ՝ դերասան լինելն իր համար փակ է:

«Գիրք կարդալ էի սիրում, դրա համար ընտրեցի գրականագետի մասնագիտությունը՝ ընդունվելով Վ. Բրյուսովի անվան համալսարանի  ռուսաց լեզվի եւ գրականության բաժին: Բանակից վերադառնալուց հետո աշխատանքի անցա Տիկնիկային թատրոնում՝ որպես գրական բաժնի վարիչ: Ես թատերական ընտանիքից եմ, հայրս՝ Արտուշ Բաբայանը, երկար տարիներ եղել է Հ.Պարոնյանի անվան  թատրոնի գեղարվեստական ղեկավարը, հետո թատերական ընկերության նախագահի առաջին  տեղակալ, նա թատերագետ էր, դրամատուրգ, մայրս աշխատում էր վավերագրական ֆիլմերի ստուդիայում, քույրս՝  «Հայֆիլմում», քրոջս ամուսինը հայտնի օպերատոր էր: Աշխատանքի տեղավորվելու հարցում ինձ համար չեն միջնորդել, միջնորդությունը երեւի այն էր, որ հայրս էր կես դրույքով  աշխատում տիկնիկային թատրոնում գրական բաժնի վարիչ, երբ նա հեռացավ, ինձ միանգամից ընդունեցին, որովհետեւ ծանոթ էին ինձ հետ, այն ժամանակ թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր Երվանդ Մանարյանը, նա մեծ դեր կատարեց թատրոնի հետ կյանքս կապելու հարցում, ոչ թե հայրս նույնիսկ, որը թատրոնի մարդ էր»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Ռուբեն Բաբայանը:

Նրա խոսքով, 1982 թվականին Երվանդ Մանարյանը իրեն ստիպողաբար ուղարկեց Էստոնիա միջազգային փառատոնի մասնակցելու, այդտեղից վերադարձավ լրիվ ուրիշ մարդ, սիրահարված թատերական գործին. «Այդ տարիներին Երվանդ Մանարյանը բեմադրում էր Պարոյանի «Մեծապատիվ մուրացականները», ներկայացումը կոչվում էր «Ծաղկի փողոց թիվ 2», ես իր ասիստենտն էի. որոշեցի ստանալ մասնագիտական կրթություն, մեկնեցի Մոսկվա եւ ընդունվեցի թատերական ակադեմիա: Հայաստան վերադառնալուց հետո սկսեցի աշխատել որպես բեմադրիչ, բայց անկեղծ ասեմ՝ ես երբեք ինձ չեմ համարել պրոֆեսիոնալ բեմադրիչ, ավելի շատ ռեժիսոր եմ. ես սեփական անձիս հանդեպ համեստ տեսակետ ունեմ, ինձ բախտ է վիճակվել շփվել ու տեսնել հանճարեղ ռեժիսորների,  չափանիշը միշտ դրել եմ շատ բարձր իրենց հետ համեմատած, սա քեզ զսպում է ինքնագնահատականի մեջ, դու  հասկանում ես, որ շատ բան չես կարող անել ու դա երեւի տաղանդի չափն է»:

Առաջին բեմադրությունը Ռուբեն Բաբայանը բեմադրել է Ռուսաստանում ոսանողական տարիներին, ռուս ժամանակակից դրամատուրգների գործեր էին. «Այն ժամանակ ես օրագիր էի պահում ու օրագրիս մեջ գրեցի ՝ ինչ լավ է, որ այս բեմադրությունը չարեցի Երեւանում,  բացարձակ խայտառակություն է. ոչինչ քեզ այդքան չի սովորեցնում, որքան քո անձնական անհաջողությունները, եթե դրանց ճիշտ ես մոտենում ու առիթը ման ես գալիս քո մեջ, ոչ թե շրջապատի , այդ դեպքում անհաջողությունն արտակարգ ուսուցողական նշանակություն ունի: Հաջողությունները ոչ մի բան չեն սովորեցնում, անհաջողություններն են սովորեցնում, անհաջողություններից հարուստ եմ եղել, ուրեմն սովորելու շատ բան եմ ունեցել»:

Ռուբեն Բաբայանն արդեն 21 տարի է՝ տիկնիկային թատրոնի ե՛ւ տնօրենն է, ե՛ւ գեղարվեստական ղեկավարը: Նրանից հետաքրքրվեցինք՝ ինչպես է իրեն հաջողվել 21 տարի մնալ նույն թատրոնի ղեկավար ու խուսափել կոլեկտիվի բունտերից, լռեցնել աշխատակիցների դժգոհությունները:

«Իհարկե դժգոհություններ էլ են լինում, ինչ-որ մեկը համարում է, որ իրեն շրջանցել են, իր տաղանդը ճիշտ գնահատված չէ, նման բաներ կան, իմ միակ դեղատոմսն այն է՝ փորձում եմ  տարանջատել մարդկային ու աշխատանքային հարաբերությունները, աշխատանքային խստապահանջությունը պետք է կապ չունենա քո մարդկային վերաբերմունքի հետ: Միշտ եղել եմ հարաբերությունների մեջ շատ անկեղծ ու իմ պահվածքի մեջ ոչ մի տարբերություն չեմ տեսել՝ խոսում եմ երկրի նախագահի, թե թատրոնի հավաքարարի հետ: Կարծում եմ՝ գալիս է նաեւ հոգնածության պահը, մարդիկ ուզում են փոփոխություն, հոգնում են, որ անընդհատ նույն ղեկավարին են տեսնում, դրա համար աշխատում եմ այնպես անել, որ հիմնականում երիտասարդներն այստեղ բեմադրեն. չգիտեմ գուցե վաղը ինչ-որ մի բան պայթի, առավել եւս որ միշտ կան մարդիկ, որոնք տեսնում են այս թատրոնի լավ վիճակը ու որոշակի հավակնություններ ունեն արդեն պատրաստի տեղ անցնելու, սա էլ է բնական, չեմ խորանում դրա վրա»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

Տարբեր կուսակցություններից Ռուբեն Բաբայանը տարբեր տարիներին ստացել է  ավագանու անդամ, պատգամավոր դառնալու առաջարկներ, բայց մերժել է. «Ես ամենաշատը մարդու մեջ գնահատում եմ ազատությունը, նման կառույց մտնելը ազատության որոշակի  սահմանափակում է կուսակցական կարգապահությամբ եւ այլն, դիսկոմֆորտ ստեղծող վիճակ է: Ինչքան տարիք ես առնում, ինչքան քիչ ժամանակ է քեզ մնում, ուզում ես այդ ժամանակն անցկացնել այնպես, որ դիսկոմֆորտ չզգաս…ես համարում եմ, որ իմ՝ որպես մտավորականի, առաջնահերթ խնդիրը կամուրջներ կառուցելն է, իսկ քաղաքականությունը մի քիչ կամուրջներ այրել է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031