Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». աղտոտված արագիլներին անկում է սպառնում

Օգոստոս 09,2019 23:00

Արարատի մարզի՝ յուղաշերտով աղտոտված եւ թռչելու ունակությունից զրկված արագիլների մաքրումը շարունակվում է կամավորների ջանքերով. կիրակի հերթական թռչունները կլողացվեն համապատասխան նյութերով: «Այս ամենը չպետք է կատարվի միայն կամավորների ձեռքերով: Լուրջ է պետք հարցին մոտենալ»,-Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագծի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը:

Նա նշեց. «Մենք կազմել ենք քարտեզն Արարատի մարզի այն համայնքների, որտեղ աղտոտված արագիլները հանդիպում են: Մեծ շառավղով տարածքի մասին է խոսքը, մինչդեռ Հովտաշենն է միայն ուշադրության կենտրոնում հայտնվել: Բոլոր արագիլներին բռնել է պետք, մաքրել: Ճիշտ կլինի, թե պատկան մարմինները կազմեն խորհուրդ կամ աշխատանքային խումբ: Միայն շրջակա միջավայրի նախարարության մասին չէ խոսքը: Օրինակ՝ ԱԻՆ-ի օգնությունն էլ է շատ հարկավոր, որպեսզի կարողանանք բարձրանալ արագիլների բները, այլապես բոլորին մի տեղում բռնելը հնարավոր չէ»:

Կենդանաբանն ահազանգեց, որ այս ամենը հնարավորինս շուտ պետք է կազմակերպվի. «Չկա վերականգնողական կենտրոն, որում հնարավոր կլիներ որոշակի ժամանակով պահել արագիլներին: Այս պահին միայն կամավորերն են արագիլներին մաքրում: Օգոստոսը պետք է օգտագործել, որովհետեւ եթե անձրեւային շրջան սկսվի, արագիլների անկումներ կունենանք: Քանի որ նրանք լիարժեք չեն թռչում, ջերմաստիճանի տատանումներից նրանց փետրազգեստը ջերմափոխանակություն չի կարողանա ապահովել, մարմնի ջերմաստիճանը կտրուկ կընկնի: Անձրեւներից էլ յուղաշերտն ավելի կծանրանա: Եթե համակարգային՝ միջգերատեսչական մոտեցում չցուցաբերվի, արագիլներին անկում է սպառնում»:

Լյուբա Բալյանը շեշտեց, որ խնդրի մասին խոսել է Շրջակա միջավայրի նախարարի հետ, իսկ երբ զանգել են ԱԻՆ եւ խնդրել, որ օգնեն բարձրանալ արագիլների բները, գերատեսչությունը յուրաքանչյուր անգամ աստիճանի օգնությամբ բարձրանալու համար 15 000 դրամ է պահանջել. «Սա բնապահպանական աղետ է, որից երկու ամիս է անցել: Սա կառավարության լուրջ բացթողումն է»: Հիշեցնենք, որ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ Արարատի մարզի  համայնքների հարակից ջրային տարածքներից ջրի փորձանմուշներ են վերցվել, կատարվում են լաբորատոր ուսումնասիրություններ՝ պատճառները պարզաբանելու, խնդիրը կանխելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ թռչնաբան Մամիկոն Ղասաբյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031