Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան. «Այսօր ֆեդերացիայի անկախ կոմիտեներից մեկի նախագահը անհեթեթ հայտարարություն է արել Հենրիխ Մխիթարյանի մասին»

Նոյեմբեր 21,2019 23:35

ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանը այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը անդրադարձավ շրջանառության մեջ դրված մի տեղեկության, իբր թե Հենրիխ Մխիթարյանի թեւից հավաքականի ավագի թեւկապը պետք է հանվի:

«Այսօր ֆուտբոլի ֆեդերացիայի անկախ կոմիտեներից մեկի նախագահ Մեսրոպ Առաքելյանը արել է մի անհեթեթ ու անթույլատրելի հայտարարություն, թե Հենրիխ Մխիթարյանի թեւից պետք է հանենք ավագի թեւկապը: Ես ուզում եմ նշել, որ դա բացառապես այդ մարդու անձնական կարծիքն է, որը մենք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, չենք կիսում: Ընդհակառակը, դատապարտում ենք նման հայտարարությունները: Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ես անգամ կասեմ՝ լավագույն ֆուտբոլիստն է: Նա ոչ միայն ֆուտբոլիստ է, այլ առհասարակ Հայաստանի ժողովրդի դեսպանն է ողջ աշխարհում, եւ իր նվիրված խաղով, նվիրվածությամբ ֆուտբոլին ապացուցել է, որ հանդիսանում է թիմի ավագը եւ արժանի է կրել այդ թեւկապը»:

Գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը ասվածին ավելացրեց. «Ասվածը բացառապես Մեսրոպ Առաքելյանի տեսակետն է եւ այդ տեսակետը բնականաբար մենք չենք կիսում եւ կիսել չենք կարող: Հենրիխ Մխիթարյանը ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը եւ մենք բոլորս խոնարհվում ենք նրա առաջ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետի խորհրդական, ՀՖՖ Ներքին աուդիտի եւ համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հայկական ֆուտբոլի ողբերգությունը ունի տասնամյակների հիմք։ Տեղային, կարճաժամկետ հաջողությունները հետ են շպրտել երկարաժամկետ նպատակները։
Ամեն անգամ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալուն պակասում է մի փոքր եթե։ Եթե սրան հաղթեինք, եթե սա խաղար, եթե… Եթե…

Մենք չենք ունեցել և հիմա էլ չունենք ֆուտբոլային երկիր դառնալու նպատակ և ծրագրեր։ Մենք պետք է հասկանանք, որ երկար, դեռ շատ երկար ժամանակ դուրս չենք գալու աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Նման նպատակները ջարդուփշուր են անում բոլորին՝ վերջին դարձնելով գնդակ տշող։

Ֆուտբոլային երկիր դառնալու համար մեզ պետք է՝
• ֆուտբոլային ենթակառուցվածքներ՝ լիքը ստադիոններ ու փոքր դաշտեր, ֆանտաստիկ ազգային ստադիոն,
• մանկապատանեկան ֆուտբոլի մասսայականացում՝ նախկին Կաշվե գնդակի ձևաչափի ներդրում,
• Հայաստանի առաջնությունում աստիճանաբար լեգիոներների լիմիտի ներդրում՝ բարձրագույն խմբում առաջին 20 ռմբարկուների մեջ ընդամենը 2 հայ կա,
• ֆուտբոլային ներդրումների աջակցության պետական համալիր ծրագրերի իրականացում,
• ազգային հավաքականի մթնոլորտի կտրուկ փոփոխություն՝ ընդհուպ ավագի փոփոխություն, ով այսօր մեղմ ասած թքած ունի հավաքականի վրա,
• ԵԱՏՄ լեգիոներների հարցի շուտափույթ կարգավորում,

Այս ամենից առաջ էլ, հետո էլ ֆուտբոլը մնում է խաղ, որտեղ ոչինչ երաշխավորված չէ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930