Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Մանուկյան. «Անպատկերացնելի է, երբ օգնում ես երեխաների հետ ինքնասպանության դիմած կնոջը»

Դեկտեմբեր 14,2019 18:55

Նարինե Մանուկյանը «Կանանց աջակցման կենտրոնի» սոցիալական աշխատողն է: Ի՞նչ է անում. ասում է՝ օգնում է բռնության ենթարկված կանանց՝ վերականգնելու կյանքի գույները:

Նարինեն ասում է՝ հենց սկզբից էլ գիտակցել է՝ աշխատանքը բարդ է լինելու. «Աշխատանք էի փնտրում, իմացա թափուր աշխատատեղի մասին, մասնակցեցի հարցազրույցին ու երբ հասկացա, թե ինչ թիրախային խմբի հետ պիտի լինի աշխատանքս, սկզբում մի քիչ վարանեցի, մտածեցի՝ արդյոք ես կկարողանամ այդ դժվար իրավիճակում հայտնված կանանց աջակցել, տալ այն ամենն, ինչ իրենք ուզում են: Բայց հետո ես համարձակություն գտա իմ մեջ, որոշեցի՝ այո, ես կարող եմ:  Ու սկսեցի»:

Նարինեն արդեն 5 տարի է՝ աշխատում է կենտրոնում ու արդեն 5 տարի է՝ ամեն օր, երբ մտնում է իր գրասենյակ, նայում է օրակարգը ու սպասում այդ օրվա այցելուին՝ բռնության ենթարկված կնոջը. «Երբ նրանք հուսահատ վիճակում գալիս են մեզ մոտ, երբ տեսնում եմ այդ պահին նրանց անհանգստությունը, ուզում եմ նրանց համար ամեն ինչ անել, որպեսզի նախ այդ վիճակից դուրս բերեմ»: Ու սկսում է համբերություն, հոգատարություն պահանջող աշխատանքը՝ գտնում է բռնության ենթարկված կնոջ ուժեղ կողմերը, գտնում սոցիալական կապերը, որով նրան, կենտրոնի այլ աշխատակիցների հետ համատեղ աշխատանքի միջոցով վերադարձնում են հասարակություն, այն միջավայր, որտեղ բռնության ենթարկված կինը պետք է վերապրի եւ կայանա. «Որովհետեւ ընտանեկան բռնության ենթարկված կանայք խնդիր ունեն հասարակության հետ, իրենց կարող են մերժել, որովհետեւ նա ամուսնալուծվել է, դուրս է եկել կամ փախչել այդ ընտանիքից, գուցե սկզբում առանց երեխաների, հետո երեխաներն են մեր աջակցությամբ միացել մորը, եւ հուզերի ու ապրումների առումով բարդ է աշխատանքը: Դեպքեր են լինում, որ քնած ժամանակ էլ ես մտածում այդ մասին, ու երբ առավոտյան զարթնում ես, արդեն լուծումը գտել ես ու շտապում ես աշխատավայր՝ օգնելու մարդուն»:

Հետո այդ լուծումները քննարկում են շահառուի հետ, այդ կնոջ հետ միասին անցնում են հաղթահարման ճանապարհը. «Մենք տալիս ենք կարթը, որպեսզի ինքը ձուկը բռնի»:

Այդքան ծանր դեպքերին ծանոթանալը, հուսահատ կանանց հետ աշխատելը Նարինեի համար սովորական մի բան չէ, դժվար է պատկերացնել, թե ինչ ահռելի աշխատանք է անում, երբ օգնում է մի կնոջ, որը ինքնասպանության փորձ էր արել իր անչափահաս երեխաների հետ: Ասում է՝ երբեմն աշխատանքային հույզերը տանն էլ հետն են լինում:

«Գիտեք, այդ տրավմայի ազդեցություն այնքան ուժեղ է,  որ այդ կինը երբեմն մտածելու կարողությունից հետ է մղվել, ինքը միայնակ լուծում չի գտնում, նրա համար ամեն ինչ սեւ ու սպիտակ է: Մենք նրա գույներն ենք վերականգնում, որպեսզի առաջ շարժվի»,-ասում է Նարինեն:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Նյութը պատրաստվել է ԵՄ եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ: Դրա բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը, այն չի արտացոլում ԵՄ եւ ԲՀՀ-հիմնադրամներ-Հայաստանի տեսակետները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031