Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճում բաց թողնվեց Սևանի իշխանի Ամառային և Գեղարքունի ենթատեսակների շուրջ 60 հազար մանրաձուկ

Նոյեմբեր 20,2019 17:29

Նոյեմբերի 19-ին Կարճաղբյուր եւ Մաքենիս գետերից Սևանա լիճ բաց թողնվեց Սևանի իշխանի Ամառային և Գեղարքունի ենթատեսակների շուրջ 60 հազար մանրաձուկ: Բացթողման աշխատանքները վերահսկում էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը: Միջոցառմանը մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: Մանրաձկան բացթողումն իրականացվել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» ծրագրով, Սևանի իշխանի մանրաձկան գործարանում աճեցված մանրաձկան պաշարների հաշվին: Ինչպես հավաստեց Սևանի իշխանի մանրաձկան գործարանի տնօրեն Տիգրան Վարդանյանը, Սեւանա լիճ է բաց թողնվել Սեւանի իշխանի Ամառային ենթատեսակի 24-25 գրամ միջին քաշով 10 հազար, Գեղարքունի ենթատեսակի 40-50 գրամ միջին քաշով 10 հազար եւ 3-5 գրամ միջին քաշով 40 հազար հատ մանրաձուկ:

«Տեղափոխելուց ընդհանրապես անկում չգրանցվեց: Բավականին առողջ, կենսունակ մանրաձուկ էր: Հույս հայտնենք, որ Սևանի էնդեմիկ ձկնային պաշարները կհամալրվեն: Ձուկը գետով բարձրանում է, և բնական վերարտադրություն է տեղի ունենում: Արդյունքներն ավելի տեսանելի կլինեն, եթե հաջողվի Սևանա լճում կանոնակարգել արդյունագործական ձկնորսությունը»,-հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը:

«Եղել է ընդհանուր ժողով, որի ժամանակ որոշվել են բացթողնման քանակը, չափսերը և վայրը: Մինչև 2015 թվականը Սևանա լիճ բաց թողնվող իշխանի մանրաձուկը գնվում էր հիմնականում Արարատյան դաշտավայրի ձկնաբուծական տնեսություններից` պետական բյուջեի միջոցներով: Արդեն 4 տարի մանրաձուկն ամբողջությամբ իր միջոցների հաշվին բաց է թողնում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը»: Մեր արտադրածը շատ ավելի կենսունակ մանրաձուկ է, քանի որ այն արտադրվում է տեղում , և՛ ջերմաստիճանային տարբերություններ չկան, և՛ կենսաբանական ծագմամբ այն մաքուր է, խառնածին չէ: Եկող տարվա համար ևս մեր հիմանդրամը սահմանելու է իշխանի մանրաձկան ենթատեսակների արտադրության և Սեւանա լիճ բաց թողնելու չափաքանակները, որոնք կարտադրվեն մեր կողմից: Բնական վերարտադրության միջոցով լճի էնդեմիկ ձկնատեսակների պաշարների համալրումը ևս կարեւորում ենք, սակայն դրան խանգարում են չթույլատրվող որսագործիքներով ապօրինի ձկնորսությունը և ձկների համար ձվադրավայր հանդիսացող գետերի աղտոտվածությունը»,-նշեց Տիգրան Վարդանյանը:

«Սևանի իշխան» ՓԲԸ-ին պատկանող մանրաձկան գործարանում լճի էնդեմիկ և վերացող ձկնատեսակների պահպանման նպատակով սեփական նախաձեռնությամբ հավաքագրվել է Սևանի կողակի որոշ խմբաքանակ: 2020 թվականի գարնանը մեկնարկելու են նաև այս ձկնատեսակի փորձնական վերարտադրության աշխատանքները:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930