Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմոկրատների պնդմամբ՝ Թրամփը վարկաբեկել է ամերիկյան ժողովրդավարությունը. «Ամերիկայի ձայն»

Հունվար 01,2020 17:48 Share

«Ամերիկայի ձայն». Թեև խիստ անհավանական է, որ հանրապետական մեծամասնություն ունեցող Սենատը 2020 թվականին պաշտոնանկ կանի Դոնալդ Թրամփին, իմփիչմենթի գործընթացի շուրջ օրենսդիրների պայքարը հանգեցրել է կուսակցական խորը պառակտումների, որոնք նոր երանգ են հաղորդել քաղաքական դիսկուրսին Միացյալ Նահանգներում։

Ներկայացուցիչների պալատի թերևս ամենալուրջ քվեարկությանը Դոնալդ Թրամփից առաջ բախվել են ԱՄՆ-ի միայն երկու նախագահներ։

«Փաստերը անվիճելի են: Նախագահը չարաշահել է իշխանությունը հանուն իր անձնական քաղաքական շահերի՝ սպառնալիք ստեղծելով երկրի ազգային անվտանգությանը։ Նա սառեցրել է ռազմական օգնությունը և չեղարկել է կարևորագույն հանդիպումը՝ փորձելով հասնել իր քաղաքական հակառակորդի դեմ հետաքննության մասին հայտարարության հրապարակմանը»:

Սակայն Ուկրաինայի նախագահ Զելինսկու հետ Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցի փաստերը, որոնց շուրջ Պալատը եռամսյա հետաքննություն է սկսել և Կոնգրեսում 80 ժամ հրապարակային ցուցմունքներ են տրվել, բուռն քննարկման առարկա են դարձել՝ ի վերջո հանգեցնելով Թրամփի դեմ ուղղված մեղադրանքների Իմփիչմենթի հոդվածների հիմքով, ըստ որոնց նա չարաշահել է իր լիազորությունները և խոչընդոտել իրեն հետաքննելու Կոնգրեսի ջանքերին։

«Մեր երկիրը հիմնված է այն սկզբունքի վրա, որ մենք թագավորներ չունենք։ Մենք ունենք նախագահներ։ Սահմանադրությունը մեր կողմնացույցն է։ Եվ ոչ ճիշտ, անարդար որևէ բան տեսնելիս բարոյական պարտավորություն ունենք միջոցներ ձեռնարկել»:

Դեմոկրատների պնդմամբ՝ Թրամփը վարկաբեկել է ամերիկյան ժողովրդավարությունը՝ արտաքին միջամտություն ներգրավելով 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին։

«Երբ Նախագահը զոհաբերում է մեր շահերը, մեր ազգային անվտանգությունը հանուն իր ընտրության, նա զոհաբերում է մեր երկիրը իր անձնական շահի համար։ Դա վտանգում է Ամերիկայի գլխավոր արժեքը, որ մենք օրենքի երկիր ենք, այլ ոչ թե՝ մարդկանց»:

Սեպտեմբերին Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի հուլիսի 25-ի հեռախոսազրույցի սղագրությունը նախագահի վարքագծի մասին ազդարարի բողոքից հետո, ինչը հանգեցրել է Սպիտակ տան և դեմոկրատների տարաձայնությունների։

«Ես ստիպված եմ Ադամ Շիֆի հետ հարցեր լուծել, այնինչ Ուկրաինայի նոր նախագահի հետ հեռախոսազրույցը փայլուն էր։ Դա կատարյալ հեռախոսազրույց էր»:

Հանրապետականները նաև քննադատում են դեմոկրատների վարած հետաքննությունը՝ միահամուռ կերպով պաշտպանելով նախագահի շահերը, պնդելով, որ դեմոկրատները փորձում են չեղարկել 2016 թվականի ընտրությունների արդյունքները։

«Դեմոկրատները ատում են նախագահի օգտին քվեարկած 63 միլիոն մարդկանց»:

»Մենք գտնվում ենք կուսակցական սուր բևեռացման վիճակում։ Անկասկած, դա ազդում է իմփիչմենթի գործընթացի վրա։ Ընդ որում այսպիսի բևեռացման մթնոլորտ, իմ կարծիքով, չի եղել ո՛չ Քլինթոնի և ո՛չ էլ Նիքսոնի իմփիչմենթների ժամանակ»:

Բանավեճի արդյունքում գրեթե ոչինչ չի փոխվել կոնգրեսականների, ինչպես նաև հանրության շրջանում։ Իմփիչմենթի վերաբերյալ վերջնական քվեարկության արդյունքները կատարյալ կերպով բաժանվել են ըստ կուսակցական թևերի՝ հող ստեղծելով հաջորդ տարվա սկզբին ԱՄՆ Սենատում Թրամփի դատավարության շուրջ բուռն պայքարի համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031