Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր զինանոցի վերջին փամփուշտը Հայաստան-Արցախ վերամիացման հայտարարությունն է». Կիրո Մանոյան

Մայիս 07,2019 14:51

Մեր զինանոցի վերջին փամփուշտը Հայաստան-Արցախ վերամիացման հայտարարությունն է, ոչ թե Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքը: Այս հայտարարությունն այսօր Արցախում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ժամանակ արեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Մինչ «վերջին փամփուշտին» հասնելն, ըստ նրա անհրաժեշտ է ունենալ Հայաստան-Արցախ իրավապայմանագրային հարաբերություններ, ինչն էլ կապահովի ռազմաքաղաքական դաշինքը:

Նրա կարծիքով, այսօր հնարավոր չէ 180 աստիճանով շրջադարձ կատարել`անցնելով 1989-ի վերամիավորման որոշումը: Մինչդեռ քայլեր այդ ուղղությամբ պետք է անել`անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք կլինի միջազգային հանրության եւ Ադրբեջանի կողմից: «Հեշտ չի լինելու, բայց դիմագրավելու եւ մեր հաջողության միակ գրավականը միասնականությունն է: Այստեղ կարող է լինել նաեւ դերերի բաշխում, կարող են բարձրացվել այնպիսի հարցեր, որոնք այս կամ այն կողմը կարող է նպատակահարմար չգտնել: Բայց պետք չէ ընդունել այնպիսի վախվորած կեցվածք, որն անարդարացի ձևով կբերի հիասթափության ուրիշների կողմից»,- ասաց նա` հավելելով, որ մեղադրել միջազգային հանրությանը կամ որեւէ մեկին պետք չէ, քանի դեռ մենք վճռականություն չենք անում:

Մանրամասները` տեսանյութում 

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ հարցը դիտարկում է միջազգային դատաիրավական դաշտում: Այդ համատեքստում «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի որոշումը նա բացասական ակտ է համարում: Հիշեցնենք, գործը վերաբերվում է ադրբեջանցի 6 փախստականի: ՄԻԵԴ-ի որոշման համաձայն, նրանք չեն կարողացել վերադարձնել Լաչինում գտնվող իրենց սեփականությունը, որը կորցրել էին ԼՂՀ հակամարտության ժամանակ։ «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը համարել էր, որ տեղի են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներ։

«Այս վճիռը, անցանկալի լինելով, անսպասելի չէր, քանի որ դա ընդհանուր տենդենցի մաս է, որ Եվրոպական դատարանն իրականացնում է չճանաչված պետությունների մասով և փորձում է ինչ-որ ճանաչված պետություն գտնել ու նրա ուսերին դնել պատասխանատվություն՝ չճանաչված պետություններում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված: Ես այն կարծիքին եմ, որ ինչպես այս պարագայում, այնպես էլ այլ դեպքում, կարելի է ինչ-որ դրական բան տեսնել: Սա կարելի է համարել ազդակ, որ ՀՀ-ն մարդու իրավունքների մասով որոշակի քայլեր ձեռնարկի Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ հարգելով Արցախի ինքնիշխանությունը»,- ասաց Արցախի նախկին ՄԻՊ-ը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031