Լրահոս
Օրվա լրահոսը

Նշվել է Մուսա լեռան հերոսամարտի 104-ամյակը

Սեպտեմբեր 22,2019 15:07

Տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթի համաձայն սեպտեմբեր ամսի երրորդ կիրակի օրը Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում տոնակատարություն է կազմակերպվում եւ զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով, ազգային արժանապատվության բարձր զգացումով նշվում է հերոսամարտի տարելիցն ու հարգանքի տուրք է մատուցվում 18 նահատակների հիշատակին։

Ավանդական դարձած տոնակատարութանն այսօր աշխարհի տարբեր վայրերում ապրող մուսալեռցիների ու մեծ թվով հյուրերի հետ մասնակցել են նաեւ ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Ողջունելով Մուսա լեռան հերոսամարտի 104-ամյակին նվիրված տոնակատարության մասնակիցներին եւ շնորհավորելով օրվա առթիվ` փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն անդրադարձել է հերոսամարտի պատմական դրվագներին` ընդգծելով հայ քաջերի սխրանքներն ու Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի անուրանալի օգնությունը, որի արդյունքում էլ հերոսամարտը հաղթանակով է պսակվել: Նա իր շնորհակալությունն է հայտնել աշխարհասփյուռ մուսալեռցիներին, ովքեր արյան կանչով վերադարձել են Մայր հայրենիք եւ բնակություն հաստատել հայրենի հողում` վառ պահելով իրենց նախնիների հիշատակը: Ամփոփելով իր խոսքը` փոխմարզպետը ներկաներին շնորհավորել է նաեւ անկախության 28-րդ տարեդարձի առթիվ` մաղթելով բազում հաջողություններ:

Մուսա լեռան հերոսամարտի 104-ամյակին նվիրված տոնակատարությանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ներկաներին ողջունել եւ օրհնության խոսք է հղել Արմավիրի թեմակալ առաջնորդը` ցանկանալով, որ հայ ժողովրդի կյանքում գերակշռեն հաղթանակները եւ հայությունն ապրի խաղաղության ու բարօրության պայմաններում:

Օրվա խորհրդի ներքո կատարումներով հանդես են եկել Պաշտպանության նախարարության «Զորական» երգի համույթը եւ մի շարք հայկական ավանդական ու ազգագրական պարային խմբերը:

Մուսալեռան հերոսամարտի 104-ամյակին նվիրված տոնակատարության ավարտին տեղի է ունեցել հարիսայի օրհնության կարգ, որից հետո այն բաժանվել է ներկաներին:

Արմավիրի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30