Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ Հայաստանում, նշվում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հուշագրում

Մայիս 27,2026 17:08 Share

Հայաստան․ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում անհրաժեշտ է ավելի մեծ առաջընթաց

Ստրասբուրգ, 2026 թվականի մայիսի 27 — Կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ Հայաստանում, ասվում է այսօր հրապարակված հուշագրում, որը պատրաստել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին՝ 2026 թվականի փետրվարին երկիր կատարած այցից հետո։ Թեև հանձնակատարը ողջունում է իշխանությունների պատրաստակամությունը՝ զբաղվելու կանանց նկատմամբ բռնության խնդրով, նա մատնանշում է իրավակիրառման և տուժածների պաշտպանության ոլորտներում առկա բացերը։

Օրենսդրական բարեփոխումները հստակ առաջընթաց են արձանագրել, մասնավորապես՝ 2017 թվականի «Ընտանեկան բռնության մասին» օրենքում 2024 թվականին կատարված փոփոխությունները և 2022 թվականի Քրեական օրենսգիրքը, ինչպես նաև կանանց և աղջիկների պաշտպանության նոր գործիքների ներդրումը՝ ոստիկանության և դատարանի պաշտպանական որոշումներ, աջակցության ծառայությունների ստեղծում։

2025-2028 թվականների Գենդերային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը ևս օգտակար ճանապարհային քարտեզ են։ Համաշխարհային գենդերային ինդեքսներում Հայաստանի առաջընթացը ևս արտացոլում է այս դրական քայլերը։ Սակայն օրենքների կիրառման հարցում խնդիրները պահպանվում են։

Ըստ հաղորդումների՝ իրավապահ մարմիններն ու դատական համակարգը հաճախ առաջնահերթ են համարում ընտանեկան հաշտեցումը և «ընտանիքում խաղաղության վերականգնումը», այլ ոչ թե տուժածների կարիքները։ Իշխանությունների հետ շփումը երբեմն կրկին տրավմատիկ է դառնում տուժածների համար, որոնք բախվում են զոհին մեղադրելու վերաբերմունքի և բռնարարների կողմից վրեժխնդրության վախի հետ։

Բացի այդ, անհետաձգելի պաշտպանական որոշումները ոչ միշտ են տրվում և կիրառվում հետևողականորեն։

«Ինստիտուցիոնալ մշակույթը, որը տուժածների անվտանգությունից վեր է դասում ոչ պաշտոնական ընտանեկան հաշտեցումը, չափազանց շատ կանանց է թողնում անպաշտպան», — հայտարարել է հանձնակատարը։

«Կանանց և աղջիկների պաշտպանությունը պահանջում է ոչ միայն օրենքներ, այլև դրանց կիրառման հստակ հանձնառություն և այնպիսի պայմաններ, որոնցում զոհերը կստանան աջակցություն և արդարություն»։
Պահպանվում են նաև գործնական բացերը։ Դեռևս չկա միասնական, պետության կողմից աջակցվող, շուրջօրյա ազգային թեժ գիծ։

Տուժածների ապաստարաններն ու մարզային աջակցության կենտրոնները բախվում են ֆինանսավորման պակասի, կախված են մասնավոր դոնորներից և չունեն բավարար կարողություններ՝ տուժածներին դատական գործընթացներում ներկայացնելու և խոցելի խմբերին, հատկապես հեռավոր կամ գյուղական համայնքներում, աջակցելու համար։

Բացի այդ, կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) շուրջ ապատեղեկատվությունը և հակագենդերային արշավները, որոնք տարածում են առասպելներ կոնվենցիայի վերաբերյալ, շարունակում են խոչընդոտել դրա վավերացմանը։

«Վնասակար ապատեղեկատվության դեմ պայքարը և Ստամբուլյան կոնվենցիայի անհապաղ վավերացումը կարևոր են բոլոր տուժածների համար համապարփակ պաշտպանության համակարգ ստեղծելու համար», — ասել է հանձնակատարը։

Օրենքի և գործնական իրականության միջև առկա բացը հաղթահարելու համար հանձնակատարը առաջարկում է հետևյալ հիմնական քայլերը․

• Իրավական դաշտ․ առանց հետագա ձգձգումների և վերապահումների վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, իրականացնել հանրային իրազեկման արշավներ՝ ապատեղեկատվությանը հակազդելու համար, ինչպես նաև դիտարկել ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցակազմ սահմանելու հնարավորությունը։

Ստեղծել կանանց նկատմամբ բռնությունից տուժածների փոխհատուցման հուսալի մեխանիզմ և պետական ֆինանսավորմամբ փոխհատուցման համակարգ այն դեպքերի համար, երբ բռնարարը չունի վճարելու հնարավորություն։

• Համակարգային բարեփոխումներ․ իրավապահների, դատավորների և տուժածների հետ աշխատող այլ մասնագետների համար ներդնել պարտադիր, տուժածակենտրոն և տրավմայի ազդեցությունը հաշվի առնող վերապատրաստումներ։

Շարունակել ոստիկանության և դատական ընթացակարգերի բարեփոխումը՝ պաշտպանական որոշումների արդյունավետ կիրառումն ապահովելու համար, ներառյալ դրանց խախտման դեպքում պատժամիջոցների կիրառումը։

Պարբերաբար վերանայել և հարմարեցնել տուժածների պաշտպանության արձանագրությունները՝ տրավման նվազեցնելու և բոլոր տուժածներին աջակցություն երաշխավորելու նպատակով։ Շարունակել ընտանեկան բռնության ազգային տվյալների բազայի զարգացումը՝ անհատական ռիսկերի պատշաճ գնահատում, վերլուծություն և ապացույցների վրա հիմնված քաղաքականություն մշակելու համար։

• Տուժածների համապարփակ աջակցություն․ Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան ավելացնել ապաստարանների և մարզային աջակցության կենտրոնների թիվը և անհրաժեշտության դեպքում մեծացնել դրանց ֆինանսավորումը։

Ապահովել դրանց հասանելիությունը բոլոր խոցելի խմբերի համար՝ հաշմանդամություն ունեցող կանանց, երեխաների, տարեց կանանց և փոքրամասնություններին պատկանող կանանց ներառմամբ։

Ապաստարաններին տրամադրել պետության կողմից աջակցվող անվտանգություն և տրանսպորտ։

Ստեղծել միասնական, պետության կողմից աջակցվող, շուրջօրյա ազգային թեժ գիծ կանանց նկատմամբ բռնությունից տուժածների համար։

Ապահովել, որ տուժածները յուրաքանչյուր փուլում ժամանակին ստանան իրավաբանական օգնություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031