Լրահոս
Օրվա լրահոսը

Համածառայակցի մահվան գործով մեղադրվող ջոկի հրամանատարի համար համաներում էին պահանջում, պատժի չափը վերաքննիչ դատարանը մեկ տարով ավելացրեց

Նոյեմբեր 15,2019 13:00

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Սարգսյանի դատավճռով Գարեն Հովհաննիսյանն ազատազրկվել է 5 տարի 6 ամիս ժամկետով:

Պատժի կրման սկիզբը հաշվել են 2017 թվականի հունվարի 17-ից:

Գարեն Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնվել է անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Նշեմ, որ Սյունիքի մարզի դատարանն անդրադառնալով տուժողի իրավահաջորդի քաղաքացիական հայցին, այն մերժել է հետեւյալ պատճառաբանությամբ.

«Սույն քրեական գործով քաղաքացիական հայց է ներկայացրել տուժողի իրավահաջորդ Հարություն Սարգսյանը` խնդրելով ամբաստանյալ Գարեն Հովհաննիսյանից հօգուտ իրեն բռնագանձել 900.000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես հուղարկավորության հետ կապված կատարված ծախս: Վերոգրյալը հաշվի առնելով՝ անդրադառնալով տուժողի իրավահաջորդ Հարություն Սարգսյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցին՝ դատարանը գտնում է, որ այն պետք է մերժել, քանի որ դատաքննությամբ ուսումնասիրված փաստաթղթերից, մասնավորապես` 2.54. եւ 2.57. կետերում նշված փաստաթղթերից, երեւում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԱՀ պաշտպանության բանակի կողմից արդեն իսկ Հարություն Սարգսյանին հատուցվել է հուղարկավորության հետ կապված ծախսերը, ուստի այն ամբաստանյալից բռնագանձելու անհրաժեշտություն առկա չէ»:

Դատավճիռը բողոքարկվում էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Բողոքներ էին բերել թե տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը, թե  ամբաստանյալի պաշտպանը:

Լ.Սիմոնյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ երկրորդ ատյանի դատարանից խնդրել էր բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի սեպտեմբերի 26-ի դատավճիռը եւ այն ուղարկել ստորադաս դատարան՝ այլ կազմով քննության:

Խնդրանքը չբավարարելու դեպքում դատավճիռը փոփոխել պատժի մասով եւ Գարեն Հովհաննիսյանի նկատմամբ նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայով նախատեսված ավելի խիստ պատիժ:

Ըստ բողոքաբեր կողմի. «Սույն գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից  իրականացված քննության ընթացքում տեղի է ունեցել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված  կյանքի իրավունքի խախտում»: Դեռ մարզի դատարանում Լ.Սիմոնյանը իր ճառում միջնորդել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի հիմքով դիմել ՀՀ գլխավոր դատախազին՝ քննիչ Նորայր Հովսեփյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ: Ըստ դատարանի, քննիչի վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, իսկ նրա կողմից նախաքննության ընթացքում թույլ տված էական խախտումների վերաբերյալ դատարանը որոշել է կայացնել համապատասխան որոշում: Դատարանը որոշել էր մերժել Լ.Սիմոնյանի միջնորդությունը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի հիմքով ՀՀ գլխավոր դատախազին քննիչ Նորայր Հովսեփյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմելու մասին:

Ինչ վերաբերում էր Եվրոպական կոնվենցիայի խախտմանը, ըստ դատարանի. «2017 թվականի հունվարի 17-ին տեղի ունեցած դեպքից անմիջապես հետո, նույն օրը հարուցվել է քրեական գործ եւ նախաքննական մարմինը ձեռնամուխ է եղել նախաքննության իրականացմանը: Գործի քննության առաջին իսկ պահից, քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում ի հայտ է եկել վարկած, որ Գուրգեն Սարգսյանին հրազենային վիրավորում պատճառել է Գարեն Հովհաննիսյանը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում: Դեպքի հետ կապված կատարվել են բազմաթիվ քննչական եւ դատավարական գործողություններ եւ ձեռք է բերվել ապացույցների բավականին մեծ զանգված, որոնցում առկա փաստական հանգամանքներից ելնելով էլ մեղադրանք է առաջադրվել Գարեն Հովհաննիսյանին եւ քրեական գործն ուղարկվել է դատարան: Ոչ նախաքննության եւ ոչ էլ դատաքննության ընթացքում Գուրգեն Սարգսյանի մահվան դեպքի հետ կապված այլ վարկածի մասին եւ ոչ մի փաստական տվյալ ի հայտ չի եկել: Գործով հարցաքննված վկաներից ոչ ոք Գուրգեն Սարգսյանի մահվան վերաբերյալ այլ վարկած չի հայտնել: Նման տեղեկություն չի ստացվել նաեւ օպերատիվ հետախուզական գործունեության արդյունքում: Այսինքն պետությունն՝ ի դեմս նախաքննական մարմնի, կատարել է իր պոզիտիվ պարտավորությունը Գուրգեն Սարգսյանի մահվան փաստի պատշաճ քննության մասով, ինչից ելնելով էլ դատարանը որոշեց մերժել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լ.Սիմոնյանի միջնորդությունը՝ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված կյանքի իրավունքի խախտում արձանագրելու վերաբերյալ»: Լ. Սիմոնյանն ասաց. «Քննությունը պետք է լինի մանրամասն: Դա նշանակում է, որ քննչական մարմինները միշտ պետք է կատարեն լուրջ քայլեր, որպեսզի պարզեն` ինչ է տեղի ունեցել, եւ չպետք է հիմնվեն շտապողական կամ թույլ պատճառաբանված հետեւությունների վրա, որպեսզի փակեն իրենց քննությունը կամ որպես իրենց որոշումների հիմք ընդունեն: Նրանք պետք է կատարեն իրենց համար հասու բոլոր ողջամիտ քայլերը, որպեսզի ապահովեն դեպքի հետ կապված ապացույցները, ներառյալ, ի թիվս այլոց, ականատեսների հարցաքննությունը եւ բժշկական ապացույցները: Քննության ցանկացած թերություն, որը հարցականի տակ է դնում պատճառված վնասվածքների պատճառները կամ պատասխանատու անձանց պարզելու կարողությունը, վտանգում է այս չափանիշի իրագործումը (տես, ի թիվս այլոց, Mikheyev v. Russia, 2006 թվականի հունվարի 26-ի վճիռ, գանգատ թիվ 77617/01, կետ 107):

