Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի անգամ ինձ չեն տեղեկացրել, որ նախարարի այդպիսի հրաման կա». փախստական

Հունվար 10,2020 13:36

ՀՀ կառավարության 2004թ-ի թիվ 318-ն որոշմամբ և ՀՀ առողջապահության նախարարի 2018 թ-ի թիվ 451-Ա հրամանով սահմանվում է բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական կազմակերպություններ ուղեգրող հանձնաժողովների ձևավորման և գործունեության կարգը։

Համաձայն հրամանի՝ տարբեր խմբերի պատկանող անձինք, այդ թվում նաև փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքների անդամները, հանձնաժողովին ուղղված դիմումի բավարարման դեպքում իրավունք ունեն տարեկան մեկ անգամ օգտվել բժշկական անվճար ծառայությունից:

Առողջապահության նախարարության թիվ մեկ ուղեգրող հանձնաժողովի նախագահ Պետրոս Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչ այս հրամանն ընդունելը նախկինում էլ նմանատիպ գործառույթ ապահովող հրաման եղել է, իսկ սա ավելի է կարգավորել ուղեգրման գործընթացը:

Նրա խոսքով՝ եթե փախստականը հաշվառված է տվյալ պոլիկլինիկայում, այսինքն այդտեղի շահառու է, ապա իրացվում է նրա՝ այդ հրամանով սահմանված իրավունքը: Հարցին՝ փախստականն իրազեկվո՞ւմ է իր՝ այդ իրավունքի մասին, նա պատասխանեց. «Պոլիկլինիկայի աշխատողները միջնորդում են նրանց ու անհրաժեշտ թղթերի փաթեթով ներկայացնում հանձնաժողովին, բայց կարող եմ ասել, որ 2 տարի է կենտրոնական հանձնաժողովում եմ, նման դեպք չեմ տեսել, որ առանց որևէ մեկի ուղղորդման փախստականներ գան: Բոլոր այդ կարգի շահառուները գալիս են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով ու գրեթե բոլոր դիմումները բավարարվում են»,-նշեց նա՝ հավելելով, որ դիմողների մեծամասնությունը սիրիահայեր են:

Պետրոս Մանուկյանը նշեց նաև, որ թիվ մեկ ուղեգրող հանձնաժողով դիմողների 60 տոկոսը փախստականի կարգավիճակ ունեցող շահառուներն են. «2019 թվականի տվյալներով՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով 150-ից ավել մարդիկ են դիմել ու նրանց դիմումները բավարարվել են»:

Նա հավելեց նաև, որ մերժումները հիմնականում լինում են փաստաթղթերի բացակայության, կրկնակի դիմումի, ստացիոնար բուժումից անմիջապես դուրս գրվելուց հետո նորից դիմելու պատճառով:

Մ. Բ.-ն 2006 թվականին Բաղդադից է եկել Հայաստան ու մինչև հիմա փախստականի կարգավիճակ ունի: Նա հաշվառված է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինիկայում, բայց նշեց, որ տեղյակ չէ նմանատիպ հրամանի մասին. «Երբ այցելում եմ պոլիկլինիկա, ինձ հետ բարեհամբույր են, բավարարում են կարիքներս, բայց այդ հրամանի մասին ոչինչ չեմ լսել: Նախորդ տարի սոնոգրաֆիա պետք է անեին, ասացին՝ պետք է վճարել դրա համար, այս տարի անվճար արեցին»,-ասաց նա:

Ռ. Ա.-ը Հայաստան է եկել Բաքվից 1988 թվականին: Նա այն 112 ընտանիքներից մեկի ներկայացուցիչն է, որին կառավարության որոշմամբ բնակարան է տրվելու:

Առողջության մասին խոսելիս ոգևորությունը կորչում է, պատմում է առողջական խնդիրների, մի շարք հիվանդությունների մասին:

«Հաճախ եմ դիմում բժշկի, հիպոթիրեոզ, երակների լայնացում ունեմ, լեղապարկս քարերի պատճառով նորմալ չի գործում: Բայց ոչ մի անգամ ինձ չեն տեղեկացրել, որ նախարարի այդպիսի հրաման կա: Երկու ամիս առաջ իմացա դրա մասին, կոնֆերանսի ժամանակ Առողջապահության նախարարությունից մի կին ասաց, որ նման բան կա, հարցրի իմ բժշկին, ասաց, որ տեղյակ չէ: Խոստացավ ինչ-որ բան իմանալու դեպքում անպայման տեղյակ պահել»,-ասաց նա:

Նա նաև նշեց, որ պոլիկլինիկայի ծառայություններից օգտվելիս որպես փախստական ոչ մի բացառություն չի արվել. «Մեզ վերաբերվել են այնպես, ինչպես յուրաքանչյուր ՀՀ քաղաքացիություն ունեցող անձի: Հիմա եթե այդպիսի հնարավորություն կա, գոնե մի վիրահատությունս կարողանամ այդպես անել, մյուսների մասին ինքս կհոգամ»:

Ռ. Ա.-ը հաշվառված է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 15 պոլիկլինիկայում: Վերջինիս տնօրեն Հակոբ Հարությունյանից հետաքրքրվեցինք, արդյոք այդտեղ հաշվառված փախստականի կարգավիճակ ունեցող անձինք տեղեկացվո՞ւմ են այդ հրամանի ու իրենց իրավունքների իրացման մասին, նա պատասխանեց, որ պոլիկլինիկայի պատին փակցված է տվյալ հրամանը, նրանք կարող են կարդալ, իրազեկվել ու իրացնել այդ հրամանով սահմանված իրենց իրավունքը:

Սոնա ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031