Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ժողովուրդը մեր աջակիցը լինի՝ կխնդրենք մերժել այն բոլոր ուժերին, ովքեր դեմ են եղել Սահմանադրական փոփոխությանը. Սամվել Բաբայան. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 14,2019 14:08

Արցախի Ազգային ժողովը վերջերս մերժեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից նախաձեռնված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ Բաբայանին զրկելով 2020-ին սպասվող նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունից։ Բաբայանը շուրջ 25 հազար ստորագրություն էր հավաքել եւ առաջարկում էր փոխել Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը։

Եվ քանի որ այս որոշումից հետո Բաբայանը դեռ որեւէ քայլ չի ձեռնարկել, ուստի տեղեկություններ էին շրջանառվում, որ նա պայմանավորվածությունների է գնացել, որոշել է խաղից դուրս գալ։ Երեկ այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Սամվել Բաբայանի հետ։

– Պարոն Բաբայան, վերջերս Արցախի Ազգային ժողովը մերժեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի ընդունվելու դեպքում դուք հնարավորություն էիք ունենալու ձեր թեկնածությունն առաջադրել 2020-ին սպասվող   նախագահական   ընտրություններում։ Ինչպե՞ս եք գնահատում Ազգային ժողովի որոշումը։

– Այս առաջարկը ոչ միայն ինձ էր վերաբերում, այլեւ այն երիտասարդներին, որոնք ապրում են Հայաստանում, բայց կցանկանային իրենց   գրանցումը   տեղափոխել Ղարաբաղ եւ այնտեղ ակտիվ գործունեություն ծավալել։ Մենք փաստաթղթերով ներկայացրել էինք, որ 10 հոգուց ավելի մարդ, բարձրագույն կրթություն ստացած, պատրաստ են վերադառնալ Արցախ։ Իրենք չընդունեցին դա։ Ես մեկ ամիս առաջ ասել էի, որ 25 հազար մարդու անտեսել՝ նշանակում է, որ այդ մարդիկ, նրանց հարազատները ընտրություններին անտեսելու են էդ քաղաքական ուժերին, նրանց լիդերներին, բոլորին ջնջելու են։ Իրենք չլսեցին, գնացին տապորային ճանապարհով։ Այն բոլոր մեկնաբանությունները, որ եթե ընդունեինք էլ, չէինք հասցնի, սուտ են։ Իրենք մոռացել են, որ 2017 թվականի փետրվարին փոխել են Սահմանադրությունը, նույն 2017 թվականի մայիսին պառլամենտական ընտրություն արել, եւ անօրեն՝ երրորդ անգամ նախագահ ընտրել, ավելի շուտ՝ նշանակել։ Այսինքն, 4 ամսվա մեջ կարողացել են ե՛ւ Սահմանադրություն փոխել, եւ ընտրություն կազմակերպել։

Երկրորդ խնդիրն այն է, որ այդ Սահմանադրությունը փոխել են ժամանակին եւ նախագահին ու պառլամենտը հավասարացրել։ Այսինքն, նախագահը չի կարող ցրել Ղարաբաղի պառլամենտը, ցրելու դեպքում մեկ տարի հետո ինքն էլ պետք է հեռանա։ Իրենց ընդունած օրենքն է դա ասում։ Էսօր պառլամենտի դերը ավելի բարձր է, քան նախագահինը։ Հիմա եթե ես միտինգներով, հանրահավաքներով փորձեի այդ իշխանությունը փոխել՝ պիտի ասեին՝ պարոն Բաբայանը իր անձի համար կռվում է, որ ամեն գնով աթոռ վերցնի։ Բայց քանի որ պարոն Բաբայանը ծրագրային է գնացել Ղարաբաղ, սոցիալ-տնտեսական հարցեր լուծելու, ռազմական հարցեր լուծելու, ժողովրդի կյանքը բարելավելու, պարոն Բաբայանը դրա կարիքը չունի, կարող է մտնել պառլամենտ, պառլամենտով էդքանը անի։ Դրա համար ոչ մի կռիվ պետք չի տալ, պետք է հանգիստ, ժողովրդի հետ երկխոսությունով գնալ այդ ընտրություններին եւ լուծել այդ խնդիրը։

– Այսինքն, պատրաստվում եք խորհրդարանական ընտրությունների՞ն մասնակցել։

– Ղարաբաղում խորհրդարանական,   նախագահական   ընտրությունները նույն օրն են։ Մենք մասնակցելու ենք նոր՝ «Միացյալ հայրենիք» կուսակցությունով, որ պառլամենտում ունենանք մեծամասնություն։ Եթե ժողովուրդը մեր աջակիցը լինի՝ կխնդրենք մերժել այն բոլոր ուժերին, ովքեր դեմ են եղել Սահմանադրական փոփոխությանը։

– Խոսակցություններ կային, որ եթե Ազգային ժողովը մերժի ձեր կողմնակիցների ներկայացրած նախագիծը՝ ձեր աջակիցներին փողոց եք հանելու, ակցիաներ անեք։ Չե՞ք նախատեսում որեւէ քայլ։

– Ես, որպես Բաբայան, որեւէ ակցիայի կողմնակից չեմ եղել որեւէ ժամանակ։ Եթե որեւէ մեկը ցանկություն ունի ակցիաներ անելու, թող անի, դա իր խնդիրն է, բայց ես չեմ գնացել աթոռի կռիվ տալու։ Ի՞նչ տարբերություն՝ նախագա՞հ ես նստած, թե՞ պառլամենտում մեծամասնություն։ Եթե ժողովուրդը քեզ հավատում է, այնտեղ էլ է հավատալու։ Ձայները վերցրու, քո ծրագրերը իրականացրու։ Դրա համար տալ թեմա իշխանություններին, թե Բաբայանը եկավ այստեղ արյուն թափելու… ես չեմ ուզում որեւէ մեկի քթից արյուն գա, որեւէ ցնցում լինի։ Ես ասում եմ՝ ընտրական ծրագրերով    ներկայացեք    ժողովրդին, վերցրեք պատասխանատվություն եւ կատարեք։ Ես գնում եմ այդ ճանապարհով, իմ աջակիցներին կոչ եմ արել, ձեր միջոցով էլ կոչ եմ անում, որ որեւէ մեկը չմտահոգվի, այն, ինչ ծրագրել ենք, իրականացնելու ենք, չմտահոգվեք։ Այդ մասին գիտի նաեւ իշխանությունը, եթե չիմանային՝ չէին մերժի, կգրանցեին ու ցույց կտային, որ էդ մարդը արժեք չունի, զրո է :

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930