Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ գործընկերության օրակարգը և խորացման հեռանկարները

Հոկտեմբեր 31,2019 21:03

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Վ. Սմիթը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Ռայան Քեմբլը:

Ողջունելով ԱՄՆ գործընկերներին՝ վարչապետը նախ երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից համապատասխան բանաձևի ընդունման կապակցությամբ և նշել, որ բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ուղղությամբ ու կարևոր նշանակություն ունի ողջ հայ ժողովրդի, Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգների համար։ Անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ գործընկերությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգ ունի, հաստատակամ է այն կյանքի կոչելու հարցում և միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ օժանդակությունն էլ ավելի կխթանի դրանց հաջող իրականացումը:

Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ ԱՄՆ-ն ևս հետաքրքրված է Հայաստանի հետ արդյունավետ գործընկերությունն էլ ավելի զարգացնելու հարցում: Դեսպան Թրեյսին ասել է, որ ՀՀ-ԱՄՆ համագործակցության ծրագրերի շրջանակում 2019 թ. ԱՄՆ օժանդակությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 40 տոկոսով, և առաջարկել քննարկել այն Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը ծառայեցնելու հնարավորությունները: Իր հերթին ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսը նշել է. «ԱՄՆ կառավարությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին, հակակոռուպցիոն օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ջանքերին։ Հպարտությամբ վերահաստատում ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ՝ շարունակելով ռազմավարական խորհրդակցություններն այս առանցքային հարցերի շուրջ»:

Հանդիպմանը քննարկվել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել դատաիրավական, հակակոռուպցիոն, տնտեսական, օրենսդրական բարեփոխումների գործընթացում համագործակցության հնարավորություններին: Տնտեսական զարգացմանը միտված նախաձեռնությունների շրջանակում մտքեր են փոխանակվել զբոսաշրջության, էներգետիկայի, ագրոբիզնեսի, ՓՄՁ խթանման ուղղություններով ընթացիկ ծրագրերի շուրջ, արծարծվել են հետագա անելիքներին առնչվող հարցեր, խոսվել է նաև երիտասարդության քաղաքացիական ակտիվությունը խթանող նախաձեռնությունների անհրաժեշտության մասին:

Հայաստանում ԱՄՆ դեսպանը գոհունակություն է հայտնել ՀՀ վարչապետի աշխատակազմի, ինչպես նաև պետական գերատեսչությունների հետ համատեղ աշխատանքից և վերահաստատել Միացյալ Նահանգների՝ ՀՀ կառավարության առաջնահերթություններին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ԱՄՆ հետ գործընկերության և փորձի փոխանակման կարևորությունը Հայաստանի բարեփոխումների, տնտեսական առաջընթացի և ժողովրդավարական հաստատությունների զարգացման համատեքստում:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031