Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին շուտով կունենա սպորտի թանգարան

Հուլիս 16,2019 22:30

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր հյուրընկալել էր Մինսկում կայացած եվրոպական երկրորդ խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին (հունահռոեմական ոճի ըմբշամարտ), աշխարհի, Եվրոպայի և միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող և մրցանակակիր Կարապետ Չալյանին (հունահռոեմական ոճի ըմբշամարտ) և նրանց մարզիչներին:

Գյումրու քաղաքապետը մեկ անգամ ևս պարծեցավ չեմպիոններով, խոսեց Գյումրիում սպորտային համալիր ունենալու անհրաժեշտության մասին։

«Ես հպարտանում եմ ձեզանով, Գյումրին ապացուցեց ևս մեկ բան, որ սպորտային մայրաքաղաք է, որի համար էլ արժանի է՝ ունենա այն սպորտային պալատը, որպեսզի ավելի լավ մարզումներ անցկացնենք, մեր մարզիկները չգնան հավաքների ուրիշ տեղ, հատկապես, որ Գյումրու եղանակը սպորտսմենի համար հրաշք է, ինչի՞ պիտի գնան ուրիշ տեղեր։

Իրոք հպարտանալու է, էդ դահլիճների մեջ, չեղած տեղը չեմպիոններ․․․ Ուր գնում, չեմպիոն դարձած գալիս են, էսօր եթե 5 ոսկե մեդալ է գալիս, 3-ը գալիս է Գյումրի, պիտի հաշվի առնենք, որ 100 հազարանոց փոքր քաղաքի մեջ, չգիտեմ էլ 100 հազար մարդ կա,  թե չկա էլ Գյումրիում, մենք 3 հատ Եվրոպայի խաղերի չեմպիոն ենք տալիս։ Նայում ես հավես տղեք, ընտանիքի տղեք, համեստության տիպար են, դա էլ է շատ կարևոր, որ երբեք աստղային հիվանդությունը չի տանում, մենք էլ լավ չենք նայում, հնարավորություն չունենք, քիչ ունենք, բայց էլի նման հաջողություն են ունենում, որի համար պիտի պարծենաս, շնորհակալ լինես։ Էսօր Չինաստանից հյուրեր ունեի, ասում եմ Գյումրին սպորտային քաղաք է, դե պատկերացրեք, 9 միլիոնանոց Սիան քաղաքը չեմպիոն չունի, 100 հազարանոց Գյումրին երեք հատ չեմպիոն ունի»,-պարծենցավ քաղաքապետը։

Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, որ նրա մարզիչն է, նշեց, որ Գյումրիում սպորտային համալիր ունենալն ուղղակի անհրաժեշտություն է։

«Դա կլինի ի շահ քաղաքի, ի շահ հանրապետության, հիմա մենք պիտի Երևան գնանք հավաքների, խեղդոց է այնտեղ, այս ամիսների հավաքները կարելի է Գյումրիում անել, շատ ավելի բարձր մակարդակի տանել մրցումների։ Գյումրին տարիների ընթացքում  վաստակել է այդ իրավունքը, որ պիտի ունենա սպորտային համալիր»,-ասաց Գևորգ Ալեքսանյանը։

Գյումրու քաղաքապետը նաև նշեց, որ Գյումրին շուտով կունենա սպորտի թանգարան, որը  լեգենդար մարզիկների մասին ողջ պատմություն կփոխանցի սերունդներին, կխրախուսի նրանց։

«Մենք տեղ ենք ման գալիս սպորտային թանգարան սարքելու, սա շատ լավ գաղափար է, պատկերացրեք, որ կարողանանք պատմությունը վեր հանել, ինչքան սպորտսմենների հոսք կբերի այդ թանգարանը Գյումրի»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031