Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վտանգավոր խորհրդավորություն՝ ղարաբաղյան բանակցություններում

Փետրվար 05,2020 12:00

Սկիզբը՝ այստեղ

Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» թեման, ըստ ամենայնի, քննարկվել է Լավրովի՝ դեռ Երեւան եւ Բաքու կատարած այցերի ժամանակ

Այսպես, Մնացականյան-Մամեդյարով ժնեւյան հանդիպումը կայացավ արտգործնախարարների դեկտեմբերյան հանդիպումից երկու ամիս անց: Նախորդ հանդիպումը կայացել էր Բրատիսլավայում: Հիշեցնենք, որ Մամեդյարովը մեկնել էր Մնացականյանի հետ հանդիպման՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից անմիջապես հետո: Հենց այդ փուլում Լավրովը պնդում էր բանակցային գործընթացում «փոքր քայլերի» սկզբունքով առաջնորդվելու կարեւորությունը՝ բացատրելով, որ դա կարող է նվազեցնել լարվածության մակարդակն ու մոտեցնել հակամարտության լուծմանը:

Անցյալ տարի նոյեմբերին իշխանափոխությունից հետո առաջին անգամ Հայաստան ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուշագրավ հայտարարություններ էր արել Երեւանում, մասնավորապես նշելով, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության, որեւէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձեւակերպել, որ Հայաստանը պարզապես այն չի ստորագրի:

Արձագանքելով հարցին, թե Մոսկվան ինչպես է վերաբերվում Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին Երեւանի առաջարկին՝ Սերգեյ Լավրովը հիշեցրել էր, որ Հայաստանի նախկին նախագահներից մեկի ջանքերի շնորհիվ էր, որ Ստեփանակերտը դուրս մնաց բանակցություններից: Շատերի համար պարզ էր, որ խոսքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է. «Բանակցությունների մասնակիցների կազմը պետք է համաձայնեցնեն ու սահմանեն իրենք՝ բանակցությունների կողմերը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ տարվող քննարկումների, հետագայում՝ բանակցությունների վաղ շրջանում, երբ դադարեցվեցին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը համապատասխան պայմանավորվածությունների ու բանակցությունների մասնակից էր, որոնք հաջորդեցին կրակի դադարեցմանը: Ինչ-որ մի փուլում Հայաստանի ղեկավարությունը, նախկին նախագահներից մեկը որոշում կայացրեց, որ Ղարաբաղի շահերը կներկայացնի Երեւանը: Ցանկացած պարագայում մենք, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, առաջ մղելով այս գործընթացը՝ կարող ենք միայն հետամուտ լինել, որ այն ընդհանուր համաձայնության հունով գնա: Բոլորի համար հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, բնակչության համաձայնության, որեւէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձեւակերպել: Հայաստանը պարզապես այն չի ստորագրի: Մենք ելնում ենք սրանից: Խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին՝ ցանկանում եմ նշել այն, ինչ այսօր մեր հանդիպմանը ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց իր հրապարակային հայտարարությունը, թե եզրափակիչ պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ Ադրբեջանի շահերը: Դժվար է վիճել այս մոտեցման հետ»:

Երեւանյան այցից երեք շաբաթ անց Լավրովը Բաքվում էր: Դեկտեմբերի սկզբին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշեց, թե հույսով է, թե՝ «վաղը Բրատիսլավայում ինքը եւ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բանակցային նոր փուլի մեկնարկ կտան»:

Լավրովը դեկտեմբերին Բաքվում Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում գոհունակություն էր հայտնել Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բանակցություններից՝ ասելով. «Իմ երեկվա եւ այսօրվա շփումները թույլ են տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչպես փորձել առաջ շարժվել: Հուսով եմ՝ արդյունք կլինի»:

Ռուսաստանի ԱԳ նախարարը նաեւ նշել էր, որ հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխայցերը, ինչպես նաեւ այլ հումանիտար միջոցառումները նաեւ ռուսական նախաձեռնությունն էր, որի մասին ոչ պաշտոնական փաստաթուղթ էր ընդունվել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանը: Բաքվում Լավրովը վերաձեւակերպել է Երեւանում արած իր հայտարարությունը, թե «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության, որեւէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձեւակերպել»: Բաքվում արդեն Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծել էր. «Ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի այս հողում ապրող մարդկանց համար՝ Ադրբեջանում, Ղարաբաղում եւ Հայաստանում ապրող մարդկանց համար»:

Իսկ գալով Ադրբեջանի կողմից հատկապես վերջին շրջանում ակտիվ առաջ մղվող Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական համայնքի հարցին, Սերգեյ Լավրովն ընդգծել էր, թե կարեւոր է, որ միմյանց հետ սկսեն շփվել նաեւ Ղարաբաղում ապրող հայերն ու Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, քանի որ արդյունքում՝ Ղարաբաղի ամբողջ բնակչությունն է որոշելու, թե ինչպես են նրանք ապրելու այսուհետ: Այսինքն, նկատենք, որ Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» թեման արդեն իսկ առարկայական քննարկվել էր դեռ անցյալ տարեվերջին Լավրովի՝ Երեւան եւ Բաքու կատարած այցերի ժամանակ: Սա հայկական կողմի թույլ տված լրջագույն բացթողումն է, եթե Արցախի՝ բանակցություններում որպես լիիրավ, 1994թ. Զինադադարի փաստաթուղթ ստորագրած կողմի վերականգնման հարցը հավասարեցվել, դրվել է «ադրբեջանական» համայնքի հետ նույն նժարին:

