Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Նրա վաղաժամ ազատ արձակման հարցն ընդհանրապես չպետք է ծագեր․ Հոկտեմբերի 27-ի զոհերի ընտանիքները՝ Նաիրի Հունանյանի դիմումի մասին․ «168 ժամ»

Հոկտեմբեր 26,2019 11:09

1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական պաշտոնյաների ընտանիքների անդամներն ուշի ուշով հետևում են ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման դիմումի շուրջ ծավալվող իրադարձություններին և կատեգորիկ դեմ են նրա ազատ արձակմանը:

Նրանք հույս են փայփայում, որ երկրի ներկայիս ղեկավարությունը, ինչ էլ լինի, քաղաքական մոտիվներից դուրս, սթափ դատողությամբ որոշում կկայացնի:

«Լրատվամիջոցներում զանազան մեկնաբանություններ են հնչում, սկսել են Նաիրի Հունանյանի խցի պայմանների մասին մտահոգություններ հայտնել, նրա կաշկանդված խոսքի, հոգեկան առողջության մասին են խոսում: Բնական է, որ տարբեր են ԶԼՄ-ները, տարբեր ուժային կենտրոններից եկող արձագանքները պիտի տարբեր լինեն, բայց ես չեմ կարծում, որ այդ ողբերգական հանցագործության հնչեղությունը խամրել է այսքան տարի անց, և ժողովուրդը հանդուրժողաբար կարձագանքի ոճրագործի ազատ արձակման հնարավորությանը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց հոկտեմբերի 27-ին գնդակահարված ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանի որդին՝ հայտնի փաստաբան Էմիլ Պետրոսյանը:

Ահաբեկչությանը զոհ դարձած մյուս պետական գործչի՝ պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների պրոֆեսոր Միքայել Քոթանյանի որդին՝ Տիգրան Քոթանյանը, ավելի կտրուկ արձագանքեց հարցին.

«Ինչպե՞ս կարելի է մտածել, որ այդ նենգ ոճրագործի ազատ արձակման մասով ընդհանրապես կարող են երկու տարբեր կարծիքներ լինել. իհարկե՝ ՈՉ: Հետևաբար՝ այդ հարցադրման իմաստը նաև չկա, հատկապես՝ զոհերի ընտանիքներիս համար: Նենգ մարդն ընդամենը ցանկացել է օգտվել օրենքով իրեն տրված հնարավորությունից, բայց սա չի կարող քննակման նյութ լինել, ահաբեկչի ազատ արձակումը վտանգավոր է ողջ հասարակության համար»,- ասաց նա:

Իսկ Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի առաջին արձագանքն ուղիղ հարցադրում էր երկրի ղեկավարությանը՝ «Մենք մարսե՞լ ենք հոկտեմբերի 27-ի հետևանքները, այո՞, անցե՞լ ենք այդ դաժան ճանապարհը, հաղթահարե՞լ ենք արդյոք այդ ողբերգական օրվա կրակոցների թողած բեռը, որ այսօր այդպիսի հարց առաջանար, նրա վաղաժամ ազատ արձակման հարցն ընդհանրապես չպետք է ծագեր, չպետք է մտներ օրակարգ»:

Այս ամենից ի՞նչ ազդակներ եք նկատում, արդյոք Նաիրի Հունանյանին տրվող հնարավորությունը՝ ոճրագործությանն իրավական լուծում տալու փոխարեն, չի՞ դառնա նոր իշխանությունների ձեռքին զուտ քաղաքական խաղաքարտ՝ իշխանությանը նոր դիրքեր ապահովելու համար, հետաքրքրվեցինք մեր զրուցակիցներից: Նրանք բոլորը համարում են՝ գործը թերի է քննված, վարկածները չեն հիմնավորվել, բայց ընդգծում են, որ այս ամենում իրենց բացառապես իրավական հանգուցալուծումն է հետաքրքրում, և ոչ թե՝ «քաղաքական առուծախը»:

Մյուս կողմից՝ չեն տեսնում այն ազդակները, որ իշխանությունների մոտ կա ռեալ ցանկություն՝ գործն ամբողջությամբ բացահայտելու համար, ըստ էության նաև թերահավատորեն են նայում իշխանության ջանքերին՝ հաշվի առնելով հեղափոխությունից հետո իրավապահ համակարգի գերբեռնվածությունն ու քննվող մի շարք աղմկահարույց գործեր:

«Ասում են՝ նոր հանգամանքներ պիտի ի հայտ գան, որ գործը բացահայտվի, տարբեր մարդիկ նոր հանգամանքների մասին են պատմում: Էդ հին դատախազը հինն է, շահագրգռված չի ուրեմն, նոր դեմքերն էլ ուղղակի ժամանակ չունեն «Հոկտեմբերի 27»-ին անդրադառնալ, որովհետև «Մարտի 1»-ի գործով են տարված: Մարտի 1-ին իրենք բոլորը ցավ զգացել են իրենց մաշկի վրա, հոկտեմբերի 27-ի ցավը մաշկի վրա չեն զգացել»,- օրերս ասել էր ԱԺ նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը:

Այդուհանդերձ, ի՞նչ սպասել գործող իշխանությունից։ Այս հարցին բոլորը նույն կերպ արձագանքեցին՝ որևէ դեպքում Նաիրի Հունանյանին չի կարելի ազատ արձակել: «Ոճրագործների կրակոցները միայն մեր հայրերի ու ամուսինների դեմ չէր ուղղված, այլև մեր պետականության դեմ էր, և այդ կրակոցներով խաթարվեց մեր պետականաշինության ընթացքը, զարգացող Հայաստանի ապագան կործանելու համար էր կազմակերպված այդ հանցագործությունը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային հերոս, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը:

Սյուզի ԲԱԴՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031