Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյանն ԱԺ-ից դուրս եկավ բարկացած. ուզում են հարկային տեղեկատվությանը «դոստուպ» ունենալ, ՊԵԿ նախագահն ասաց. «Դա բացառվո՛ւմ է»

Փետրվար 04,2020 13:22

«Չեմ կարծում, որ սա այն հարթակն է, որտեղ պետք է ֆինանսաբյուջետային գրասենյակի ղեկավարը կառավարության ներկայացուցչին ասի՝ եկեք այդ հարցը ոսկե միջինով մենք լուծենք»

Այսօր բավականին թեժ մթնոլորտում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց 2019-ի պետբյուջեի առաջին 9 ամիսների հաշվետվությունը:

«Իմ քայլի» պատգամավորները, ինչպես նաեւ հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը հորդորեցին բաց ու թափանցիկ դարձնել հարկային տեղեկատվությունը՝ բացառությամբ այն տեղեկատվության, որը զգայուն է:

Արտակ Մանուկյանն ասաց. «Ակնհայտ է, որ հարկային գաղտնիք գոյություն ունի բոլոր տեղերում՝ ԱՄՆ-ից մինչեւ Էստոնիա, բայց ո՞ր մասն է դրա, որ կարելի է հանրության առաջ բացել, կարծում եմ, օրենքը այդ խնդիրը լուծել է: Եթե ես կարողանում եմ 1000 դրամների փոխանցումների միջոցով տեսնել, թե տնտեսվարողն ինչքան աշխատող ունի, գտնում ենք, որ դիրքորոշումը արդեն պարզ պետք է լինի»:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ, խոսելով հարկային գաղտնիքի մասին, ասաց, որ հունվարին պետք է ունենային հանքերի իրական սեփականատերերի տվյալները. «Պարոն Անանյան, էլեկտրոնային ծառայությունների բաժնում հարկ վճարողների փնտրման համակարգում կարելի է տեխնիկական լուծումներով այդ ինֆորմացիան ապահովել: Օրենքն ընդունվել է, որ մենք կարող ենք որոշակի տեղեկատվություն ստանալ, բայց օրենքը չի աշխատում: Մենք պետք է իմանանք այն կազմակերպությունների ցանկը, որոնք պարտավոր են հաշվետվությունները հրապարակել: Եթե ես դիմեմ իքս կազմակերպությանը, կարող է ինձ խաբի, ասի՝ ես այդ չափանիշներին չեմ համապատասխանում, ո՞նց եմ ստուգելու դա: Մեզ պատասխանում են՝ սա հարկային գաղտնիք է: Մենք, քավ լիցի, չենք ցանկանում հարկային գաղտնիքը խախտել, խիստ անհրաժեշտություն է, երբ մեզ պետք է ինֆորմացիա ստանալ ոչ թե շուկայի մասին, այլ՝ շուկայում գործող կազմակերպությունների, նրանց շահաբաժինների մասին, աշխատողների թվի, մեզ պետք չի իմանալ՝ այս հումքը որտեղից են ներկրում ու ինչ գնով: Ընդհանուր տվյալներ են պետք: Մեկ-մեկ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք մոռանում ենք, որ մենք խորհրդարանական երկիր ենք ու պետք է պատգամավորներին տալ տեղեկություն: Ուզում ենք, չէ՞, բյուջետային գրասենյակը հզորանա, բերեք առանձին մի հատ համակարգիչ՝ մուտքի իրավունքով, դրեք բյուջետային գրասենյակում: Կարեւորը ցանկություն լինի, վերահսկողության ձեւը կգտնենք: Պատգամավորները պակաս պատասխանատու չեն, քան ցանկացած այլ ոլորտի աշխատողները»:

ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանն ասաց, որ ՊԵԿ-ը շատ լավ տեղեկատվական բազա ունի, որը հաշվետվողական տեղեկատվություն է տրամադրում. «Միգուցե մեզ տրամադրեք հնարավոր տարբերակները, որը կարող եք, պատգամավորների կողմից այն ցանկալին, որը անհրաժեշտ է գործունեության համար, ոսկե միջինը գտնվի, որ կարողանանք աշխատանք կատարել, խորհրդարանին տրամադրել վերլուծականներ»:

Սա լսելուն պես՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը արձագանքեց կոշտ ու բարկացած. «Անընդհատ հարկային գաղտնիքին ենք վերադառնում: Պարոն Բարսեղյանն ասում է՝ ոսկե միջինը եկեք վերցնենք, ինչի՞ մասին ենք քննարկում, ի՞նչ ոսկե միջինի մասին կարող է խոսք լինել, եթե, օրինակ, ՊԵԿ-ի քաղծառայողները չունեն հասանելիություն այդ համակարգին ու դա ինքնանպատակ չի: Ինչի՞ պետք է ԱԺ-ի քաղծառայողներն այդ համակարգին հասանելիություն ունենան: Կամ եթե քննարկում ենք, կառավարության ներկայացուցիչներն եկել են ու պատգամավորները հարցեր են ուղղում մեզ, արդյոք պարոն Բարսեղյանը պետք է նույն տոնայնությամբ ասի, որ եկեք ոսկե միջինը վերցնենք: Միգուցե աշխատանքային կարգով պետք է այդ հարցերը կարգավորե՞նք: Չեմ կարծում, որ սա այն հարթակն է, որտեղ պետք է ֆինանսաբյուջետային գրասենյակի ղեկավարը կառավարության ներկայացուցչին ասի, որ եկեք այդ հարցը ոսկե միջինով մենք լուծենք: Որպես կառավարության ներկայացուցիչ՝ ես կասեմ եկեք քննարկենք, իսկ որպես մասնագետ կասեմ, որ չի կարող նման բան լինել: Հարկային ծառայող չհանդիսացողը չի կարող այդ տեղեկատվությանը «դոստուպ» ունենալ: Ես ավելի հակված եմ Արտակ Մանուկյանի ասածին, որ եկեք զգայուն տեղեկատվությունը առանձնացնենք, իրար հետ աշխատենք ու այն տեղեկատվությունը, որը կհամարենք, որ պակաս զգայուն է, կարող է հասանելի լինել, եկեք հրապարակենք բոլորի համար, եկեք այս ճանապարհով գնանք: Բայց որ համակարգը հասանելի դարձնենք՝ դա բացառվում է: Չի՛ կարող նման բան լինել: Օրինակ, կառավարության ներսում տարբեր գործառույթներ իրականացնող մարմիններ կան, ՏՄՊՊՀ-ն չունի հասանելիություն այդ համակարգին, պակա՞ս է իր գործառույթները առնչվում դրան, բայց չունի՛: Կամ, օրինակ, Հաշվեքննիչ պալատը չունի: Այս հակակշիռները պատահական չեն: Մենք էլի կարող ենք քննարկել այդ հարցերը, բայց որ ասում եք՝ եկեք ոսկե միջինով այդ տեղեկատվությանը հասանելիություն տանք, կներեք, մենք պատրաստ չենք քաղծառայողին հասանելիություն տանք հարկային գաղտնիքի, մի քաղծառայող էլ մերոնք են, որ չունեն այդ հասանելիությունը եւ դա ճիշտ է, որ չունեն»:

Թանդիլյանն ասաց, որ Հաշվեքննիչ պալատն էլ է իրենց դիմել՝ հարկային հասանելիության համար, Դավիթ Անանյանն էլ արձագանքեց. «Ախր ցանկը սպառիչ չի, ԱԱԾ, ոստիկանություն…եկեք քննարկենք: Նախադե՞պ ենք ստեղծում…»:

Հարցի քննարկումն ավարտեցին, քանի որ Թանդիլյանն ասաց, որ այս հարցը հետո կշարունակեն քննարկել, Դավիթ Անանյանը բարկացած դուրս եկավ ԱԺ-ից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829