Քննությունն արդյունավետ համարելու համար այն իրականացնող պատասխանատու մարմիններն օրենքով եւ գործնականում պետք է անկողմնակալ եւ անկախ լինեն»:

Ամբաստանյալի պաշտպան պարոն Իշխանյանն էլ միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել ավելի մեղմ պատիժ եւ կիրառել Համաներում եւ ազատել պատժի կրումից:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նոյեմբերի 11-ի որոշմամբ մասնակի բավարարվել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքը եւ ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է ավելի խիստ պատժաչափ՝ 6 տարի 6 ամիս ժամանակով:

Դատարանը ապացուցված  համարեց այն, որ ՊԲ N զորամասի հրամանատարի 2017 թվականի հունվարի 10-ի թիվ 7 հրամանով 2017 թվականի հունվարի 13-ին նույն զորամասի 4-րդ  գումարտակի 10-րդ վաշտի 3-րդ դասակի զինծառայողները, այդ թվում՝ 8-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գարեն Հովհաննիսյանը եւ նույն ջոկի պարտադիր ժամկետային զինծառայող, ավագ հրաձիգ, շարքային Գուրգեն Սարգսյանը մարտական հերթապահության են նշանակվել նշված զորամասի պահպանության տակ գտնվող N մարտական դիրքում: Նույն հրամանով դիրքի ավագ է նշանակվել Գարեն Հովհաննիսյանը, իսկ հենակետի պատասխանատու է նշանակվել նշված դասակի հրամանատար, լեյտենանտ Աշոտ Պողոսյանը, որի գտնվելու վայրը սահմանվել է` N մարտական դիրքը:

2017 թվականի հունվարի 16-ին` ժամը 23:30-ի սահմաններում, լեյտենանտ Աշոտ Պողոսյանն ու կրտսեր սերժանտ Գարեն Հովհաննիսյանը մարտական դիրքից գնացել են հարակից մարտական դիրք` ջուր եւ փոցխ բերելու նպատակով: Վերադառնալով իրենց դիրքը, լեյտենանտն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի 817818 համարի ինքնաձիգը փոխանցել է դիրքի հերթափոխում գտնվող, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Սարգսյանին եւ կարգադրել վերջինիս կազմակերպելու ինքնաձիգի ստուգիչ լիցքաթափման գործընթացը, որից հետո Ա. Պողոսյանը գնացել է զուգարան: Դիրքի ավագ, գործով մեղադրյալ, կրտսեր սերժանտ Գարեն Հովհաննիսյանն, ըստ գործով ձեռք բերված ապացույցների, շարքային Վլադիմիր Սարգսյանից վերցրել է նշված ինքնաձիգը եւ գնացել դիրքի կացարան` անձամբ ինքնաձիգի ստուգիչ լիցքաթափման գործընթացը կատարելու համար: Այդ ժամանակ կացարանում են գտնվել պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արա Բլբուլյանը, Ներսիկ Հոխանյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Տիգրան Սայադյանը` քնած վիճակում եւ կացարանի ելքի դռան մոտ տեղադրված դաշտային հեռախոսի մոտ կանգնած է եղել կապավոր, շարքային Գուրգեն Սարգսյանը: «Ժամը 23:55-ի սահմաններում մտնելով կացարան, կրտսեր սերժանտ Գարեն Հովհաննիսյանը սկսել է ԱԿ-74 տեսակի 817818 համարի ինքնաձիգի ստուգիչ լիցքաթափման գործընթացը, որի ընթացքում խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, այն է` մոռացության պատճառով փամփուշտներով լիցքավորած պահեստատուփն ինքնաձիգից չի անջատել, այդ վիճակում քաշել է ինքնաձիգի փակաղակը, ինչի հետեւանքով ինքնաձիգը լիցքաթափման փոխարեն լիցքավորվել է, եւ Գարեն Հովհաննիսյանը ստուգիչ կրակոց կատարելու նպատակով սեղմել է ձգանը, որի արդյունքում արձակված մեկ կրակոցից կացարանում գտնվող կապավոր, շարքային Գուրգեն Սարգսյանին անզգուշությամբ պատճառել է գլխի` հրազենային, գնդակային, միջանցիկ վիրավորում, ինչի կապակցությամբ վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Ստեփանակերտի զինհոսպիտալ, իսկ 2017 թվականի հունվարի 24-ին` Երեւանի կենտրոնական կլինիկական զինհոսպիտալ, որտեղ էլ 2017 թվականի մարտի 1-ին` ժամը 14:10-ին, Գուրգեն Սարգսյանն առանց գիտակցության գալու՝ ստացած հրազենային վիրավորման հետեւանքով մահացել է»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930