Լրահոս
Օրվա լրահոսը

Երկար տարիներ չեղարկված վերահսկողական գործառույթները վերսկսելը լուրջ մարտահրավեր է․ ԱԱՏՄ ղեկավարի ամանորյա ուղերձը

Դեկտեմբեր 31,2019 14:49

Մի քանի կարևոր ասելիք՝ անցնող տարվա ձեռքբերումների և 2020 թվականի անելիքների մասին

Անցած տարին առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար չափազանց կարևոր տարի էր։ Կարևոր էր սկսվող և հաջորդող տարիների աշխատանքներ իրականացնելուն պատշաճ նախապատրաստվելու, վերադասավորվելու, անելիքները պլանավորելու և կազմակերպվելու առումով։ Մեր հանրության համար չափազանց կարևոր ոլորտներում վերահսկողություն իրականացնելու լիազորություն ու պարտականություն ունեցող կառույցը, ցավոք, ժառանգել եմ բարդ ու չլուծված խնդիրների մեծ պաշարով։

Պաշտոնը ստանձնելուցս ընդամենը օրեր հետո, երբ մարզային այցերից, գույքագրումից հետո բացահայտեցի, որ մեր Տեսչական մարմնի հաստատված 280 հաստիքից համալրված է 193-ը, իսկ այդքան աշխատակցից  82-ը չունի համակարգիչներ, սեղաններ, գրասենյակային և այլ նվազագույն աշխատանքային պայմաններ։ Չկար հաստատված գործունեության ծրագիր, չկար ստուգումների տարեկան ծրագիր, կանոնակարգված չէին սահմանային հսկիչ կետերի աշխատանքները, չունեինք բողոքների ընդունման կարգ, վարույթների վարման մատյաններ և այլ տեխնիկական, տրանսպորտային միջոցներ՝ նվազագույն, կենսական աշխատանքային պայմաններ ապահովելու համար։

Այս կարճ ժամանակահատվածում մենք, վերականգնելով աշխատանքային կառուցողական մթնոլորտը, Տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամների հետ, ինտենսիվ աշխատելով մեր գործընկեր գերատեսչությունների հետ, ունենալով վարչապետի աշխատակազմի պատրաստակամությունը՝ խնդիրներին արագ արձագանքելու և դրանք օպերատիվ լուծելու հարցում, կարողացանք բավարար չափով նախապատրաստվել 2020 թվականի աշխատանքներին։

Կարևոր է, որ կարողացանք նաև փոխել անձնակազմի մոտեցումներն իրենց աշխատանքի, միմյանց նկատմամբ հարգանքի, վստահության, փոխօգնության մթնոլորտ ձևավորելու, «մերոնք-ձերոնքները» վերացնելու առումով։ Հաջողվեցին մեկ միասնական թիմ դառնալուն ուղղված շարունակական միջոցառումները։

Ինչպես թվարկված է՝ սկսվող 2020 թվականին ԱԱՏՄ-ով՝ որպես ավելի կանոնակարգված, սիմետրիկ, տրամաբանական և կարգապահ թիմով, փորձելու ենք հանդես գալ ավելի կարգապահ, ավելի գրագետ և կանոնակարգված գործողություններով։

Մենք սկսում ենք 2020 թվականը՝

  • Հաստատված գործունեության ծրագրով,
  • Հաստատված և հրապարակված Տարեկան ստուգումների ծրագրով,
  • Համալրված նվազագույն տեխնիկական պայմաններով,
  • Մի շարք այլ նախապատրաստական միջոցառումներ իրականացրած։

Սկսվող տարին փորձության տարի է լինելու մեր Տեսչական մարմնի համար։ Առաջին անգամ իրականացնելու ենք պլանային ստուգումներ, որոնք պետք է լինեն բարձր պրոֆեսիոնալ մակարդակի միջոցառումներ։ Մենք պետք է շատ լրջորեն  նախապատրաստվենք 2021թ-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող աշխատանքային իրավունքների նկատմամբ վերահսկողական գործառույթների ընդլայնմանը, որն այս տարի հավանության արժանացավ կառավարության և ընդունվեց ազգային ժողովի մեր գործընկերների կողմից։ Երկար տարիներ չեղարկված վերահսկողական գործառույթները վերսկսելը ևս լուրջ մարտահրավեր է՝ առանց նեղացնելու մեր երկրում արդյունք ստեղծող գործարարին/գործատուին։

Հաշվի առնելով մեր Տեսչական մարմնի կանոնադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ մեզ վերապահված լիազորությունների հիմնական շրջանակը՝

  • Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության նկատմամբ վերահսկողությունը,
  • Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության նկատմամբ վերահսկողությունը,
  • Բժշկական օգնության և սպասարկման բժշկական փաստաթղթերի լրացման և դրանց պահպանման նկատմամբ վերահսկողությունը,
  • Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի նկատմամբ վերահսկողությունը,

մենք շատ լավ գիտակցում ենք, թե որքան կարևոր է մեր աշխատանքի որակը մեր հանրության ամենալայն շերտերի համար։  Այս առումով մենք շատ կարևորում ենք մեր քաղաքացիների վերահսկողությունը մեր աշխատանքի նկատմամբ։ Ձեր պահանջատեր լինելու ակտիվությունը մշտապես զգոն պետք է պահեն մեր Տեսչական մարմնի աշխատակիցներին, որոնք ամեն օր ծառայում են հանուն Ձեր առողջության և անվտանգության ապահովման։

Վստահ եմ, որ սկսվող տարում մեր Տեսչական մարմնում գործակվող նոր Թեժ գծի, բողոքների ընդունման, տնտեսավարողների ռիսկերի գնահատման համակարգերը ավելի սերտ կդարձնեն մեր կապը ՀՀ քաղաքացու հետ։

Իմ և Տեսչական մարմնի անունից շնորհավորում եմ Ձեր և Ձեր ընտանիքների Ամանորն ու Սուրբ ծնունդը,

Եղեք առողջ և անվտանգ սկսվող տարում,

Շնորհակալություն համագործակցության համար,

 

Հակոբ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031