«Սարից այն կողմ»-ն ուղերձ է սերունդներին՝ Արցախը չմոռանալու և այն հետ վերադարձնելու մասին
Վալյա Գոքոյան-Կաժոյան
Հուլիսի 1-ին Երևանի Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի բեմում արցախցի դերասաններն էին։ «Սարից այն կողմ» մեկ գործողությամբ դրաման Արցախյան 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմից հետո Ստեփանակերտում բնակվող մեր հայրենակիցների մասին է։ Ցանկացած արցախցի իրեն կգտնի դրամայի հերոսների կերպարներում։
Պիեսի հեղինակ և բեմադրիչ, ամերիկահայ ռեժիսոր Կարինե Քոչարյանի հերոսներն ունեն իրենց իրական նախատիպերը, որոնց հանդիպել է հեղինակը, ծանոթացել նրանց պատմությանը։ Հայոց շվիի (երաժիշտ՝ Գագիկ Ադամյան) քաղցր ձայնը կարոտ է հիշեցնում․ կարոտ կորսված հայրենի հողի, կարոտ անմահության ճամփան բռնած հերոսների… Եվ այս հնչյունների ներքո բեմում արցախցի դպրոցականներ են՝ Աստղիկն ու Տիգրանը, ովքեր ունեն հերոսաբար նահատակված ծնող, հարազատ, բարեկամ։ Իսկ Արցախյան առաջին և վերջին պատերազմներին գրեթե բոլոր տղամարդիկ էին մասնակցել, ու շատ ընտանիքներում կային Անմահ հերոսին, հերոսներին նվիրված անկյուններ։
Կարդացեք նաև
Տիգրանը, որի հայրը՝ նկարիչ ու բանաստեղծ Ավոն (դերում՝ Մարատ Դավթյան), 1990-ականներին վիրավորվել ու գամված է սայլակին, իսկ մայրը վախճանվել է քաղցկեղից, հարուստ գիտելիքներ ունի և սիրում է Աստղիկին։ Ինքն ու հայրը մնացել են Շուշան տատի խնամքին։ Արցախցի՝ իր ընտանիքին, բնակավայրին նվիրված ու խորհրդատու տատի-բաբոյի դերում խաղում է Ռուզան Գասպարյանը։
Աստղիկի հայրը հերոս է՝ անմահացած Արցախյան առաջին պատերազմում։ Մայրն էլ է մահացել, և Աստղիկը խանութպան պապի՝ Վաղոյի (դերում՝ Սամվել Եվրիյան, Արցախի վաստակավոր արտիստ) խնամքին է։ Երիտասարդ սերնդի այս ներկայացուցիչները հպարտ են իրենց հերոս հայրերով, հայրենիքով։ Բայց այլ է իրողությունը․ գնալով սեղմվում է օղակը։ Անհայտ է մնում Արցախի ապագան։
Երկար ժամանակ հույսով նշանածին է սպասում երիտասարդ Անուշը (դերում՝ Էդիտա Բաբայան)՝ հարսի սպիտակ զգեստով։ Նա հավատում է, որ տուն է գալու 44-օրյա պատերազմում անհայտ կորած նշանածը՝ Արամը։ Հավատում է Անուշը, հարևանների կարծիքն է հարցնում՝ ասելով, որ նոր էին նշանվել…
Պիեսում հերոսներից Մարիամի (դերում՝ Օֆելյա Մարտիրոսյան) ամուսինը՝ Էդգարը, զոհվել է պատերազմում։ Վիշտը սրտում՝ բնակվում է Վաղոյի խանութի հարևանությամբ։ Սուրճ է մատուցում շախմատ խաղացող տարեցներին՝ Վաղոյին ու Ավոյին, հույս է տալիս Անուշին, որ Արամը տուն է գալու։
Այլ է 85-ամյա Առաքել պապի հոգեվիճակը։ Թշնամու տիրապետության տակ է մնացել նրա տունը, հայրենի գյուղի հանգստարանում է ննջում կինը։ Առաքել պապը որոշում է իր տուն գնալ՝ հանգիստ ապրելու։ Բայց նրա տունը մնացել է թշնամու տիրապետության տակ գտնվող տարածքում։ Պատանի Տիգրանը պատահաբար հանդիպում է Առաքել պապին, իմանում նրա որոշման մասին, զրուցում են․
— Աաա՜յն սարը տեսնո՞ւմ ես, — հարցնում է Առաքելը։
— Այո, տեսնում եմ, — պատասխանում է Տիգրանը։
— Դա չէ, դրա հետևի սարը, տեսնո՞ւմ ես…
— Չէէէ…
— Ա՛յ, այնտեղ է իմ տունը…
