Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարը չեմ». Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Ալիևի հայտարարությունը

Հոկտեմբեր 17,2019 22:45

Ես ԽՍՀՄ-ի մամուլի քարտուղարը չեմ: Ես չեմ կարող մեկնաբանել Ուկրաինայի կամ Ադրբեջանի քաղաքական գործիչների հայտարարությունները: Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանն առանձին սուվերեն պետություններ են: Չեմ կարող գնահատական տալ այս կամ այն հայտարարությանը՝ ՌԴ ԱԳՆ-ի անունից:  Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան  հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ճեպազրույցին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի «Վալդայ» ֆորումի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի Արցախն իբրև թե ողջ աշխարհի կողմից «ճանաչված է»  Ադրբեջանի անբաժան մաս:

Զախարովան ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարը չէ, ուստի չի կարող իմանալ՝  ինչ նկատի ուներ Ալիևը։ «Մենք կարող ենք տալ մեր գնահատականը, այլ ոչ թե մեկնաբանել»,-հավելել է նա:

Լրագրողի այն դիտարկմանը, որ ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է ՀՀ  վարչապետի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը, Զախարովան ասել է, որ  իրենք  ականատես են լինում արցախյան հիմնախնդրին վերաբերող  քաղաքական տարբեր հայտարարությունների թե՛ Երևանի, թե՛ Բաքվի կողմից: Նրա խոսքով՝ այդ հայտարարությունները  հուզական տարբեր մակարդակներ, ինչպես նաև պատմական տարբեր բովանդակություն ունեն: «Մենք ելնում ենք բանակցային այն օրակարգից, որն ունենք սեղանին: Ռուսաստանն աշխատում է կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև համաձայնեցված փաստաթղթերով»,- ասել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

«Մեր կողմից մենք միշտ կոչ ենք արել կառուցողական մոտեցում ցուցաբերել: Եվ կասկածել, որ նրանց նպատակը հենց դա է, ես չեմ կարող ու չեմ ցանկանում, քանի որ բոլորը պատասխանատու քաղաքական գործիչներ են և արտահայտում են իրենց ժողովուրդների ցանկությունները»,-հավելել է նա:

Զախարովան ընդգծել է, որ կան համաձայնեցված փաստաթղթեր, օրակարգ՝ առաջ շարժվելու համար:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը նաև անդրադարձել է հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի՝ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում   գտնվող հուշատախտակի շուրջ ծավալված աղմուկին: Հուշատախտակը տեղադրվել է դեռ 2012 թվականին և ադրբեջանցի ակտիվիստները պատրաստվում են դիմել դատախազություն՝ պահանջելով ապամոնտաժել այն հայկական եկեղեցու բակից: Զախարովան ասել է, որ ծանոթ չէ իրավիճակին և հավելել, որ Ռուսաստանում եկեղեցին առանձնացված է պետությունից:

«Եթե գլոբալ մոտեցում ցուցաբերենք այս խնդրին,  կարծում եմ, որ պետք է վերադառնանք այսպես ասած պատմության ակունքներ: Այս դեպքում խնդրին գնահատականներ տվել ենք,  ինչպես այս ճեպազրույցների ձևաչափով, այնպես էլ արտգործնախարարության հատուկ զեկույցներում… Մեր գնահատականն ակտուալ է առ այսօր»,-հավելել է Զախարովան:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031