Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանի մայրը համոզված է, որ ՀՖՖ արտահերթ ժողովը խայտառակություն էր

Դեկտեմբեր 23,2019 19:33 Share

ՀՖՖ արտահերթ ժողովը դեռ չէր ավարտվել, երբ լրագրողներին մոտեցավ եւ իր վրդովմունքն արտահայտեց ֆեդերացիայի նախկին աշխատակից եւ գործկոմի արդեն նախկին անդամ, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը:

«Սա խայտառակություն է: Ես ավելի քան 40 տարի ֆուտբոլում եմ եւ նման բան երբեք չեմ տեսել: Քվեարկության ժամանակ ես հասկացա, թե ինչ է կատարվում: Ոչ ֆուտբոլային մարդիկ գուցե չհասկանան, բայց նրանք, ովքեր ֆուտբոլում են, հասկանում են»,- ասաց նա:

Հարցին, թե կոնկրետ ում է մեղադրում կամ ինչու է կատարվածը խայտառակություն համարում, Մարինա Թաշչյանը պատասխանեց. «Երեւի դուք էլ  նկատած կլինեք, որ ամեն ինչ պայմանավորված էր բոլոր ակումբների հետ: Ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ պայմաններ են առաջարկել, որ ակումբներն այդպես որոշեցին: Բայց միայն այն, որ Մելիքբեկյանի շտաբը գտնվում էր ֆեդերացիայի շենքում, արդեն բավական էր, որ ամեն ինչ հասկանայիր: Իմ կարծիքով, պարոն Մելիքբեկյանը պետք է նախ արձակուրդ վերցներ, այս քանի օրը աշխատանքի չգար: Թե չէ՝ նա նստում է ֆեդերացիայի շենքում, ընդունում, բանակցություններ է վարում անկախ համարվող կազմակերպությունների հետ: Ես որքան տեղյակ եմ, Թովմաս Գրիգորյանը Արմեն Մելիքբեկյանին առաջարկել է արձակուրդ վերցնել: Եթե որոշեցին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտը կասեցնել, ինչո՞ւ նույն հիմքով չկասեցրեցին ակադեմիան, որը նույնպես ֆեդերացիայի կառույց է:

Ես 40 տարի ֆուտբոլում եմ եւ իմ թեկնածությունը առաջադրվել էր «Նորացված Փյունիկ»-ից: Նրանք ամեն ինչ արեցին, որ «Նորացված Փյունիկը», որի ղեկավարը Ռուբեն Հայրապետյանի որդին է,  չմասնակցի ընտրություններին: Երեւի ես նրանց խանգարում եմ»: Տիկին Մարինան ասաց, որ չգիտի, թե ֆեդերացիայի այս նոր կազմով հայկական ֆուտբոլն ինչպես է զարգանալու: «Ժամանակը ցույց կտա: Բայց ինձ թվում է, որ ֆուտբոլն այս վիճակում Հայաստանում չի զարգանա: Ես գտնում եմ, որ մինչեւ ընտրությունները ակումբների վրա ճնշում եղել է»:

Գնահատելով ՀՖՖ նախագահ ընտրված Արմեն Մելիքբեկյանի որակները՝ Մարինա Թաշչյանն ասաց. «Շատ լավ խոսում է: Մնում է տեսնենք, թե գործում ինչ է անելու»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031