Լրահոս
Օրվա լրահոսը

Համարձակ նորություն Գյումրու թատրոնում․ կճշտեն, թե տվյալ դերասանն ունի՞ իր հանդիսատեսը

Մարտ 10,2020 23:45

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյանի փոքր բեմում մարտի 5-ից սկսած՝ ներկայացվում է «Հասմիկ» մոնոներկայացումը։ Այն հերոսուհու մանկության հուշերն են, հույզերը, ծանր ապրումներն իր «անսիրտ ու չոր» թվացող հոր մասին, որի «յուրահատուկ սիրո խորությունը» սկսում է հասկանալ ավելի ուշ՝ իր մեջ հոգեբանական բարդույթը հաղթահարելուց հետո։

Մոնոներկայացումը բեմադրվել է Աստղիկ Սիմոնյանի «Ճշմարտության հովտում» պիեսի հիման վրա, երաժշտությունը՝ Ռոբերտ Ամիրխանյանին է, նրա «Անանձնություն» ստեղծագործությունն է։

Մոնոներկայացման ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանն ասում է, որ տևական ժամանակահատված Գյումրու դրամատիկականում մոնոներկայացում չի խաղացվել։

«Ըստ իս, մեր բոլոր խնդիրները գալիս են մանկությունից, մեր հերոսուհու խնդիրն էլ գալիս է մանկությունից, նա փորձում է հաղթահարել։ Նա խնդիրը ոչ թե փնտրում է իրեն շրջապատող մարդկանց, այլ իր մեջ։ Ի վերջո, մեզ հուզող հարցերի պատասխանը պետք է գտնենք մեր մեջ, ոչ թե շրջապատող աշխարհի, սա է հիմքում մոնոներկայացման։ Եթե կան նմանատիպ դեպքեր, նմանատիպ խնդիրներ, կարողանան գտնել խնդիրն իրենց մեջ և տան լուծում, սա՛ է մեր ասելիքը հանդիսատեսին»,-ասում է ռեժիսորը։

Վերջինս տեղեկացրեց, որ հյուրախաղերով հանդես կգան մյուս թատրոններում, ապրիլի 29-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում էլ կմասնակցեն «Արմմոնո» փառատոնին։ Հայտն արդեն տրված է, այն ընդունել են։

Մեր հարցին՝ ինչո՞ւ է մոնոներկայացումը կոչվում «Հասմիկ», ռեժիսորն ասաց․ «Թատրոնն ունի միտք, որ Մհեր Մկրտչյան փոքր բեմում լինելու են փոքր ներկայացումների շարք, և տվյալ ներկայացումները լինելու են տվյալ դերակատարի անվամբ։ Սա ձևաչափ է, որը մշակվում է, կարելի է ասել՝ սկիզբը դրվեց»։

Դերակատարուհին՝ Հասմիկ Սուվարյանն էլ , մեզ հետ կիսվելով իր զգացողություններով, ասաց․ «Ես այս մոնոներկայացումից հետո ևս մեկ անգամ գնահատեցի իմ բոլոր խաղընկերներին և զգացի իրենց կարիքն ու կարևորությունը իմ կյանքում։ Ինձ համար նախ դժվար էր մենակ լինել փոքր բեմում, որտեղ ամեն ինչ նկատելի է։ Շատ անկեղծ պետք է լինես, բայց, իմ կարծիքով, ոչ մի արժեքավոր բան հեշտությամբ չի ծնվում, պիտի կարողանաս առաջին հերթին դժվարությամբ հաղթահարել քեզ, բարձրացնել այն ծանրաձողը, որը երբեք չես բարձրացրել, որպեսզի կարողանաս աճել։

Բավական երկար ժամանակ է՝ սեպտեմբերից սկսած, աշխատել ենք ներկայացման վրա, ինձ համար շատ կարևոր էր, որ ես կարողանայի էմոցիոնալ առումով պատրաստ լինել։ Փոքր բեմում դու չես կարող խաբել, դու պիտի այդ զգացողություններն ունենաս, եթե սա լիներ իմ պատմությունն իմ մասին, ես չէի կարողանա այդքան լիքը խոսել։

Ես ամբողջ ընթացքում ուսումնասիրել եմ շատ կանանց, շատ դերասանուհիների, նույնիսկ փորձել եմ հետևել մարդկանց՝ հասկանալու, արդյոք տվյալ խնդիրն առկա՞ է կյանքում, թե՞ չէ, բոլորից հավաքելով ինչ-որ մի բան՝ ուզում եմ հետ տալ իրենց, ինչ-որ տեղ նաև իրենց պատմությունն է, բոլորի պատմությունն է, թե չէ միայն իմ զգացողությունները շատ քիչ կլինեին։

