Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Երեք օր, շուրջ 12 ժամ. Ինչ է Հայաստանը քննարկում Արցախի ապագայի հարցով

Փետրվար 04,2020 15:05

Պաշտոնական Բաքուն բանակցային գործընթացում Արցախի վերականգնմանը պատասխանում է՝ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» դերն առաջ մղելով

Հունվարի 28-30-ը՝ Ժնեւում ղարաբաղյան հակամարտության կարգավորման եռօրյա բանակցություններն անցկացվեցին: Դրանք, ընդհանուր առմամբ, տեւել են 11-12 ժամ: Միայն այն փաստը, որ բանակցություններն այդքան երկարատեւ էին, կարելի է եզրակացնել, որ դրանք վերջին ժամանակներում անցկացված ամենաառարկայական բանակցություններն էին:

Նախ՝ կայացել էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առանձին հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Ու մինչ կհանդիպեին Մնացականյանն ու Մամեդյարովը՝ ուշագրավ տեղեկություններ հրապարակվեցին կարգավորման գործընթացի շուրջ:

Հունվարի 29-ին տեղեկություն ստացվեց, որ այն մասին, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ Բաքվում հանդիպել է՝ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գյանջալիեւի հետ: Վերջինս դեսպանին է փոխանցել՝ «ադրբեջանական համայնքի հիմնական ցանկություններն ու պահանջները՝ մասնավորապես, իրենց տարածքները վերադառնալու, խախտված իրավունքները, այդ թվում գույքային, վերականգնելու» վերաբերյալ: Դեսպան Լիտցենբերգն ասել է, որ ուշիուշով հետեւում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի գործունեությանը:

Մնացականյան-Մամեդյարով հանդիպման բանակցությունների մեկնարկի պահին այս հանդիպումը ինքնին խոսուն ապացույց է, թե ինչ կարեւորություն է տրվում այս փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի պետության՝ ԱՄՆ-ի կողմից «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքին»: Բաքուն, փաստորեն, հասել է իր նպատակին՝ հայկական կողմից վերջերս հաճախ հնչող Արցախի՝ բանակցային գործընթացում որպես բանակցող կողմի վերականգնման մասին հայտարարությունների ֆոնին՝ բարձրացնում է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» դերը:

Այնուհետեւ ԵԱՀԿ Մինսկի խմբում մյուս համանախագահող պետության՝ Ֆրանսիայի նախագահն անդրադարձավ ԼՂ հակամարտությանը: Էմանուել Մակրոնը հունվարի 29-ին զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել էին երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներ, ինչպես նաեւ՝ հայ-ադրբեջանական հակամարտության թեման: Ալիեւը Ֆրանսիայի նախագահին է ներկայացրել հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը: Նրանք նաեւ կարծիքներ էին փոխանակել տարածքային անվտանգության հարցերի շուրջ:

Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների շարունակման գլխավոր երաշխավորներից է, ասել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ընթացքում: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ֆրանսիան իր դերակատարությունն է բերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում եւ խաղաղ բանակցությունների շարունակման գլխավոր երաշխավորներից է»,- նշել էր Մակրոնը: Նա հայտնել էր, որ շփումների մեջ է եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, եւ շեշտել էր՝ լարվածության թուլացման կարեւոր քայլերից է ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ օպերատիվ կապի ապահովումը. «Ֆրանսիան ուղղակի պարտավոր է լինել Հայաստանի կողքին՝ հաշվի առնելով հազարամյա ազգի շատ երիտասարդ պետության ուժերով ստեղծված ժողովրդավարությունն ու այն հաջողությունները, որ հիմա գրանցվում են շնորհիվ վերջին հեղափոխության»: Ֆրանսիայի նախագահն, այնուհետեւ, հույս էր հայտնել, որ փետրվարին Ադրբեջանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր կլինի որոշակի առաջընթացի հասնել:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը Ժնեւում, ինչպես նշեցինք, երկու օր շարունակվեց: Դրան միջնորդ պետություններն իրենց վերոնշյալ քայլերով վճռորոշ նշանակություն տվեցին՝ ցույց տալով, թե որքան կարեւոր է Մնացականյան-Մամեդյարով Ժնեւի հանդիպումը:

«Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների եւ քննարկված առաջարկների իրականացումը եւ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները եւ տարրերը։ Քննարկվել են նաեւ կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը եւ օրակարգը: Նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը: ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո», ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում:

Համանախագահները վերահաստատել են հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու եւ կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը, նրանք շեշտել են արդար եւ տեւական խաղաղության ձեռքբերման համար ստեղծագործ մոտեցման եւ փոխզիջման ոգու անհրաժեշտությունը, ասվում էր միջնորդների տարածած համատեղ հայտարարության մեջ:

Գրեթե ողջ 2019թ. ընթացքում հայկական կողմը հայտարարում էր, որ դեռեւս կոնկրետ բանակցություններ չեն ընթանում, կոնկրետ փաստաթուղթ չի քննարկվում, ադրբեջանական կողմի հետ կոնսուլտացիաներ, շփումներ են ընդամենն անցկացվում:

