Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հրանտ Թոխատյան. «Անընդհատ վարձով ապրելը դժվար է»

Փետրվար 14,2020 14:32

ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը նշեց, որ տարիներ շարունակ խոսվել է Կանազի մշակույթի տան մասին, որտեղ պետք է նոր թատրոն ու թատերական դպրոց հիմնադրվի: Նրա խոսքով, իրենք պետք է շարունակեն «Մեա կուլպայի» տիպի ներկայացումները, իսկ այդ ոճի համար բոլորովին այլ դերասաններ եւ մոտեցումներ են անհրաժեշտ:

«Անունը դրեցին կոմերցիոն թատրոն, բայց ես այդ տերմինի հետ համաձայն չեմ, որովհետեւ մինչ օրս ոչ մեկ չի կարողացել ինձ բացատրի, թե ինչ է նշանակում կոմերցիոն թատրոն: Թատրոնը թատրոն է… Մենք որոշեցինք ունենալ մեր բեմը, քանի որ անընդհատ վարձով ապրելը դժվար է»,- ասաց դերասանը: Հավելեց, որ վարձով տարածքի դեպքում իրենց ներկայացումների տոմսերի արժեքը բարձրանում է:

Հրանտ Թոխատյանը հիշեցրեց, որ ծրագիր էին ներկայացրել, որի արժեքը 1 միլիոն դոլար էր կազմում, սակայն, երբ սկսեցին Կանազի մշակույթի տան շենքով զբաղվել, ներդրումային ծրագրի արժեքը աճեց մինչեւ 3,5 միլիոն դոլարին համարժեք դրամ, քանի որ շենքն անմխիթար վիճակում էր: Շեշտեց, որ տանիքը կիսաքանդ է եւ մինչ այժմ 35 «Կամազ» աղբ են հանել տարածքից:

Նա նշեց, որ ունեն հավատացողներ, որոնք պատրաստ են գումար ներդնել մշակույթի եւ կրթության մեջ եւ կանգնել իրենց կողքին: «Շինարարները խոստացել են, որ մեկուկես տարի հետո կունենանք 2 նոր բեմ ու մեր դպրոցը: Ընդ որում, դպրոցը կգործի այս տարվա սեպտեմբերից»,-ասաց  Թոխատյանը: Հայտնեց, որ պայմանավորվածություններ ունեն ֆրանսիական կողմի հետ` ի դեմս Սերժ Ավեդիքյանի, որը կմասնակցի դպրոցի աշխատանքներին, Ֆրանսիայից մասնագետների կբերի, պայմանավորվածություններ ունեն նաեւ ՌԴ բուհերի հետ:

Հրանտ Թոխատյանը նշեց, որ պրոդյուսերական կազմը ղեկավարում է Արմեն Համբարձումյանը, դասախոսական կազմը դեր հավաքված չէ: Հավելեց, որ 21-րդ դարի բեմ են ուզում ունենալ` լուսային, ձայնային եւ շարժական հնարավորություններով, ինչը թանկ հաճույք է: Տեղեկացրեց, որ առաջիկայում սպասվում է միանգամից երեք ներկայացում, մեկը` մանկական, մյուսում էլ ինքը բեմ կբարձրանա դստեր` Լիլիթի հետ:

«Պետական գումարներ չեն լինելու, չենք էլ ակնկալում, շատ ուրիշ տեղեր կան, որտեղ պետությունը կարող է ծախսել: Շենքը տրամադրել են, արդեն շնորհակալ ենք»,-ասաց դերասանը` պատասխանելով լրագրողի հարցին: «30 տարուց ավելի  Հայաստանի Հանրապետությունում նոր թատրոն չի կառուցվել ու չի ծնվել, այսօր մանկական թատրոն չունենք, իսկ այն ինչ ունենք, չի համապատասխանում կոչմանը»,-ասաց նա ասուլիսի ավարտին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829