Տիգրանը կարողանում է համոզել ու իրենց տուն տանել տան կարոտով տառապող ծերունուն, ով ողջ արցախցիների հավաքական կերպարն է․ տունը կանչում է…
Արցախցի իսկական պատանու կերպար է Տիգրանը, որի նմաններին շատ եմ հանդիպել։ Ինչպիսի՜ մեծ սեր ու հարգանք է տածում տարեց մարդու հանդեպ։ Պարզվում է՝ Առաքել պապն ու Տիգրանի Շուշան տատը ծանոթներ են։ Բայց Առաքելը գաղտնի հեռանում է Տիգրանենց տնից։ Բոլորը փնտրում են նրան, ու պարզվում է՝ ադրբեջանցիները սպանել էին 85-ամյա անզեն ծերունուն, որն ընդամենը փորձել էր իր տուն գնալ։ Մեծ ողբերգություն է ապրում Տիգրանը։
Հրաչյա Քոչարի «Կարոտ» գրքի գլխավոր հերոսը՝ Հայոց մեծ եղեռնից մազապուրծ փրկված Առաքելը, նույնպես մեծ կարոտով է հիշում հայրենի գյուղը՝ Արաքսի այն ափին։ «Գյուղն Արազի ափին է։ Այստեղ ոչ ոք դաշտապահ Առաքելի նման չի տեսնում ու չի զգում բնության գեղեցկությունները, թեև չկա մարդ, որ իրեն ավելի խելոք չհամարի նրանից ու չծաղրի նրան», — գրում է Քոչարը՝ ներկայացնելով իր հերոսի մեծ ողբերգությունը։
Քոչարի Առաքելն էլ գաղտնի հեռանում է տնից, անցնում Արաքսը, հասնում իր տուն, վերադառնում և դառնում խորհրդային հայ չեկիստների զոհ։ Չգիտեմ՝ պատահակա՞ն են համընկել մեկ դար տարբերությամբ տեղի ունեցած իրադարձությունները։
Աստղիկի պապը՝ Վաղոն, խանութ ունի Ստեփանակերտում, սակայն, ինչպես ասում է, իր օգուտը «նիսյայի տետրն է»։ Որոշում է հեռանալ Արցախից, գնալ Ռուսաստան, որտեղից հայրենիք էր եկել ինչ-որ ժամանակ՝ ընդմիշտ մնալու հավատով, որ ռուս խաղաղապահները կպաշտպանեն արցախցուն, որ գոնե մնացած տարածքներում կկարողանան իրենց տերերի պես ապրել։ Սակայն պատերազմից հետո տեղի ունեցող իրադարձությունները հուշում են նրան մոտեցող բռնի տեղահանման մասին։ Հեռանալով՝ իր հետ պետք է տաներ նաև թոռնուհուն՝ Աստղիկին։
Վաղոյի հարազատ ընկերը՝ պատերազմում հաշմանդամ դարձած Ավոն, դեմ է, որ պետք է լքեն Արցախը։ Խռովում է ընկերոջից․ «Հու որ Արցախը թողումա գնա, նա ինձ հնգեր կարա չի լինի»։ Տխուր ու ցավալի տեսարան է։ Ավոն, չնայած իր վիճակին, փորձում է ամեն գնով պահպանել 44-օրյա պատերազմից հետո մնացած Արցախը։ Այնուամենայնիվ, Վաղոն հեռանում է Արցախից՝ իր հետ տանելով թոռնուհուն՝ Աստղիկին։
Մեծ ցավ է Տիգրանի համար սիրած աղջկա՝ Աստղիկի հեռանալը։ Եվ այս տխուր իրավիճակում հարևանների մոտ է գալիս Անուշը՝ ուրախ ճիչով՝ Արամը եկել է…
Սա է մեր ժողովրդի ճակատագիրը, ինչպես պիեսում է Վաղոն ասում՝ ուժեղի մոտ թույլը մեղավոր է։
Ներկայացումն ավարտվեց չդադարող ծափերի ներքո։ Բեմ եկավ նաև Կ. Քոչարյանը՝ արժանանալով ծաղկեփնջերի, ծափերի, գովեստի խոսքերի։ Լույսի տակ արդեն երևում է՝ շատերի աչքերին արցունք կա, տխրություն, կարոտ, նաև՝ տունդարձի հույս։ Հանդիսատեսների մեծ մասը հենց պիեսի նույն հերոսներն են։
Զրուցում եմ Աստղիկի դերակատար Նինա Ալեքսանյանի հետ, որը բեմում խաղում էր՝ հիշելով իր մանկությունը հարազատ Հադրութ քաղաքում։ Ցանկանում է ճանաչված դերասանուհի դառնալ։ Տիգրանի դերակատար Գևորգ Ստեփանյանը Հադրութի շրջանի Տող գյուղից է։ Կարոտով է հիշում անտառապատ լեռների թիկունքում գտնվող մելիքանիստ իր գյուղը։