Հիմա արդեն կարելի է եզրակացնել, որ Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» թեման սկսեց ավելի բացահայտ քննարկվել այն բանից հետո, երբ հայկական կողմը շարունակ նշում է, որ առանց Արցախի բանակցություններում լիարժեք ներգրավման հնարավոր չէ համաձայնությունների գալ:

Ի դեպ, նաեւ հավելենք, որ Բաքվում վերոնշյալ համատեղ մամուլի ասուլիսում Մամեդյարովը խոսել էր Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման փուլային տարբերակի մասին, մասնավորապես, նշել էր, թե զորքերը պետք է հետ քաշվեն շփման գծից, փախստականները վերադառնան իրենց մշտական բնակավայրեր, սկզբից՝ հինգ շրջաններ, հետո՝ երկու, հետո՝ հենց Ղարաբաղ: Ապա՝ Մամեդյարովը հույս էր հայտնել, որ Բրատիսլավայում կայանալիք հանդիպմանը հայաստանցի պաշտոնակցի հետ կկարողանան բանակցային նոր փուլի մեկնարկ տալ: Նկատենք, որ Սերգեյ Լավրովը որեւէ կերպ չէր արձագանքել Մամեդյարովի «փուլային» կարգավորման մասին հնչեցրած կարծիքին, այսինքն՝ այն հերքելու անհրաժեշտություն չէր առաջացել: Ընդհակառակը, Լավրովն էլ իր հերթին էր հույս հայտնել, որ Բրատիսլավայում հնարավոր կլինի ընդունել ընդհանուր հայտարարություն, որի տակ կստորագրեն հինգ նախարարներ՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի արտգործնախարարները:

Ընդհանուր առմամբ, չունենալով հայկական կողմից վերջին մեկ-մեկուկես տարվա բավական ինտենսիվ բանակցությունների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ, այսպես ասած՝ եղած հրապարակային գնահատականների, ընդունված համատեղ հայտարարությունների հիմքով, կարող ենք եզրակացնել, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն իսկ հասել են մի կետի, որի շուրջ նրանք արդեն իսկ ճշգրտում են կոնկրետ մանրամասներ՝ կարգավորման սկզբունքների վերաբերյալ:

Ընդ որում, հատկանշական է, որ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո միջազգային հանրության կողմից Ադրբեջանին ուղղված պահանջների կատարման մասին, մասնավորապես՝ վստահության ամրապնդման հայտնի միջոցառումների, այլեւս ոչ ոք չի խոսում: Ադրբեջանը, որպես պատերազմ հրահրած պատասխանատու կողմ, կարծես, մոռացվել է, ու այժմ առաջ է մղում Արցախի հետ՝ Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական» համայնքի շփումների թեման:

Ժնեւի բանակցությունների վերաբերյալ, կարելի է ասել, սենսացիոն տեղեկություն հայտնեց 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը: «Ժնեւում բովանդակային բանակցություններ են ընթանում ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր նա՝ հավելելով, որ Ժնեւում ընթանում են բովանդակային բանակցություններ եւ քննարկվում է հարցերի լայն շրջանակ: «Դրանցից առանցքայիններից են Լեռնային Ղարաբաղում հայերի եւ ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը, առաջին հերթին բանակցվում է Շուշիի հարցը, ինչպես նաեւ բովանդակային բանակցությունների ինտենսիֆիկացումը: Հենց այդ համատեքստում է նախօրեին Ժնեւում ընթացող բանակցություններին զուգահեռ՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ հանդիպել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիեւի հետ»,- նշել էր Շահնազարյանը:

Պաշտոնական Երեւանն, իհարկե, արձագանքեց վերոնշյալ տեղեկությանը, նախ այն, չգիտես ինչու, «վերլուծություն» անվանելով: Սակայն ԱԳՆ-ի այդ անդրադարձը հերքում համարելը դժվար է: «Դավիթ Շահնազարյանի կողմից կատարված վերլուծությունները գուցե կարող են գրավիչ լինել ադրբեջանական կողմի կամ դրանք տարածող շրջանակների համար, սակայն դրանց հիմնական թերությունը այն է, որ դրանք որեւէ աղերս չունեն այսօրվա իրականության հետ»,- «Արմենպրես»-ին ասել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Որ Շահնազարյանը տարբեր միջազգային աղբյուրներ ունեցող քաղաքական գործիչ է, դրանում կարելի է չկասկածել: Մնում է հուսալ, որ իրավապահները չեն պահանջի Շահնազարյանից, օրինակ՝ բացահայտել նրա ունեցած աղբյուրները: Իսկ, եթե ավելի լուրջ՝ ԱԳՆ-ի անդրադարձը կարելի էր հերքում համարել, եթե պաշտոնական Երեւանն ուղղակի արձանագրեր հետեւյալը՝ «Լեռնային Ղարաբաղում հայերի եւ ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծման հարց ընդհանրապես, երբեք չի քննարկվել», ինչը չարվեց:

Ժնեւի բանակցությունների հետ պաշտոնական Բաքուն մեծ հույսեր էր կապում՝ այս ընթացքում բանակցությունների ընթացքից դժգոհելով ու որեւէ առիթ բաց չթողնելով Հայաստանի իշխանություններին քննադատել՝ բանակցություններում «առաջընթացի բացակայությունը»՝ հայկական կողմի վրա բարդելով: Հաշվի առնելով ադրբեջանական կողմի լռությունն ու կասկածելի զսպվածությունը Ժնեւի բանակցություններից հետո, կարելի է ենթադրել, որ Բաքուն այնքան էլ դժգոհ չի Մնացականյանի հետ կայացած ինտենսիվ եւ երկարատեւ բանակցություններից:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 05.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829