Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանիքը տղամարդու և կնոջ նվիրագործված միությունն է. «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» համաժողովի հայտարարությունը

Հոկտեմբեր 10,2019 15:47 Share

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ. ԱՐԺԵՔՆԵՐ և ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

Սույն թվականի հոկտեմբերի 9-ից 10-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ և բարձր հովանավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողով` «Ամուր ընտանիք՝ հզոր հայրենիք» կարգախոսի ներքո` նպատակ ունենալով բանախոսությունների և քննարկումների միջոցով ևս մեկ անգամ ընդգծելու արդի հասարակության մեջ ընտանիքի և ամուսնության քրիստոնեական ընկալման կարևորությունը՝ գնահատանքով անդրադառնալով այն ընտանիքներին, որոնք սրբությամբ ու հավատարմությամբ կրում են ընտանեկան հոգևոր ավանդներն ու արժեքները:

Քրիստոնեական ընտանիքի մոդելի պահպանումը ու տարածումը և ընտանիքի նկատմամբ հոգևոր խնամատարության իրագործումը առանցքային կարևորություն ունի Եկեղեցու առաքելության մեջ: Ըստ այսմ, համաժողովը 21-րդ դարի պահանջների ու մարտահրավերների հաշվառմամբ անդրադարձավ ընտանիքի և քրիստոնեական արժեքների վերաբերյալ հասարակական լայն ընկալումներին ու դրանց խորքային խնդիրներին` խնդրո առարկա նյութերը ամփոփելով թեմատիկ հետևյալ բաժանումներում`«Քրիստոնեական ընտանիք և ժամանակակից մարտահրավերներ», «Եկեղեցու և պետության դերը քրիստոնեական ընտանիքի պահպանության և զորացման մեջ»:

Միջազգային համաժողովի մասնակիցները իրենց դիտարկումների ու քննարկումների արդյունքում հանգեցին հետևյալ ընդհանրացումներին և ամփոփումներին.

1.Ընտանիքը, քրիստոնեական ընկալման համաձայն, անխախտելիորեն և անհրաժեշտաբար խարսխվում է Աստվածաշնչում Աստծո կողմից տրված հայտնության և պատգամի վրա (Ծննդ Ա 28, Մատթ. ԺԹ 1-12, Ղուկ. ԺԶ 18, Մարկ. Ժ 6-9): Ընտանիքի և ընտանեկան հարաբերությունների քրիստոնեական ընկալման հիմքում ընկած են ոչ թե պատմամշակութային գործոններ, մարդկային գաղափարախոսություններ ու սկզբունքներ, այլ աստվածային ճշմարիտ հայտնությունը: Ըստ այսմ՝ ընտանիքը տղամարդու և կնոջ նվիրագործված միությունն է, ուր «Ես»-ի հաղթահարման միջոցով ձևավորվում է ամուսինների որպես մեկ դառնալու` «և երկուսը մեկ մարմին պիտի լինեն» (Մարկ. Ժ 9) տերունապատվեր պատգամը: Ընտանիքը, որպես սոցիալական ինստիտուտ, նվիրագործված աստվածային ուղերձով, կոչված է մարդկային սերնդի բնականոն աճի ու կատարելագործման համար` «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրեք երկիրը և տիրեք դրան» (Ծննդ. Ա 28):

2.Ժամանակակից աշխարհում ընթացող գլոբալացման գործընթացները լուրջ մարտահրավերներ են ստեղծում ժողովուրդների արժեհամակարգերի` այդ թվում ընտանեկան արժեքների պահպանման առջև՝ վտանգելով դրանց գոյությունը և կամ ենթարկելով ձևախեղումների: Այս համատեքստում ծայր են առնում քրիստոնեական ուղղափառ ընկալումներին անհամատեղելի դրսևորումներ, որոնք ամուսնությունը զրկում են տղամարդու և կնոջ ամբողջական և անքակտելի միության բովանդակությունից ու իմաստից` պատճառ դառնալով ընտանիքների քայքայման:

3.21-րդ դարում ընտանիքի էության և գործառույթների ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է մեկտեղել ընտանեկան արժեքների պահպանմանն ու հասարակության հոգևոր դաստիարակությանն ուղղված Եկեղեցու և պետության ջանքերը: Արդի պահանջների ու մարտահրավերների հաշվառմամբ անհրաժեշտ է գտնել հավասարակշռված և գործուն լուծումներ՝ վերաիմաստավորելու Եկեղեցու և հոգևորականի դերը քրիստոնեական ընտանիքի ամրապնդման, հասարակության հոգևոր սննդի ապահովման ու դաստիարակության գործում:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031