Եվ ահա, Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների արդյունքում տարածած մամլո հաղորդագրությունում հիշատակվում են՝ «2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները»: Ընդ որում՝ միջնորդները կողմերից պահանջում են հարգել բանակցությունների գաղտնիության սկզբունքը: Ըստ երեւույթին անցյալ դեկտեմբերին Ադրբեջանի ԱԳ նախարարի ծավալուն հարցազրույցների որոշ բացահայտումներ, նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Կապանում տեղի ունեցած մամլո ասուլիսում որոշ հայտարարություններ՝ Փաշինյանի բնորոշմամբ՝ «Սերժ Սարգսյանի իշխանության օրոք բանակցված» կարգավորման տարբերակի շուրջ, միջնորդները համարում են անթույլատրելի, քանի դեռ կողմերը համաձայնության չեն եկել:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ Ժնեւում տեղի ունեցած բանակցություններն ամենաինտենսիվն էին վերջին տարիներին, ռուսաստանյան «ՌԻԱ» գործակալությանը հայտնել էր Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաեւան: «Կողմերը քննարկել են համանախագահների ներկայացրած օրակարգը: Այդ կապակցությամբ քննարկվել են 2019թ. առաջ քաշված առաջարկները, մասնավորապես, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու, հումանիտար փոխանակության վերաբերյալ, կարգավորման հիմքում ընկած սկզբունքներն ու տարրերը, Հելսինկյան եզրափակիչ ակտի կետերն ու սկզբունքները, ի վերջո, բանակցային գործընթացի ինտենսիվացումը: Նախարարները պայմանավորվել են առաջիկայում կրկին հանդիպել»,- ասել է Աբդուլլաեւան:

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն էլ գործակալության հետ զրույցում նշել էր, որ «ինտենսիվ քննարկումների» ընթացքում բարձրաձայնել է հարցերի լայն շրջանակ՝ կապված Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, 2019թ. ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հետ: «Քննարկվել է նաեւ կարգավորման գործընթացի առաջմղման ժամանակացույցը եւ օրակարգը: Մնացականյանն ընդգծել է Արցախի ժողովրդի ընտրված ներկայացուցիչների խաղաղության գործընթացում ներգրավելու անհրաժեշտությունը»,- ասել էր Աննա Նաղդալյանը:

Մնացականյան-Մամեդյարով ժնեւյան հանդիպումից հետո ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել էր «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հարցին, թե՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ մեկնաբանության մեջ նշել եք, որ նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը: Լրագրողը հարցրել էր՝ ի՞նչ է նշանակում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ սահմանումը: «Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ արտահայտությունը միջազգայնորեն ընդունված տերմինոլոգիա է դեռեւս 1992 թվականից: Այդ անվամբ Արցախի իշխանությունները մասնակցել են խաղաղ գործընթացին սկսած 1992 թվականից: Այդ սահմանմանն ընդդիմանում են Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետեւողականորեն հանդես են գալիս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սահմանափակման դիրքերից եւ Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների՝ իշխանությունների մասնակցության դեմ»:

Նկատենք, որ հակամարտության խաղաղ կարգավորման՝ 2019թ. ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին խոսել է նաեւ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը: Մնում է հասկանալ, թե այդ պայմանավորվածությունները որո՞նք են. հումանիտար շփումների թեմայով կողմերի պատրաստակամությո՞ւնը, թե՞ կոնկրետ կարգավորման տարբերակի սկզբունքների, դրույթների վերաբերյալ պայմանավորվածություններ:

Հունվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում մամլո ասուլիսում հայտարարեց, որ մինչեւ հեղափոխությունը բանակցություններ ընթացել են տարածքներ վերադարձնելու շուրջ: Փաշինյանը, հիշեցնենք, հոդված էր մեջբերել, որում նշել էր այն ժառանգությունը, որը ստացել է Սերժ Սարգսյանից: Նա նշել էր, թե մինչեւ հեղափոխությունը բանակցություններ ընթացել են տարածքներ վերադարձնելու շուրջ, եւ հարց էր ուղղել Արցախի նախագահի թեկնածուներին` համաձա՞յն են այդ տարբերակին. «Առաջարկում եմ եւ պնդում եմ, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները ասեն՝ սա իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ընդունելի չէ։ Սա կարեւոր, չափազանց կարեւոր շեշտադրում ա, որպեսզի շահարկումները վերանան։ Որովհետեւ, երբ որ ես դարձել եմ վարչապետ, առաջարկ է եղել, որ ես նույն կետից շարունակեմ բանակցային պրոցեսը, ինչ կետում ընդհատվել է Սերժ Սարգսյանի հեռանալով»։

Տպավորություն է ստեղծվում, որ, թեեւ Փաշինյանը մինչ այժմ կարգավորման գործընթացում իր ունեցած «կետի» մասին էր հայտարարում, սակայն հիմա պաշտոնական Երեւանը ոչ միայն արձանագրում է դեռեւս գոյություն ունեցող՝ Սերժ Սարգսյանի «թողած ժառանգությունը», այլեւ Ստեփանակերտից էլ՝ դրանք մերժելու «մանդատ» ստանալու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում:

Ժամանակն է, ուրեմն, որ պաշտոնական Երեւանը հստակ հասարակությանը պարզաբանի նախ՝ համանախագահները «2019թ. ձեռքբերված համաձայնությունների» մասին նշելով, ի՞նչ նկատի ունեն: Հաջորդը՝ Սերժ Սարգսյանի «թողած ժառանգությունից» ի՞նչ է մնացել, ի՞նչ է մերժվել:

Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, մասնավորապես՝ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանից գոնե հրապարակային ակնկալվող մի շարք պահանջներ, նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ուղղակի չեն հիշատակվում:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829