Ինձ համար շատ կարևոր է, որ մոնոներկայացման ուղերձը հասնի յուրաքանչյուր հանդիսատեսի, յուրաքանչյուր մարդու։

Թվում է, թե մոնոներկայացումը նեղանձնական, միայն կնոջ մասին է, բայց ես այդպես չեմ կարծում, որովհետև եթե այստեղ ներկայացված են աղջկա և հոր փոխհարաբերությունները, նույնը վերաբերում է տղաների և մոր փոխհարաբերություններին, չստացված փոխհարաբերություններ ծնողների և երեխաների միջև, որը հետագայում ծանր հետք է թողնում ճակատագրերի վրա։ Մենք ունենք բազում օրինակներ, և այսօր, երբ տեսնում ես մեծահասակ մարդիկ ապրում են, բայց իրենք քաշ են տալիս մանկության ծանր հետևանքները, ուզում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով որ կնայի ներկայացումը, ոչ թե ասի՝ ես լավ եմ խաղացել կամ լավ է բեմադրվել, թե՝ չէ, այլ սկսի սեփական կյանքի մասին մտածել, կարողանա խոսել այն մարդկանց հետ, որոնց հետ մինչ այժմ համարձակություն չի ունեցել խոսելու , գոռալ, ճչալ, չվախենալ այն ցավից, որ դու զգում ես խոսակցության ժամանակ։

Միշտ էլ ցավոտ է, բայց եթե չհաղթահարեցիր ցավը, չես կարողանա ունենալ ազատում։ Օրինակ ՝ այս ներկայացումը ինձ համար ասոցացվում է թիթեռի հետ։ Թիթեռը իր հարսնյակը սարքելու համար իր շուրջը փակում է, մարդն էլ է, երբեմն, այդպես ցավից սկսում է ինքն իր շուրջը փակել, շղթայել, ոչ մեկի հետ չխոսել, չշփվել, փակվել։

Մեր հասարակության մեջ շատ են այդպիսի մարդիկ, պետք է կարողանալ սեփական թևերով քանդել քո հյուսածը։ Հետաքրքիրն ի՞նչ է, երբ բնության մեջ ուսումնասիրեցի, թիթեռներին երբ փորձես օգնել բացելու այդ հարսնյակը, ինքը չի կարողանա թռնել, այսինքն` սեփական թևի ուժով պիտի կարողանաս բացել ու թռնել։ Նույնը մարդն է, ամեն մարդ ինքը պետք է հասկանա, որ խնդիրը իր մեջ է, ինքը պիտի լուծի, որ կարողանա ազատ ապրել, կողքից ոչ ոք չի կարողանալու օգնել»։

Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն էլ ասաց, որ մոնոներկայացումները շարունակական բնույթ պիտի կրեն թատրոնում։

«Աստղիկ Սիմոնյանի «Ճշմարտության հովտում» պիեսն է, բայց մենք մտածեցինք, որ պիտի լինի «Հասմիկ», այսինքն` գալիս ենք «Հասմիկ» դերասանուհու մոնոներկայացումը նայելու, գալիս ենք Տիգրան Գաբոյանի մոնոներկայացումը նայելու։ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնը ձեռնարկել է մի սկզբունք, որ առնվազն հինգ մոնոներկայացումներ պետք է լինեն, հանդիսատեսը գալիս է իր դերասանի մոնոներկայացումը նայելու։ Սա նաև մեզ համար է հետաքրքիր, թե արդյոք տվյալ թատրոնի դերասանն ունի՞ իր հանդիսատեսը, արդյոք թատրոնի դերասանը կարո՞ղ է մոնոներկայացում խաղալ, որովհետև այդ ժանրով բարդ է։ Նպատակ ունենք մի քանի փառատոների մասնակցել, գիտեք, որ մոնոփառատոներ կան, հատկապես դրսում՝ Եվրոպայում մոնոփառատոները շատ են»,-ասում է Լյուդվիգ Հարությունյանը։

Նա նաև ասաց, որ մոնոներկայացումները պետք է լինեն հայ հեղինակների աշխատանքներ, որովհետև դրսում մասնակցելով փառատոների ՝ նպատակ ունեն ի ցույց դնել ոչ միայն հայ թատրոնը, այլ նաև հայ դրամատուրգիան, հատկապես ժամանակակից դրամատուրգիան։

Ըստ Լյուդվիգ Հարությունյանի, հաջորդ մոնոներկայացումը հատուկ կգրվի դերասանի համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031