Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Դուք մի մտածեք իր հոգեկան ապրումների մասին՝ հետո ինքը դժբախտ կլինի, երջանիկ կլինի՝ ինքը կորոշի». Նաիրա Զոհրաբյանը՝ Արայիկ Հարությունյանին

Դեկտեմբեր 23,2019 19:55

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում, ինչպես տեղեկացրել ենք, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հորդորեց ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորների՝ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Հարություն Բաբայանի կողմից հեղինակած «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը չընդունել՝ բացատրելով, որ դա համակարգը էլ ավելի է աղճատելու, գործազուրկների բանակն է ավելանալու:

Պատգամավորներն առաջարկում են, որ ուսումնարաններում ու քոլեջներում մրցութային կարգով ոչ միայն պետպատվերով, այլեւ՝ վճարովի կարգով տեղեր սահմանվեն, որ երեխաները ստիպված չգնան ավագ դպրոցներ, փոխարենը՝ արհեստ սովորեն:

Արայիկ Հարությունյանը փորձեց պատգամավորներին բացատրել, որ եթե այս օրենքն ընդունեն, համակարգը էլ ավելի վատթար վիճակում է հայտնվելու է, լուրջ խնդիրներ են լինելու, էլի ծնողները իրենց երեխաներին բուժքույր ու բուժեղբայր են փորձելու դարձնել, իսկ այդ մասնագիտությունների պահանջարկը չկա, գործազուրկների բանակն են համալրելու, երեխաներին դժբախտացնելու են:

«Իմ քայլի» պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը Արայիկ Հարությունյանի բացատրությունները լսելուց հետո հայտարարեց, որ էլ ավելի վստահաբար կողմ է քվեարկելու, որովհետեւ ոչ եթե օրենքի արդյունքում դժբախտ բուժքույր է լինելու, չընդունման պարագայում երեխաները չեն գնալու ավագ դպրոց ու անգրագետ էլ ամուսնանալու են, ինչպես մարզերում հաճախ անում են. «Մասնագիտական կարողություն ձեռք բերած մայրը գոնե կարող էր իր երեխաներին պետք գալ»:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց. «Ինձ մոտ տպավորություն է, որ մենք տարբեր լեզուներով ենք խոսում, կա՛մ մենք չենք կարողանում ձեզ հասկանալ, չնայած ընկալունակություններս բավարար են, կա՛մ դուք չեք ուզում մեզ հասկանալ: Ինձ թվում է՝ մտածում եք նախարարությունը, կառավարությունը դիսկոմֆորտի մեջ չընկնի: Ես շուկան ուսումնասիրել եմ, 15 տոկոսն է դիմում միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, աշխատաշուկայում 80 տոկոս պահանջարկ կա: Դուք անընդհատ բուժքույրերից եք խոսում, մերժեք իրենց, եթե բուժքրոջ կարիք չկա, դուք կարողանում եք լավ ասեք՝ ոչ: Շուկայում այսօր կա զոդողների, ատաղձագործների, բանվորի, պրոֆեսիոնալ աշխատավորի կարիք, որոնք կամ արտագաղթած են, կամ եթե ուզում ենք մեր տանը վերանորոգում անենք, ամիսներով պիտի սպասենք, որ որակյալ աբոյ խփող, զոդող կամ էլեկտրիկ գա: Նախագիծը շատ պարզ է, տեսեք ինչքան պահանջարկ կա մասնագիտական հմտությունների, մարդը թող վճարի, գնա սովորի: Դուք մի մտածեք իր հոգեկան ապրումների մասին՝ հետո ինքը  դժբախտ կլինի, երջանիկ կլինի…ինքը կորոշի իր երջանկության եւ դժբախտության, իր հոգեվիճակի հարցը: Ես այստեղ տեսնում եմ, որ իրական մտահոգությունը ավագ դպրոցների հարցն է: Մտահոգվեք, չմտահոգվեք՝ Հայաստանում ավագ դպրոցները կայացած չեն, դա միանշանակ է: Սա ավելի է վատթարացնելու ավագ դպրոցների վիճակը, որովհետեւ դրանք կայացած չեն: Ազնիվ կլինի իրական մտահոգությունների մասին խոսենք: Որ դուք ասում եք՝ երեխաները կլացեն, այ էդտեղ են երեխաները լացում, որովհետեւ չեն ուզում գնան ավագ դպրոցներ: Մենք այս նախագծով կկոտրենք բուհերի հանդեպ սրբազան սարսուռը, որ բոլորը պիտի գնան բուհ: Մարդը կհասկանա, որ պրոֆեսիոնալ ատաղձագործն ավելի պահանջված ու հարգված է, քան տգետ դիլետանտ բանասերը, օրինակ, կամ բժշկականն ավարտած բժիշկը, որը լանցետ չի կարողանում բռնել»:

Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ ինքը ազնիվ է եղել՝ իր մտահոգությունները հայտնելիս ու ավագ դպրոցների մասին այս համատեքստում ընդհանրապես չի մտածել. «Այս որոշման կարիքը չի լինելու, եթե մենք ունենք սահմանափակման գործիք: Զոդողի, մնացած մասնագիտությունների համար ովքեր դիմել են, ընդունվել են ու թափուր տեղեր են մնացել: Օրենքը ոչինչ չի տալու: Մի 5 տարի հետո դիպլոմ ասվածը արդիական չի լինելում մարդիկ նայելու են, թե տվյալ անձնավորությունն ինչ մասնագիտական հմտություններ, գիտելիք ունի ու դա հնարավոր է լինելու ձեռք բերել նաեւ կարճ կուրսերի միջոցով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031