Լրահոս
Օրվա լրահոսը

Մտադրված են վերջ դնել վառելիքի ներկրմանը․ Հայաստանում արդեն բիովառելիք են արտադրում

Սեպտեմբեր 23,2019 23:13

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին  Գյումրու «Սև բերդ» ամրոցում «ժամանակի հերոս» մրցանակաբաշխությանն արժանացած Ստեփան Ավագյանը, որն իր ընկերների հետ սկսել  է բիովառելիք արտադրել բուսական ծագման ձեթի թափոններից, մտադրված է  այնպիսի ծավալների հասցնել,  որ մեր երկիրը կախված չլինի վառելիքի միջազգային գնի տատանումներից․  վառելիք  ընդհանրապես չներկրի ։

Հերոսն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ Հայաստանում բիովառելիք արտադրելու գաղափարը ծագել  էր դեռ երկու տարի առաջ, 1,5 տարի աշխատել են տեխնոլոգիայի մշակման, բարելավման վրա, այնուհետ սկսել են փորձարկումները լաբորատորիաներում ու որոշել են արտադրություն սկսել մեծ ծավալներով։ Նրանք վարձակալել են տարածք, գնել են սարքավորումներ, հայթայթել  են հումքը։

«Արդեն բավական հետաքրքիր, լավ արդյունքներ ունենք դեռ տեղական հումքով, բայց կարողանում ենք օրվա կտրվածքով արտադրել 2-3 տոննա դիզվառելիք։ Ամբողջ աշխարհն արդեն, համենայնդեպս Արևմուտքն անցնում է բիովառելիքի, նույնիսկ կան օրենսդրական կարգավորումներ, որ պետք է դիզվառելիքի մեջ պարունակվի բիովառելիք։ Այս տեսանկյունից շատ պահանջված է հումքը, որը մենք այս պահին օգտագործում ենք՝ օգտագործած բուսական ձեթը։

Հիմա մենք անում ենք այդ եղանակով, տեխնոլոգիան բարելավել ենք, չենք օգտագործում պրակտիկայում ընդունված տեխնոլոգիան, մեր նորարարական մոտեցումները կան տեխնոլոգիայում, այդ իսկ պատճառով շուկայում մենք կարողանում են գնային բավական լավ առաջարկ անել, մրցակցային, բայց հումքի խնդիրը որոշել ենք լուծել՝ այն արտադրելով տեղում։ Այսինքն՝ ստանալ այն բույսը, որը, փակագծերը բացեմ, արդեն ստացել ենք, հիմա փորձարկման փուլում է, այն կտա մեծ բիոզանգված, միգուցե ամենամեծը։ Մենք հիմա փորձարկում ենք, որպեսզի առավելագույնը արդյունավետ լինի դրա աճեցումը ու հետագա օգտագործումը որպես հումք։ Այդ ճանապարհով, իհարկե, կարող ենք արդեն բավական մեծ ծավալների հասնել, գիտեք խնդիրն ամբողջ շուկան չէ, խնդիրը բոլոր ոլորտներն ապահովելը չէ, այլ շրջակա միջավայրը շատ աղտոտող տեխնիկային ապահովելն է։ Այսինքն` հնարավորինս քիչ աղտոտենք շրջակա միջավայրը։

Մեր երկրի ներսում վառելիքի արտադրություն ունենալը ռազմավարական ու ստրատեգիական նշանակություն ունի», -ասաց Ստեփան Ավագյանը։

Նա նշեց, որ  թիրախավորել են քաղաքային տրանսպորտը, որը բավական շատ է աղտոտում շրջակա միջավայրը, մյուսը գյուղատնտեսությունն է․ էկոլոգիապես մաքուր արտադրանք ունենալու համար շատ կարևոր է բիովառելիքը։

Ի դեպ, հերոսը իր ելույթում նշեց․ «Երկրի ներսում չունենալով բնական էներգակիր, մենք կարող ենք ստեղծել էներգակիր, վառելիք։ Վառելիք, որն անվտանգ է շրջակա միջավայրի համար և մյուս կարևորագույն փաստը մեր երկրի դրությունն է, և ինչ տարածաշրջանում ենք ապրում,  այսինքն՝ռազմավարական խնդիրները, բիովառելիքով կարելի է ապահովել ռազմական տեխնիկան։ Սա ինձ համար մյուս կարևոր խնդիրն է։

Ամենասկզբում, երբ սկսեցինք, մեր առջև մի քանի խնդիրներ էինք դրել՝ էկոլոգիա, ռազմավարական և տնտեսական, տնտեսական  տեսանկյունից կարևորագույն փաստն այն է, որ վառելիքի միջազգային գնի տատանումներից չկախված վառելիք ունենալն է երկրի ներսում»։

Նրա մրցանակը հանձնեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30