Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես խուսափել ֆեյսբուքյան «տոքսիկից». «30+»

Փետրվար 16,2020 22:00

Ցանկացած մարդ, որը որեւէ առնչություն ունի ժամանակակից հայկական մեդիայի հետ՝ ինչպես սոցիալական, այնպես էլ՝ ավանդական, հանդիպում է բոլոր նորմալ մարդկանց համար հիմնական գլխացավանքի եւ մարտահրավերի՝ կիբերխունվեյբինների հետ: Խունվեյբինը, ինչը չինարենից թարգամանած նշանակում է «կարմիր պահապան», Մշակութային Հեղափոխության հիմնական դեմքն էր. դա Չինաստանի պատմության մեջ մի այլանդակ ժամանակաշրջան էր՝ կոմունիստական իշխանության հաստատումից անմիջապես հետո: Խունվեյբինը դարձավ հասարակ անուն այն մարդկանց համար, որոնք գործնականում կիրառում են քաղաքական գռեհկաբանությունը, իսկ «կիբեր» նախածանցը որոշակիացնում է նրանց տեղաբաշխումն այսօրվա իրողություններում:

Հայկական համացանցում կիբերխունվեյբինները (անկախ իրենց իշխանամետ կամ ընդդիմադիր լինելուց) եղել են միշտ, բայց այդ երեւույթի առաջին բացահայտ բռնկումը տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումից հետո, երբ ֆեյսբուքյան օգտատերերի ամբոխները դեգերում էին տարբեր մարդկանց «ստատուսների» մեջ եւ հայհոյում ընդդիմախոսներին:
Այստեղ տեղին է հիշել Վասիլի Շուկշինի հրաշալի պատմվածքը՝ «Շշպռեց», որում գյուղական մտավորականը գիտությունների թեկնածուի «պորտը տեղն է դնում»: Բայց խնդիրն, ինձ թվում է, ավելի խորն է եւ ավելի սուր:
Այդ խնդիրը նոր չէ, եւ անգլերենում գոյություն ունի նման վարքը բնութագրող ոչ ֆորմալ եզրույթ՝ toxic: Բացի հիմնական նշանակությունից՝ թունավոր, գոյություն ունի դրա նաեւ ոչ ֆորմալ, սլենգային իմաստը՝ ծայրահեղ տհաճ, անընդունելի, ցավ եւ հոգեկան տառապանքներ պատճառող:

Սոցիալական ցանցերը պարարտ հող դարձան դիտավորյալ եւ գիտակացված տոքսիկ վարքի համար: Դա սպասելի էր՝ իրական կամ թվացյալ անանուն լինելը նպաստում է ստորին բնազդների արտահայտմանը: Խնդիրը առաջանում է այն ժամանակ, երբ ստորին բնազդների հայտնվելը դառնում է մոդայիկ միտում եւ չի կանխարգելվում:
Մարդկության պատմությունը ապացուցել է, որ գռեհկաբանությունը եւ տոքսիկ վարքը անհնար է ամբողջովին արմատախիլ անել: Բայց որպեսզի հասկանանք, թե ինչպես պայքարել կիբերխունվեյբինների դեմ, անհրաժեշտ է նախ հասկանալ, թե ինչ է նրանց պետք:

Իսկ նրանց պետք է հանրայնացում եւ նախրային աջակցության զգացողություն: Գռեհկաբանությունն անհետաքրքիր է, երբ այն հանրային չէ: Հայհոյախոսը (կարեւոր չէ՝ նա դրա համար աշխատավարձ է ստանում, թե սրտի թելադրանքով է հայհոյում) այսօրվա սոցցանցերի բոլոր գործիքների՝ հրապարակայնության, «լայքերի» եւ «շեյրերի» կենսական կարիքն ունի: Եվ եթե մենք նրանց զրկենք փառասիրական, գրեթե սեռական հաճույք ստանալու այդ միջոցից, մենք հասարակության այդ հատվածին կզրկենք գոյության իմաստից:

Իսկական ժամանակն է հարցնելու՝ «ինչպե՞ս»: Փորձեմ պատասխանել: Լրատվամիջոցի դեպքում՝ տոքսիկ մեկնաբանությունների հեռացմամբ եւ զտմամբ: Մեր՝ սովորական մահկանացուներիս պարագայում՝ արհամարհանքով եւ արգելափակումներով: Քաղաքական գործիչների ու հանրային դեմքերի դեպքում՝ սոցցանցերում տոքսիկ բառապաշարի զտմամբ եւ բացառելով նույն բառապաշարը սեփական տեքստերում (ինչն ամենաբարդն է):
Եվ եթե լրատվամիջոցների դեպքում ես տեսնում եմ որոշակի առաջընթաց, ապա քաղաքական գործիչների հետ առանձնապես հույսեր չեմ կապում՝ նրանք հաճույք են ստանում տոքսիկ բառապաշարից այնպես, ինչպես առաջին դասարանցին, որն իր համար բացահայտել է երեքտառանոց հայտնի բառը: Իսկ դա նշանակում է, որ մենք դեռ երկար ենք հանդիպելու տոքսիկ մեկնաբանությունների եւ լսելու տոքսիկ տեքստեր, այդ թվում՝ խորհրդարանում եւ երկրի առաջին դեմքերի կատարմամբ:

Ինչ արած՝ ժամանակները չեն ընտրում:

Ս. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829