Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարությունը պարզաբանում է, թե ինչու առանձին եվրոպական երկրներ այդպես էլ չեն վավերացնում Ստամբուլյան կոնվենցիան

Օգոստոս 08,2019 16:54 Share

Փաստարկ և հակափաստարկ՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վերաբերյալ

Փաստարկ. Առանձին եվրոպական երկրներ այդպես էլ չեն վավերացնում այդ Կոնվենցիան (օրինակ՝ Միացյալ Թագավորությունը): Հենց ԵՄ կառույցներն են տարակուսանքի մեջ ու հարկադրված դիմել են Արդարադատության դատարան:

Հակափաստարկ N 1. Հիմնական պատճառը, որը դանդաղեցնում է ՄԹ կողմից Կոնվենցիայի վավերացումը, համապատասխանությունն է կոնվենցիայի 44-րդ հոդվածին (Արտատարածքային իրավազորությունը-Extraterritory Jurisdiction), ինչը նշանակում է, որ ամբողջ Թագավորության տարածքներում օրինազանցներին պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է ունենալ մեկ միասնական օրենսդրական դաշտ:

ՄԹ մի շարք ոլորտներում արդեն իսկ ունի համապատասխան միասնական իրավական կարգավորումներ, նաև այնպիսի հանցագործությունների տեսակների համար, որոնք նախատեսված են Կոնվենցիայով (հարկադիր ամուսնություն, ամլացում, ստերջացում և այլն), սակայն որոշ ոլորտներում, ինչպիսիք են ընտանեկան բռնության որոշ տեսակները, բռնաբարությունը, սեռական ոտնձգությունները, դեռ մեծածավալ աշխատանք կա իրականացնելու: Միաժամանակ, իրավասությունների վերաբերյալ Կառավարության քաղաքականության համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթարկումն ու դատավճռի կայացումն իրականացնում է ՄԹ այն առանձին պետության քրեական դատարանը, որի տարածքում իրականացվել է հանցանքը: Ուստի, այս առումով ևս հսկայական աշխատանք պետք է իրականացվի՝ 44-րդ հոդվածը լիարժեք կիրարկելու համար[1]:

Այլ կերպ ասած՝ ՄԹ օրինակում չվավերացման պատճառը Թագավորության և դրա բոլոր տարածքներում ազգային օրենսդրության համապատասխանեցման բարդ խնդիրն է, որի բարդությունը պայմանավորված է նաև այն բազմաթիվ փոքր կղզիների և Բրիտանական 14 անդրծովյան տարածքների առկայության փաստից, որոնք չունեն ինքնավարություն և գտնվում են ՄԹ իրավազորության տակ, այսինքն՝ Կոնվենցիայի իմաստով համարվում են ՄԹ: Բացի այս, ավանդական հասարակության և պահպանողականության հանգամանքներին հղում կատարողներն առնվազն պետք է նաև հրապարակեն փաստերը, որ ՄԹ-ում օրենքով արտոնված են միասեռ ամուսնությունները դեռևս 2014 թ-ից, իսկ Որդեգրման և երեխաների մասին ակտի համաձայն միասեռ ամուսինները կարող են երեխա որդեգրել դեռևս 2002թ-ից:

Հակափաստարկ N 2. 2017 թվականի հունիսի 13-ին ԵՄ Հանձնաժողովը ԵՄ անունից ստորագրել է կոնվենցիան՝ հիմք ընդունելով Խորհրդի 2017 թվականի մայիսին ընդունված երկու որոշումները, որոնցից մեկը վերաբերել է փախստականների ու նրանց չվերադարձելիության հարցերին, իսկ մյուսը՝ քրեական գործերով դատական համագործակցության հարցերին:

2019 թվականի ապրիլին Եվրոպական պառլամենտում հարց է բարձրացվել[2], թե արդյոք իրավական հիմքերի տեսանկյունից Խորհրդի երկու որոշումներ պետք է դրվեն կոնվենցիային միանալու հարցի հիմքում և ոչ թե` մեկը:  Ուստի, ԵՄ պառլամենտը դիմել է Արդարադատության դատարան և խնդրել Դատարանին մեկնաբանել իրավական անորոշությունը, թե արդյոք Կոնվենցիային միանալը (accession) համապատասխանում է ԵՄ հիմնական համաձայնագրերին այն տեսակետից, որ արդյոք չի առաջացնում իրավական հիմքի ընտրության հարց՝ Խորհրդի երկու որոշմամբ Կոնվենցիայի ստորագրման (signing) և ամփոփման/վավերացման (conclusion) առումով:

Ավելին, ԵՄ խորհրդարանի կողմից հաստատված նույն փաստաթղթում, տեքստի գործառնական մասում (ոչ նախաբանի) հղում է կատարվում ԵՄ խորհրդարանի 2017 թվականի սեպտեմբերի 12-ի ընդլայնված բանաձևին[3], որում խորհրդարանը կոչ է անում ԵՄ անդամներին միանալ Կոնվենցիային՝ առանց սահմանափակումների և ձգձգումների:

Այլ կերպ ասած՝ ԵՄ պառլամենտը դատարան է դիմել բացառապես իրավական ընթացակարգային հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար:

Կոնվենցիայի վերաբերյալ այլ փաստարկներն ու հակափաստարկները այստեղ :

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

[1] ՄԹ Ստամբուլի կոնվենցիան ստորագրել է 2012թ.-ին, ու չնայած այն հանգամանքին, որ մինչ օրս ՄԹ օրենսդիր մարմինը չի վավերացրել կոնվենցիան, ՄԹ-ում 2018թ-ի Կառավարության տարեկան զեկույցի համաձայն՝ կոնվենցիայի 95% հոդվածներն արդեն իսկ ազգայնացվել են, ու առկա է համապատասխան տեղական օրենսդրություն: Չվավերացման փաստը պետությանը չի ազատում համապատասխան բարեփոխումներ կատարելուց: ՄԹ-ում իրականացվող փոփոխությունները ներառում են կոնվենցիայի բոլոր ուղղությունները՝ ներառական քաղաքականություն, կանխարգելում, պաշտպանություն և արդարադատություն: Այս համատեքստում իրականացվում են բամաբնույթ աշխատանքներ, ինչպես օրինակ՝ օրենսդրական փոփոխություններ, ինստիտուցիոնալ վերակառուցումներ ու հզորացման գործընթացներ, ֆիզիկական հիմնարկների կառուցում և այլն: Այս շրջանակներում կառավարությունն ավելացրել է նշյալ 4 ուղղություններին տրամադրվող ֆինանսական հատկացումները, համապատասխանաբար՝ 100 մլն. ՖՍ, 32 մլն. ՖՍ, 21 մլն. ՖՍ և 68 մլն. ՖՍ: Առանձին ֆինանսական հատկացում կա նաև վերականգնողական աշխատանքների ու ծառայությունների համար՝ մոտ 175 մլն ՖՍ չափով:
[2] http://www.europarl.europa.eu/doceo/document/TA-8-2019-0357_EN.html
[3] http://www.europarl.europa.eu/doceo/document/TA-8-2017-0329_EN.html?redirect

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031