Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը կխոսի, երբ Արցախում դատական գործընթացը կավարտվի

Հունվար 14,2020 11:35

«Իգլա»-ի գործ» անվամբ հայտնի դատաքննությունը, որում մեղադրյալի կարգավիճակում է, այդ թվում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, այսօր չշարունակվեց: Դատական նիստը տեղի չունեցավ տեխնիկական խնդրի պատճառով. համակարգիչը «չընթերցեց» գործում որպես իրեղեն ապացույց առկա էլեկտրոնային կրիչները: Դատաքննությունն ապացույցների հետազոտման փուլում է, մասնավորապես՝ Սամվել Բաբայանի գրասենյակում գաղտնալսման միջոցով արված ձայնագրությունները պետք է հրապարակվեն:

Հիշեցնենք, որ 2017թ.-ին առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել «Իգլա» տեսակի զենքը ՀՀ ներկրելու եւ փողերի լվացման դրվագներով ու դատապարտել ընդհանուր վեց տարվա ազատազրկման, իսկ որոշ ժամանակ անց Վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի այդ որոշումը, ուստի գործը քննվում է նորից:

Aravot.am-ի հարցերին պատասխանել Սամվել Բաբայանն այսօր չցանկացավ: Ասաց, որ հիմա չի խոսում, եւ Արցախի դատական գործընթացի ավարտից հետո կխոսի լրագրողների հետ:

Նշենք, որ 2020թ.-ին Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ են սպասվում, իսկ Սամվել Բաբայանն Արցախի վարչական դատարանում վիճարկում է իր՝ ԱՀ քաղաքացիությունից զրկված լինելու որոշման օրինականությունը:

Նախորդ՝ նախնական դատական նիստը հետաձգվել էր, իսկ հաջորդը նախանշված է հունվարի վերջին: Ընտրություններում որպես թեկնածու հանդես գալու համար Բաբայանը դատական կարգով պետք է վերականգնի իր քաղաքացիությունը: Իսկ մինչ այդ Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ Արցախի այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր գործակցության մասին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031