Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Այն նույն դատախազը, որը փորձում էր ապացուցել, որ տվյալ դեպքում հանցակազմ չկա, հիմա պետք է ապահովի քրեական գործի օրինական ընթացքը. Տիգրան Աթանեսյան

Հունվար 13,2020 18:54

2018 թվականի հոկտեմբեր ամսին Մարալիկ քաղաքում Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և Գրիգոր Մինասյանի նկատմամբ տեղի ունեցած խուլիգանական հարձակման փաստի առթիվ անցյալ տարի հոկտեմբերին՝ դեպքից ավելի քան մեկ տարի անց, հարուցվել է քրեական գործ: Հիշեցնեմ, որ սկզբում քրեական գործի հարուցումը մերժվել էր, այնուհետև միայն դատական բողոքարկումներից հետո հնարավոր եղավ այդ քրեական գործի հարուցումը: Նախաքննությունը ընթանում է կրիայի արագությամբ, բավական է միայն նշեմ, որ տուժողները հարցաքննվել են հարուցումից 1.5 ամիս անց:

Բայց հետաքրքիրը և զավեշտալին այլ բանում է՝ քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնում է այն նույն դատախազը, ով սկզբից հաստատել էր հարուցման մերժման օրինականությունը, այնուհետև վերաքննիչ բողոք էր բերել առաջին ատյանի դատարանի՝ տուժողների բողոքը բավարարող դատական ակտի դեմ: Այն նույն դատախազը, ով ջանք չխնայելով դատարանում փորձում էր ապացուցել, որ տվյալ դեպքում հանցակազմ չկա, հիմա պետք է ամեն ինչ անի, որ ապահովի քրեական գործի օրինական ընթացքը՝ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունը:

Նշեմ, որ դատարանները ամբողջությամբ անհիմն էին գտել դատախազի դիրքորոշումները: Որպես տուժողների ներկայացուցիչ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով առնվազն փոխել հսկող դատախազին կամ գործը քննության համար ուղարկել հանրապետական քննչական մարմին:

Այսօր ստացել եմ գլխավոր դատախազության մերժումը.նրանք համարում են, որ դատախազին փոխելու հիմքեր չկան:

Իրավական նիհիլիզմի դրսևորումները պարզապես ապրում են իրենց ծաղկման շրջանը առնվազն ՀՀ դատախազության որոշ օղակներում:

Էլ չեմ ասում, որ կոնկրետ դատախազը պետք է ինքը հրաժարվեր հսկողություն իրականացնելուց…

 

Փաստաբան Տիգրան Աթանեսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031