Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Ավետիսյան. Արայիկ Հարությունյանը ոչ բարյացակամ տանտիրոջ պես պահեց իրեն, ես կասեի՝ ապաշնորհ տանտիրոջ պես. «Հրապարակ»

Դեկտեմբեր 05,2019 12:27

Նախօրեին ոստիկանությունը, բռնի ուժ կիրառելով, ցրեց  ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ հավաքված  երիտասարդներին, որոնք պահանջում էին նախարարի հրաժարականը։

Եթե փողոցում ավելի շատ ուսանողություն պահանջեր Արայիկ Հարությունյանի հրաժարականը, այդ փաստը որեւէ բան կփոխե՞ր. ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Ավետիսյանը նախ նկատում է. «Ուսանողներ չեն եղել, ՀՅԴ երիտասարդական թեւն էր, մեր ուսանողները հիմա դասի են եւ առայժմ ակնկալում են հանդիպումներ, քննարկումներ թե՛ համալսարանում, թե՛ համապատասխան օղակներում»:

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի հետ դասախոսների հանդիպմանը, Յուրի Ավետիսյանն ընդգծում է, որ նա նախընտրել է ոչ թե գալ համալսարան, այլ իր մոտ կազմակերպել հանդիպումը՝ իր նախընտրած ձեւաչափով, մի բան, որը, ըստ նրա, հնարավորություն չի տվել դասախոսներին, ըստ էության, արտահայտվելու, որովհետեւ վերջին խոսքը վերապահեց իրեն եւ ժամուկես տեւած հանդիպման մի ժամն ինքն է խոսել. «Այն խնդիրները, որ բարձրաձայնել էինք, քննարկման առարկա չդարձան, ավելի շատ մասնավոր հարցեր քննարկվեցին։ Ինքը նախընտրեց իր տանը հանդիպում կազմակերպել, մենք հյուր էինք գնացել, եւ այդ իմաստով ես, իհարկե, վատ տպավորություններ ունեմ, որովհետեւ ոչ բարյացակամ տանտիրոջ պես պահեց իրեն, ես կասեի՝ ապաշնորհ տանտիրոջ պես, կառուցողական եւ բովանդակային քննարկման համար երեւի թե այլ դիրքորոշում պետք է որդեգրեր ինքը։ Ամեն դեպքում՝ հույս ունեմ, որ այս քննարկումները դեռ կշարունակվեն, որովհետեւ նախագիծը վերստին դրվել է քննարկման»։

Յուրի Ավետիսյանը հարցի լուծումը տեսնում է նրանում, որ մի քիչ ավելի շատ ժամանակ տրամադրվի խնդիրը լուծելու համար. «Այս հարցին կարելի է անդրադառնալ, ասենք, 6-7 տարի հետո, երբ դպրոցներում կարգավորվի վիճակը, նոր դասագրքեր, նոր չափորոշիչներ, դասավանդման նոր կարգ կունենանք։ Երբ ավագ դպրոցն ի վերջո կկատարի իր դերը, կարելի է մտածել նաեւ բուհում փոփոխություններ անելու մասին։ Բացի այդ, տարիների ընթացքում բուհի համապատասխան՝ հայոց լեզվի ամբիոններն իրենց գործը կանեին՝ պատրաստելով մասնագիտական լեզվի դասագրքեր, ձեռնարկներ, դրանից հետո կարելի կլիներ քննարկել՝ պե՞տք է, թե՞ ոչ։ Ի վերջո, կարելի է, չէ՞, համբերել մի քանի տարի, պահանջներ, պայմաններ դնել, վերահսկել, սպասել արդյունքների եւ նոր քննարկման առարկա դարձնել հարցը։ Էական փոփոխություններ պետք է կատարել ավագ դպրոցում, որն այսօր իր դերը չի կատարում բոլոր առումներով, ե՛ւ դասագրքերն են անհաջող, ե՛ւ ծրագրերը, որովհետեւ ավագ դպրոցը դարձել է նախորդ 3 տարիների պարզունակ կրկնություն ու գրեթե բոլոր առարկաների գծով։  Այս դեպքում նկատի ունեմ հենց հայոց լեզուն, որը, ցավոք, իր դերը չի կատարում, 3 տարի շարունակ այդ  ավագ դպրոցի երեխաները զբաղված են ժամավաճառությամբ եւ եկել են՝  բուհի առաջին կուրսում ընդամենը 60-100 ժամի համար քննարկումներ են  ծավալում։ Դա առնվազն ազնիվ չէ»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031