Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Հարություն Հարությունյան. Եթե գրում էինք Տիգրան Սարգսյանի գործունեության մասին, ապա նա անձամբ էր զանգահարում և ոչ թե ասում էր… «168 ժամ»

Հունվար 18,2020 11:21

5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի համոզմամբ՝ կառավարության ղեկավարը չէ, որ պետք է բարձրաձայնի հեռուստաընկերությունների վարկանիշը չափող և գովազդային գումարները բաշխող ընկերությունների՝ իրենց խոսքով՝  մոնոպոլիզացիայի մասին։

«Դրա համար կա հակամենաշնորհային օրենսդրություն, այդ գործով զբաղվող կառույց, ուստի խնդրով հենց այդ կառույցը պետք է զբաղվի, իսկ եթե չի զբաղվել, ապա պետք է հասկանալ՝ ինչու։ Մյուս կողմից՝ հարցին այդ կերպ մոտենալը արդեն սխալ է։ Սա շատ նման է վարչապետի արած այն հայտարարությանը, թե գնում ենք ոսկեզօծ աթոռներով ռեստորաններ, որտեղ զուգարանները լավը չեն, իսկ եթե զուգարանները լավը չեն, պետք է սնանկացնել սեփականատերերին։ Ստացվում է՝ վարչապետին հաճույք է պատճառում մասնավոր սեկտորին սնանկացնելու գործընթացը, իսկ այս մոտեցումը միանշանակ սխալ է»,- ասաց  Հարությունյանը։

Նա նաև նշեց՝ քանի որ մեր կառավարությունն անում է պոպուլիստական հայտարարություններ, ուստի վարչապետի երեկվա հայտարարությունը կարելի է դասել նրա կողմից արված հենց այդպիսի մյուս հայտարարությունների շարքին։

5-րդ ալիքի գործադիր տնօրենը վստահ է՝ վարչապետի խոսքը, թե երկու հեռուստաընկերություն կա, որոնց լոգոյի փոխարեն՝ պետք է գրել՝ կոռուպցիա, դա իրենց  չի վերաբերում։

«Հստակ կարող եմ ասել, որ մենք չենք։ Եթե մենք նույնիսկ իր մտքում կանք, միևնույն է՝ մենք չենք։ Մյուս կողմից՝ վարչապետն իրավունք չունի նման բան ասել, եթե կառավարության նիստի ժամանակ նման բան է ասում, ապա պետք է անի հասցեական»,- ասաց  Հարություն Հարությունյանը՝ հիշեցնելով Փաշինյանի՝ ավելի վաղ արված մեղադրական հայտարարություններից մեկն այն մասին, թե  կա հեռուստաընկերություն, որը հակապետական գործունեություն է իրականացնում, բայց ասելուց ամիսներ անց էլ անուն չի տալիս և չի հստակեցնում՝ ո՞րն է այդ հեռուստաընկերությունը։

Հարությունյանի փոխանցմամբ՝ այսօր իրենց հեռուստաընկերությունը հայտնվել է ոչ մրցակցային իրավիճակում, և իրենց այդ իրավիճակում դրել է հենց նույն վարչապետը։

«Ապօրինի ձերբակալելով մեր սեփականատիրոջը՝ մեզ զրկել են նյութական ներարկումների հնարավորությունից, իսկ Հայաստանում հնարավոր չէ առանց ներարկումների մրցունակ դառնալ։ Այո՛, և բարոյապես,  և՛ ֆինանսապես 5-րդ ալիքը ճնշված է։ Եթե մարդու տանից և գրասենյակից ապօրինաբար գումար են տանում, ինչպե՞ս կարելի է կատարվածը մեկնաբանել»,- ասաց  Հարություն Հարությունյանը։

ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների մասին խոսելիս էլ 5-րդ ալիքի գործադիր տնօրենը հիշեց հանրապետականների այն ժամանակաշրջանը, երբ ինքը աշխատում էր ընդդիմադիր թերթի խմբագիր։ Հարությունյանի փոխանցմամբ՝ լրատվամիջոցների նկատմամբ երբեք չի եղել նման վերաբերմունք։

«Հանրապետականների ժամանակ ես և աշխատել եմ պետական հիմնարկում, և եղել եմ թերթի խմբագիր, նման բան չի եղել։ Հիշում եմ, թե ինչպիսի հոդվածներ էինք գրում հանրապետականների մասին։ Օրինակ, եթե գրում էինք Տիգրան Սարգսյանի գործունեության մասին, ապա նա անձամբ էր զանգահարում և ոչ թե ասում էր՝ ինչո՞ւ ես էսպիսի բան գրել, այլ սկսում էր արդարանալ, կամ ասել՝ սա կամ նա էսպես չէ։  Այսպիսի ճնշումներ չեն եղել երբեք, սրանք աննախադեպ են, որը, իհարկե, որևէ տեղ չի տանելու»,- ասաց Հարություն Հարությունյանը։

Աղավնի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031