Երբ բնակվում էի Արցախի Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում և աշխատում կրթության ու մշակույթի համակարգում, հաճախ էի Ստեփանակերտում շփվում մշակութային գործիչների հետ, կամ նրանք էին գալիս Բերձոր։ Այդ ժամանակներից եմ ճանաչել ու մտերմացել պիեսի հերոսների դերերում խաղացող դերասաններից Վլադիկ Միքայելյանին, «Արցախի այաներ» ազգագրական խմբի անդամ Ռուզան Գասպարյանին, Սամվել Եվրիյանին, ու մեծ կարոտով ենք հիշում արցախյան օրերը։
Այսօր բռնի տեղահանված արցախցիների համար շատ կարևոր է, որ Երևանում, ինչու չէ, նաև մարզերում հաճախակի տեղի ունենան արցախյան մշակութային խմբերի ելույթներ։ Ու շատ կարևոր է, որ մշտապես հնչի Արցախի բարբառը։ Բացի մշակութային իրադարձություն լինելուց, այս ելույթները նաև առիթ են, որ արցախցիները մի տեղ հավաքվեն, շփվեն։
Պիեսի հեղինակը կարևոր թեմա է ընտրել, և առավել նշանակալի է, որ դերերում արցախցի, տարբեր սերունդների դերասաններ են։ Բեմի և զգեստների նկարիչն է Մերի Սարգսյանը։
Երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «…մեկ անգամ ևս կարող եք դիտել Կարինե Քոչարյանի «Սարից այն կողմ» ներկայացումը, լսելու Արցախի քաղցր բարբառը, հիշելու անցյալը՝ չկտրելով հայացքն ապագայից։ Ձեզ հետ անպայման թաշկինակ վերցրեք… Հիանալի ներկայացում է մեր ինքնությունն ու հիշողությունը պահպանելու, գալիք օրերի հույսն ու հավատը չկորցնելու մասին»։
Գրականագետ, երաժիշտ, թարգմանիչ Պերճ Թյուրաբյանը «Սարից այն կողմ»-ի և հեղինակի մասին գրում է․ «Գիտենք հատկապես նրանով, որ 2021 թվականի գարնանը, 44-օրյա պատերազմից հետո, Կարինե Քոչարյանը, տեղափոխվելով հետպատերազմյան Արցախ, ապրել է այնտեղ հինգ ամիս, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրել է «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացումը՝ ըստ Նարինե Աբգարյանի համանուն վեպի։ Այդ ներկայացումը ցուցադրվել է թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, Եվրոպայի մի շարք քաղաքներում, Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում… Արցախն արդեն հայաթափված էր ու մնացել էր սարերից այն կողմ։ Եվ այսօր՝ Հայաստանում, նա Արցախի դերասանների հետ բեմադրել է «Սարից այն կողմ» ներկայացումը, որի հեղինակն ինքն է։ Նա նորից խիզախում է, նա բացում է վարագույրը, քանի որ վարագույրները չեն կարող փակվել հրահանգով։ Պատմության, կյանքի, ճակատագրի, ողբերգության էջերը չեն կարող փակվել հրահանգով, ըստ «հարմարավետության»։ Արվեստն ու թատրոնը հարցեր ու պատասխաններ են փնտրում՝ սարի այս կողմում, սարի այն կողմում»։
Արցախցի բանաստեղծուհի, ՀԳՄ և ԱԳՄ անդամ Սոնյա Համբարձումյանը «Սարից այն կողմ»-ը համարում է պատմամշակութային ներդրում «Մունք» մշակութային ՀԿ-ի կողմից։
««Սարից այն կողմ» թատերական դրաման չսպիացող հուշ է և ապրելաձև, մտածելակերպ, որի ժամանակ հանդիսատեսը տեսնում է այն սերը, ցավը, կարոտը, խռովքը, որն ունի իր մեջ Հակարիի կամուրջը ֆիզիկապես հաղթահարած յուրաքանչյուր հայ...», — գրում է նույն ճանապարհով անցած բանաստեղծուհին։
Զոհրաբ Ըռքոյան



























































