Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». զարհուրելի դեպք Գյումրիում. շանը մեքենայից կապած՝ քարշ են տվել

Հոկտեմբեր 11,2019 23:00

Գյումրիում կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի հերթական դեպի մասին օրերս սոցցանցում ահազանգել է «Դինգո թիմ» կենդանիների իրավունքների պաշտպանության հ/կ-ն՝ հրապարակելով ականատեսի  տեսանյութ, որում շանը քարշ են տալիս մեքենայի հետնամասից կապված վիճակում: Ըստ հ/կ-ի գրառման՝ դեպքը տեղի է ունեցել Գյումրիի Կոշտոյան փողոցում: «Շանը բավականին երկար այդպես քարշ են տվել, հետո պարանը մեքենայի միջից բաց թողել ու գնացել: Պարանը շան վզին այնքան ձիգ է կապած եղել, որ ամբողջությամբ մտել է մսի մեջ: Քաղաքացին չկարողանալով պարանն ինքնուրույն հանել, քանի որ շունն իրեն ագրեսիվ է պահել, ահազանգել է 911: Հատուկ գործիքով բռնել են շանը, քնեցրել, պարանը հանել, հետո՝ բաց թողել: Ոճրագործի մեքենայի պետհամարանիշը՝ 35un091, մակնիշը՝ opel: Այս դաժանության հեղինակը Հարություն Մուրադյանն է, ով լրագրողի հետ զրույցում հաստատել է, որ շանը քարշ են տվել իրենց պատկանող մեքենայով»,-ասված է գրառման մեջ Նշենք, որ Econews-ի հետ զրույցում Մուրադյանն ասել է, թե շունը սատկած է եղել, իսկ մեքենան, թեեւ իրեն է պատկանել, բայց ինքը չի եղել միջադեպի հեղինակը:

«Դինգո թիմ» կենդանիների իրավունքների պաշտպանության հ/կ-ի համակարգող Գոհար Մանուշակյանը «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ»-ի հետ զրույցում հակառակը փաստեց. «Տեսանյութում պարզ երեւում է, որ շունը ողջ է եղել: Նույնը երեւում է նաեւ ԱԻՆ-ի աշխատակիցների նկարահանած տեսանյութում: Շունը սկզբից կարողացել է տեղաշարժվել, հետո ուժասպառ ընկել է: Այնպես որ…մտածում է, թե ուրիշներին ապուշի տեղ դնելը նորմալ է, բայց ունենք տեսանյութ, որում կենդանին ողջ է»:

Գոհար Մանուշակյանը հավելեց՝ դեպքից հետո դեռեւս հայտնի չէ, թե շունն ինչ վիճակում է. «Որեւէ մեկը նրան դեռ չի տեսել: Մենք զգուշացրել ենք, որ տեսնողները մեզ հետ կապնվեն: 911-ից փոխանցեցին, որ կենդանին բաց է թողնվել»:

Գոհար Մանուշակյանը նաեւ նշեց՝ կատարվածի վերաբերյալ ոստիկանությունից դեռեւս արձագանք չկա, թեեւ իրենք հաղորդում են տվել:

Հիշեցնենք, որ կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի համար գործող օրենքը վարչական տուգանք է նախատեսում, իսկ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը դեռեւս խորհրդարանում է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

(Շանը նկատողներին «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ»-ը եւս խնդրում է ահազանգել՝ +37495 85 99 06 հեռախոսահամարով)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031